«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2003-01-18 | #10, 2003-01-21 | #11, 2003-01-22


ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿՆՊԱՍՏԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ

Դրանով կամրապնդվեն ԱՄՆ-ի նկատմամբ նրա դիրքերը

Նախավերջին համարում «Ազգը», անդրադառնալով վարչապետ Աբդուլլահ Գյուլի կառավարության վրա կատարվող հարձակումներին, դրանք պայմանավորել էր վերջինի անկանխատեսելիությունից բխող վերահսկողության անհրաժեշտությամբ, եւ հարձակվողների թվում նշել էր Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունն ու «Նյու Յորք թայմսը»։ Միաժամանակ մատնանշվել էր, որ հակաիրաքյան պատերազմին Թուրքիայի մասնակցության հարցում թուրքական պետական կառույցների եւ կառավարության մոտեցումների տարբերության հիմքում ոչ այնքան հակասություններն են, որքան միմյանց հակակշռելու մտահոգությունը, որ հնարավոր լինի նվազագույնի իջեցնել Իրաքի դեմ հավանական պատերազմի հնարավոր կորուստները։

Կառավարության անկանխատեսելիության առումով հատկանշականը, թերեւս, վարչապետ Գյուլի «խաղաղության շրջապտույտի» ընթացքում Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի եւ Իրանի ղեկավարության հետ ձեռք բերած հակաիրաքյան պատերազմի առնչությամբ համատեղ հայտարարությամբ հանդես գալու պայմանավորվածությունն էր։ Դրա մասին հայտարարվեց միայն հունվարի 17-ին, երբ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությամբ միջազգային հանրությունը տեղեկացել էր վերոհիշյալ երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մասնակցությամբ տարածաշրջանային գագաթաժողով հրավիրելու թուրքական նոր նախաձեռնության մասին։ Մինչդեռ Գյուլի շրջայցն ավարտվել է հունվարի 12-ին։ Այլ կերպՙ վերոհիշյալ պայմանավորվածությունը գաղտնի էր պահվել ինչպես շրջայցի, այնպես էլ դրան հաջորդող 5 օրերի ընթացքում։

Ինչ վերաբերում է միմյանց հակակշռելու հանգամանքին, այդ առումով էլ հատկանշական է նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հրավիրած խորհրդակցությունըՙ մասնակցությամբ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, վարչապետի եւ ուժային նախարարների, առավել եւսՙ Իրաքի դեմ հնարավոր պատերազմում ԱՄՆ-ին սոսկ սահմանափակ աջակցություն ցուցաբերելու խորհրդակցության որոշումը։ ի դեպ, դրա ավարտին Գյուլը Մերձավոր եւ Միջին Արեւելքի համար որպես իրական սպառնալիք մատնացույց արեց հենց հակաիրաքյան պատերազմըՙ պատճառաբանելով, որ ԱՄՆ-ը պատրաստվում է տեղավորվել Իրաքում։ Դա, ըստ նրա, անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքացիական պատերազմի, որը խթան կհանդիսանա ահաբեկչության նոր ալիքի բարձրացման համար, եւ դրա թիրախն Իսրայելից հետո կդառնա Թուրքիան։ Այնուհետեւ Գյուլը հանդիպեց արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարներին։

Հարկ է նշել, որ դրան հաջորդել էր Գյուլի հանդիպումն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի հետ։ Վերջինս կարծիք էր հայտնել, որ իրենք դեմ են պատերազմին։ Եթե Մեջլիսը քննարկի դրան Թուրքիայի մասնակցության հարցը, ապա դեմ են քվեարկելու։ Սա նշանակում է, որ Գյուլի կառավարությունն Իրաքի դեմ պատերազմի հարցում ԱՄՆ-ին դիմակայելիս ոչ միայն փորձում է մասնակից դարձնել Մեջլիսին եւ քաղաքական կուսակցություններին, այլեւՙ ապավինում նրանց աջակցությանը։ Քանի որ վերոհիշյալ խորհրդակցությունը ԱՄՆ-ին սահմանափակ աջակցության որոշում ընդունելիս միաժամանակ ընդգծել էր. «Կառավարության համար դժվար կլինի Իրաքի դեմ պատերազմի հարցում համոզել Մեջլիսին», ուրեմն Գյուլին աջակցում են նաեւ նախագահական ապարատն ու բանակը։

