Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարի ուրվագծեր
Մետրոյի վագոնում կողքիս հայտնված սիրունատես մի կին, ճանաչելով ու խոսքի բռնվելով, նկատեց. «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ ընտրելու, ես նրան չեմ սիրում»։ Դուք ամուսին ունե՞ք, հարցրի, Ձեր ամուսնուն սիրեք, տիկին, Քոչարյանին ինչո՞ւ սիրեք։ Մանավանդ չեմ կարծում, թե տիկին Բելան այդ իրավունքը Ձեզ զիջի... Ակնհայտորեն շփոթվեցՙ ի՞նչ եք ուզում ասել։ Ընդամենն այն, պարզաբանեցի ես, որ նախագահին սիրելով չեն ընտրում, գնահատելով են ընտրում, Դուք նախագահ եք ընտրելու. եւ ոչ թե..
Այս պատահական խոսակցությունն առիթ ծառայեց ընթերցողի ուշադրությանը ներկայացվող հոդվածաշարի համար, որում պիտի ջանամ ուրվագծել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարը, նպատակ ունենալով պատասխանել այս օրերի գլխավոր հարցինՙ ինչո՞ւ երկրի կառավարման ղեկը կրկին վստահել Ռոբերտ Քոչարյանին։
Հերքել, որ մեր հասարակության մեջ կա որոշակի մի շերտ, որը Ռոբերտ Քոչարյանին չի սիրում, անհեթեթ է։ Այդ չսիրելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջինն այն է, որ մենք զգացմունքային ժողովուրդ ենք, հակված ենք մեծ մասամբ սրտով դատելու, քանՙ գլխով։ Նույնիսկ չարաչար սխալվելուց, սեփական փորձով համոզվելուց հետո էլ մենք անհրաժեշտ եզրակացություններ չենք արել, որ երկրի նախագահի ընտրությունը քաղաքական, ոչ թե զգացմունքային հարթության խնդիր է։ Չէ՞ որ մեր առաջին ընտրությունը մեծ մասամբ հենց այդ կարգի ընտրություն էր։ Հազարավոր կանայք (նաեւ տղամարդիկ) բառացիորեն սիրահարված էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիանում-հալվում էին նրա ընտիր հայերենի, լեզուների իմացության եւ անգամ... երկար մատների վրա։ Շատ-շատերը, որոնց ժամանակին զգուշացնում էի, թե երկիր կառավարելու համար հռետորական վարպետությունը շատ փոքր նշանակություն ունի, որ լեզուների իմացությունը երկրի ղեկավարին շատ ավելի քիչ է պետք, քան... թարգմանչին, իսկ երկար մատները առավելաբար օգտակար կարող են լինել դաշնակահարին, քան նախագահին, քիչ էր մնում ինձ հոշոտեին։ Այդ թվումՙ իմ ամենամոտ բարեկամներից ոմանք։ Սիրահարված էին, իսկ սիրահարվածությունը կույր զգացմունք է։ Հիմա այդ նույն մարդիկ նույնքան կուրաբար ատում են առաջին նախագահին, եւ քիչ չի պատահում, որ ստիպված եմ լինում ստանձնել... Լեւոն Տեր-Պետրոսյանին հանիրավի մեղադրանքներից պաշտպանողի դերը, քանզի նրան իր իսկական մեղքերն էլ լիուլի բավական են։ Ասել կուզեմ, մենք դեռ չենք թոթափել քաղաքական գործիչներին, առավել եւսՙ երկրի նախագահին սիրել-չսիրելու բարդույթը, չենք հասկացել, որ նախագահը ոչ երգիչ է, ոչ դերասան, ոչ էլ թոփ-մոդել։ Նախագահըՙ նախագահ է, եւ նրա պարագայում գլխավորը քաղաքական որակներն ենՙ պատասխանատվության զգացումը, կամքը, հաստատակամությունը, բախտորոշ վճիռներ ընդունելու քաջությունը, դրանք կենսագործելու վճռականությունը, լայնախոհությունը, հանդուրժողականությունը եւ շատ ու շատ այլ բաներ, որոնցով առատորեն օժտված է Ռոբերտ Քոչարյանը եւ որոնց մասին խոսք կլինի այս հոդվածաշարում։ Սակայն մինչ այդՙ շարունակեմ ներկա նախագահին որոշ խավերի կողմից չսիրելու պատճառների դիտարկումներս։