Այս աջակցությանը բացահայտ բնույթ հաղորդեց ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ռիչարդ Մայերսի հունվարի 20-ին Անկարա կատարած այցը։ Ընդունելով գեներալ Մայերսին, թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքն ու պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլն, ի պատասխան հակաիրաքյան պատերազմում օգտագործելու նպատակով 8 ռազմաբազա եւ 3 նավահանգիստ տրամադրելու նրա պահանջին, ասել են, որ Թուրքիան ամերիկյան ուժերին կտրամադրի 3 ռազմաբազա եւ 2 նավահանգիստ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում 80¬120 հազար զինվոր տեղաբաշխելու պահանջին, ապա վերջիններս, ըստ թուրքական մամուլի, ընդամենը 25 հազարի տեղաբաշխմանն են հավանություն տվել։

Թուրքական թերթերը հունվարի 21-ի համարներում գեներալ Մայերսի պահանջների նկատմամբ վերապահությունը բացատրեցին հակաիրաքյան պատերազմում աջակցության դիմաց ԱՄՆ-ին նոր պայմաններ առաջադրելու Թուրքիայի մտահղացմամբ։ Կհաջողվի՞ թուրքական կառավարությանը խուսափել հավանական պատերազմից, երբ ԱՄՆ-ն անընդհատ նոր ուժեր է կուտակում Պարսից ծոցում, հազիվ թե։ Բայց որ «իրաքյան ճգնաժամի խաղաղ կարգավորման» նախաձեռնության հաջողությունը, որը, թերեւս, պայմանավորված է լինելու տարածաշրջանային գագաթաժողովի հաջողությամբ, անկասկած կնպաստի Մերձավոր եւ Միջին Արեւելքում Թուրքիայի հեղինակության աճին, ակնհայտ է։ Իսկ դա կամրապնդի ԱՄՆ-ի նկատմամբ նրա դիրքերը։ Այդ առումով պատահական չեն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամիի հետեւյալ խոսքերը. «Իրաքի առնչությամբ Թուրքիայի նախաձեռնության հաջողությունը լինելու է ինչպես Գյուլի կառավարության, այնպես էլ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մեծ հաղթանակը»։

Իհարկե չի բացառվում անհաջողությունը։ Այդ դեպքում վերոհիշյալ նախաձեռնությունը զգալի վնաս է հասցնելու թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Քանի որ պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի ֆինանսավորման առումով օգտագործում է իր ազդեցությունը Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի վրա, ուստի նախաձեռնության ձախողումը լուրջ հարված է հասցնելու թուրքական տնտեսությանը։

Համենայն դեպս, Թուրքիայում տարածաշրջանային գագաթաժողով հրավիրելու նախաձեռնությանն արձագանքել են բոլոր 5 երկրները. Սիրիան, Եգիպտոսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան եւ Իրանը, որոնց դեսպանները հունվարի 15-ին արտգործնախարարությունում մասնակցության պաշտոնական հրավեր էին ստացել։ Արձագանքները դրական են, բայցՙ վերապահությամբ։ Ի՞նչ առումով, այն, որ Թուրքիա էին ժամանելու ոչ թե նշված երկրների նախագահները, այլՙ արտգործնախարարները։ Ուրեմն, մենք գործ կունենանք ոչ թե գագաթաժողովի, այլՙ խորհրդաժողովի հետ, որը հունվարի 23-ին Ստամբուլում է հրավիրվում։

Ինչո՞ւ։ Ըստ երեւույթին այն պատճառով, որ վերոհիշյալ երկրները որքան էլ հավանություն տան թուրքական կառավարության նախաձեռնությանը, այնուամենայնիվ, նախընտրում են գագաթաժողովը հրավիրել արաբական երկրում։ Ահա թե ինչու, որպես հրավիրման վայր շոշափվում է Դամասկոսը, իսկ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հայտարարում է. «Այս նախաձեռնությունը պետք է պատկաներ արաբական երկրին»։

Ամենայն հավանականությամբ, Եգիպտոսի գլխավորությամբ արաբական երկրները միջամտել են, որպեսզի տարածաշրջանային գագաթաժողովի փոխարեն, որը նախաձեռնել էր Թուրքիան, հրավիրվի արտգործնախարարների խորհրդաժողով։ Իսկ դա, ինչպես նշվեց թուրքական հանրային հեռուստատեսությամբ, պատճառաբանվում է առաջիկա գագաթաժողովը լրջորեն նախապատրաստելու անհրաժեշտությամբ։ Խորհրդաժողովը թեեւ Թուրքիային չի ձերբազատի ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքից բխող պարտավորություններից, որոնցից գլխավորը ներկա փուլում հակաիրաքյան պատերազմում ենթադրվող աջակցությունն է, բայց եւ այնպես կստիպի ամերիկացիներին աջակցության դիմաց Թուրքիային վարձատրելու հարցում լինել ավելի առատաձեռն։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4