Երկրորդ պատճառն այս պարագայում սովետական մարդու դեռեւս չհաղթահարված հոգեբանությունն է, ըստ որի մարդն ամենայն բարիք ակնկալում էր միայն եւ միմիայն պետությունից։ Այն հասարակարգը, որի մեջ ապրում էինք, այդպիսին էր։ Նա, մեղմ ասած, չէր խրախուսում անհատական նախաձեռնությունը, մասնավոր ձեռներեցությունը, մարդուն ներշնչում էր, որ պետությունն իր փոխարեն ամեն ինչ կանի, միայն թող ինքը բարեխղճորեն ծառայի պետությանը եւ ուրիշ ոչնչի մասին չմտածի։ Եվ քանի որ պետությունն ու պետության ղեկավարը հասարակական գիտակցության մեջ գրեթե միշտ նույնացվում էին, մարդիկ սովորել էին ամեն լավի համար շնորհակալ լինել ղեկավարին, բնականաբար ամեն վատի համար նրանից դժգոհելով։ Այսօր էլ հոգեբանական այդ վերապրուկը կաշկանդում է ոչ քչերին։ Նախկին իներցիայով նրանք շարունակում են բարիքներ ակնկալել պետությունից (նրա ղեկավարից), չհասկանալով, որ սա ա՛յլ կարգի պետություն է, որ այս պետության հիմնական խնդիրը ոչ թե բարիքներ բաշխելն է, այլՙ այդպիսիք արարելու հավասար հնարավորությունների ապահովումը իր քաղաքացիների համար (իհարկե, մեր այժմյան պետությունն ամենեւին էլ լիակատար չափով չի կատարում իր այդ խնդիրը, բայց դա ժամանակի հարց է. պետության կայացման շրջանի հաղթահարելի դժվարություն)։ Նախաձեռնությունից, ձեռներեցությունից, ինքն իր համար ինչ-որ բան անելու կարողությունից զուրկ այդ շերտը, որ բարեբախտաբար գնալով փոքրանում է, դեռ երկար է սեփական մաղձը թափելու ներկա ու գալիք նախագահների վրա, սեփական ձախորդությունների մեղքը որոնելով նախ եւ առաջ պետության, ոչ թե իր մեջ։
Քոչարյանին չսիրողների հաջորդ շերտը տարիներ շարունակ երկրում անսանձորեն մոլեգնող հակաքոչարյանական թունավոր քարոզչության զոհն է։ Պետական կերակրամանից 1998-ից ի վեր զրկվածների, երկրում իրենց անսանձ կամայականությունը հաստատած նախկինները, քաղաքական անհանդուրժողականությունն իրենց առաջնորդ կարգած, օր ու գիշեր անասնական ատելություն են սերմանում ինքնուրույն դատելու անընտել զանգվածների մեջ, Քոչարյանին ներկայացնում իբրեւ ամենայն չարյաց մարմնացում, նրան վերագրում մեր կյանքի ամեն մի վատ երեւույթ, սկսած «Հոկտեմբերի 27»-ի զարհուրելի ոճրագործությունից, վերջացրած ամենավերջին չինովնիկի շահատակությամբ։ Իրեն ընդդիմադիր կոչող մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների հակաքոչարյանական մաղձը հազարապատիկ ավելի է, քան մեր երկրի բացահայտ թշնամիներիՙ մեզ հետ մինչեւ այժմ էլ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանի ու Հայոց ցեղասպանության ոճիրն ուրացող Թուրքիայի ղեկավարների դեմ նրանց հակադրությունը (եթե այդպիսի հակադրություն ունեն էլ)։ Այս սեւամաղձ քարոզչությունը իր թունավոր պտուղները որոշ չափով տվել է եւ չէր կարող չտալ։ Եվ դրանում, որքան էլ տարօրինակ է, զգալի չափով մեղավոր է նաեւ ինքըՙ Քոչարյանը։ Ինչ որ ճիշտ էՙ ճիշտ է, Քոչարյանը հաճախ բոլորովին անտարբեր է իր հասցեին տարածվող ամեն կարգի զրպարտությունների ու բամբասանքների նկատմամբՙ երբեք հանդես չի եկել դրանց հերքմամբ եւ առնվազն իր համար կռահելի այդ թունավոր «աղբյուրների» մերկացմամբ։ Անուշադիր է նաեւ իր հայերեն խոսքի նկատմամբ, ամբոխահաճ չէ, կեղծել, պահի տակ քաղաքական դիվիդենտներ շահել, էժանագին խոստումներ տալ չի սիրում։ Մի խոսքովՙ չի ձգտում «աչք մտնել», սրտաճմլիկ բառերով թշվառության մեջ ապրողների սիրտը շահել եւ այլն (մի՞թե այդպիսի քաղաքական դերասանների պակաս կա մեզանում եւ մի՞թե մենք ծանոթ չենք այդպիսիների շա՜տ հարուստ «զինանոցին»)։ Քոչարյանն այլ «թթխմորից» է։ Իմ տպավորությամբՙ խորապես հարգում է ժողովրդին եւ համոզված է, որ հակառակ ամեն ինչիՙ հակառակ թունավոր քարոզչության, իր նկատմամբ սերմանվող ատելության, իր անձի շուրջ տարածվող զրպարտությունների ու բամբասանքներիՙ ժողովուրդն, իր մեծամասնության մեջ, իր հավաքական իմաստությամբՙ թացը չորից կջոկի, կգնահատի այլոց առարկայազուրկ խոսքն ու իր միանգամայն իրական գործը։ Որովհետեւ Քոչարյանը գործի մարդ է, խոսքի մարդ չէ։ Անիրականանալի խոստումներ չի տալիս, եւ ինչ խոստանում էՙ կատարում է։ Ո՛չ միայն կատարում, այլեւ հրապարակայնորեն հաշվետվություն է ներկայացնում կատարածի մասին։ Անցյալ տարեվերջինՙ դեկտեմբերի 27-ին, նա Երեւանի քաղաքապետարանում զանգվածային լրատվամիջոցների հոծախումբ ներկայությամբ լսում էր քաղաքապետի հաշվետվությունը մասնավորապես նաեւ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին կատարված աշխատանքների մասին։ Բայց դա նաեւ իր հրապարակային հաշվետվությունն էր, քանզի այդ աշխատանքները սկսվել եւ իրականացվել են անձամբ իր նախաձեռնությամբ եւ իր անմիջական ու ամենօրյա հսկողությամբ։ Ընդամենը ամռանն էր, որ չարակամներից ոչ քչերը նույնիսկ մամուլում էին դժգոհում, թե այս ի՞նչ էՙ քաղաքի փողոցները շինարարական աշխատանքների հետեւանքով դժվարանցանելի են դարձել, փոշու մեջ խեղդվում ենք եւ այլն։ Կարծես դժվար էր հասկանալ, որ այդ աշխատանքները վաղ թե ուշ ավարտվելու են, ժամանակավոր անհարմարությունները վերանալու են (ինչպես որ իրականում վերացան էլ), իսկ ահա բարեկարգումները մնալու են։ Էլ չխոսելով այն մասին, որ «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին ծավալված աշխատանքների մեջ ներգրավվեցին հազարավոր մարդիկ, ինչը, թեկուզեւ փոքր չափով, մեղմեց գործազրկության շատ սուր պրոբլեմը, նպաստեց ոչ քիչ ընտանիքների գոյապահպանման դժվարին խնդրի լուծմանը։
Պետական կառավարման գործում հրապարակային հաշվետվությունների կուլտուրա մտցնելը մեզանում նորություն է, այն էլ հաճելի նորություն։ Ես չեմ հիշում, թե Քոչարյանից առաջ որեւէ մեկը, ոչ միայն նախագահ, այլեւ այլ պաշտոնյա, քիչ թե շատ նշանակալից որեւէ խոստում տված եւ դրանից հետո էլ կատարման մասին հաշվետվություն ներկայացրած լինի։ Հակառակն ինչքան ասես տեսել ենքՙ խոստանալ-չկատարել, խոստանալ-մոռանալ, խոստանալՙ միայն տվյալ պահին մարդկանց աչքին թոզ փչելու, տպավորություն ստեղծելու, էժանագին հեղինակություն ձեռք բերելու կամ ծափեր վաստակելու համարՙ խնդրեմ, ինչքա՜ն ասես։ Փորփրեք ձեր հիշողությունը, մտաբերեք թեկուզ մեր պատգամավորներից շատ-շատերի կանաչ-կարմիր հեքիաթները, եւ կտեսնեք, որ մեզանում խոստացող-ուրացողների պակաս չի զգացվել եւ չի զգացվում։ Այս համապատկերում պետության բարձրագույն պաշտոնատարի դրսեւորած վարքագիծը չի կարող շահեկանորեն չառանձնանալ։ Քոչարյանը ապացուցեց, որ իր աշխատաոճն է դարձրել ոչ միայն հրապարակային խոստումներ տալը կամ հանձնառություններ ստանձնելը, այլեւ այդ հանձնառությունների մասին կետ առ կետ հաշվետվություն ներկայացնելը։ Անշուշտ, հիշում եք 40 հազար աշխատատեղեր ստեղծելու նրա ոչ այնքան վաղ անցյալի խոստումը եւ այդ առթիվ հանրությանը ներկայացրած հաշվետվությունը։ Հիշում եք նաեւ, թե չարակամներն այն ժամանակ ինչպիսի՜ աղմուկ բարձրացրին այդ աշխատատեղերի հարցի շուրջ, ամեն կերպ փորձելով ժողովրդին թերահավատություն ներշնչել, թե ո՞ւր են այդ աշխատատեղերը, նախագահը բլեֆ է անում, եւ այլն, եւ այլն։ Եվ ոչ մեկի մտքով չանցավ, որ գնա, բնագավառ առ բնագավառ ստուգի, թե արդյոք այդքան աշխատատեղեր ստեղծվե՞լ են, թե՞ ոչ։ Մինչդեռ այդ հնարավորությունը կար, չէ՞ որ Քոչարյանը մեկ առ մեկ նշել էր, թե որտեղ ինչքան աշխատատեղ է ստեղծվել։ Այո, ստուգելու հնարավորությունը կար, իսկ ահա ստուգելու ցանկությունըՙ ո՛չ։ Որովհետեւ նույնիսկ ամենաչարախինդ հրապարակումների հեղինակները հրաշալի գիտեին, որ նախագահը չի ստում, նրա բերած թվերը, այո, քիչ էին, կաթիլ էին օվկիանոսում, սակայն ռեա՛լ էին։ Նույնն է նաեւ Լինսի հիմնադրամի պարագայում։ Այն տարբերությամբ, որ այս անգամ ոչ ոք չի կարողանալու ասել, թե Քոչարյանի բերած թվերը ռեալ չեն, որովհետեւ վերջին հաշվով կատարված աշխատանքի արդյունքը բոլորիս աչքի առաջ է։ Սակայն չեմ տարակուսում, որ նույն չարակամները հարկը պահանջածին աղմկելու են, թե Քըրք Քըրքորյանը փող է տվելՙ Քոչարյանն իրեն է վերագրում։ Արդեն իսկ այդպիսի հրապարակումներ եղել են եւ դեռ կլինեն։ Ու դարձյալ ոչ ոք ինքն իրեն հարց չի տալուՙ իսկ ո՞ւմ վերագրել կատարված աշխատանքը, եթե ոչ այդ նույն Քոչարյանին։ Թեկուզեւ միայն այն պատճառով, որ Քըրքորյանը հենց Քոչարյանի օրոք տրամադրեց վերոհիշյալ գումարները եւ հենց Քոչարյանին է խոստացել դրանց իրացումից հետո նոր, ոչ պակաս մեծ գումարներ տրամադրել հայրենիքի վերաշինմանը, մի բան, որ Քոչարյանից առաջ չէր անում, եւ դեռ հարց էՙ Քոչարյանից հետո ուրիշին կվստահի՞, գումարներ կտա՞, թե՞ չի տա։ Երկրորդՙ այդ ինչպե՞ս է, որ երկրում կատարվող ամեն վատ բան կարելի է վերագրել Քոչարյանին, իսկ լավ բաներըՙ ոչ։ Սա տարրական արդարամտության եւ օբյեկտիվության խնդիր է, Քոչարյանին սիրել-չսիրելու խնդիր չէ...
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