«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2003-01-21 | #11, 2003-01-22 | #12, 2003-01-23


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (2)

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարի ուրվագծեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի ամենաբնորոշ գծերից մեկը եղել եւ մնում է պետական շինարարության հանգուցային խնդիրների լուծման նկատմամբ նրա անձնական խոր շահագրգռությունը։ Եվ դա արտահայտվել ու արտահայտվում է պետության կայացման համար բացառիկ նշանակություն ունեցող օրենքների ընդունման նկատմամբ նրա հետեւողական ու համառ հոգատարությամբ։ Նկատի ունեմ, նախ, սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցի շուրջ Քոչարյանի սկզբունքային դիրքորոշումը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկա սահմանադրությունը ձեւվել-կարվել է հատուկ մեկ անձի «վրայով», ապահովելու համար նրան գործնականում կայսերական լիազորություններով օժտելը։ Այժմ, երբ այդ անձը փոխվել է, սահմանադրությունը կամա-ակամա ճիշտ այդպիսի լիազորություններ է վերապահում իրենՙ Քոչարյանին։ Եվ մեզանում առաջինը, համենայն դեպս իշխանական ճամբարում, որ ըմբոստացավ տվյալ չափազանցյալ լիազորությունների դեմ ու հրապարակայնորեն հայտարարեց, թե հարկ է դրանք սահմանափակել, նույն Քոչարյանն էր։ Ոչ իր մեղքով սահմանադրական բարեփոխումների ընթացքը ձգձգվեց, հանրաքվեն հետաձգվեց։ Սակայն անկասկած է, որ այդ գործընթացն այլեւս կանգնեցնել չի լինի։ Սահմանադրությունը վաղ թե ուշ կբարեփոխվի, անգամ եթե Քոչարյանն այլեւս նախագահ չլինի։

Երկրորդ հիմնարար սկզբունքը պետական պաշտոնեության ընտրովիության կարգի սահմանումն էր, որին նույն այդ պաշտոնեության որոշակի մասի համառ դիմադրությունը հաղթահարելով կարողացավ հասնել գործող նախագահը, ուղղակի իր ճնշմամբ ստիպելով Ազգային ժողովինՙ ընդունելու «Քաղաքացիական ծառայողի մասին» օրենքը։ Այժմ արդեն քաղաքացիական ծառայողների բանակը, առանց որի չկա եւ չի կարող լինել պետություն, այլեւս իր պաշտոնավարման համար պարտական չի լինելու վերադաս պետին, պաշտպանված է լինելու նրա կամայականություններից ու անբարեհաճությունից։ Օրենքն այսուհետեւ քաղաքացիական ծառայողի հետագա ճակատագիրը կախման մեջ է դնում ոչ թե վերադասի նկատմամբ քծնանքի ու հպատակության, կույր հնազանդության, սեփական նախաձեռնության բացակայության, անվերջ ինքնաապահովագրման եւ այլ արատավոր ու անպատվաբեր «որակներից», այլՙ գործիմացությունից, բարեխղճությունից, ազնվությունից եւ այլն։ Ասել էՙ կադրերի ընտրության «թիմային» կամ «թայֆայական» մեթոդը այսուհետեւ փոխվում է մրցութային մեթոդի, իսկ դա չի կարող չնպաստել մեծ ու փոքր պաշտոնյաների ինքնուրույնության աճին եւ վերջին հաշվովՙ անդյուրաշարժ պետական մեքենայի արդյունավետության բարձրացմանը։ Եվ սա արվել է ոչ միայն Քոչարյանի օրոք, այլեւՙ նրա բառացիորեն հսկայական ջանքերի շնորհիվ։

Պետականության կայացման գործում բացառիկ նշանակություն ունի պետական կառույցների եւ դրանց ձեւավորման սկզբունքների նկատմամբ երկրի առաջին դեմքի ընդգծված հարգալից վերաբերմունքը։ Եվ այս դեպքում դժվար է ավելի լավ օրինակ գտնել, քան կառավարության ձեւավորման ու նրա ղեկավարի հանդեպ նախագահի վերաբերմունքն է։ Սահմանադրությունը Քոչարյանին հնարավորություն է տալիս որեւէ պահի եւ որեւէ առիթով, անգամ առանց առիթի ու հասարակական լսարանին բացատրություն տալուՙ նշանակել վարչապետ կամ փոխել վարչապետին։ Քոչարյանը չգնաց վարչապետներին թաշկինակի պես փոխելու ճանապարհով։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո եղերահիշատակ Վազգեն Սարգսյանին վարչապետ նշանակելով, նա առաջնորդվեց ժողովրդավարական երկրներում ընդունված չափանիշներովՙ ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժի ղեկավարը իրավունք ստացավ կառավարություն կազմել։ Արամ Սարգսյանն այս իմաստով ընկալվում էր իբրեւ եղբոր գործի շարունակող, եւ վարչապետի պաշտոնում նրա նշանակումը օրինաչափ ու արդարացված էր, մանավանդ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ստեղծված անառողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում։ Իսկ ահա ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին կառավարություն կազմելու հանձնարարություն տալով, նախագահը, իմ տպավորությամբ, առաջնորդվում էր դարձյալ ոչ թե անձնական համակրանքով, այլՙ խորհրդարանական «Միասնություն» դաշինքի պահպանման մտահոգությամբ եւ այդ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության երաշխավորությամբ։ Այն պահին «Հանրապետությունը» ամենամեծ քաղաքական ներկայությունն ուներ խորհրդարանում, նրա կշիռն այսօր էլ փոքր չէ։ Հետեւաբար, անկախ այն բանից, թե անձամբ ինչպես է վերաբերվում Քոչարյանն Անդրանիկ Մարգարյանինՙ նրան թողնում է իր պաշտոնում։ Ընդսմին, նա մեկ անգամ չի ընդգծել, որ կառավարության համար գլխավորը խորհրդարանի հետ աշխատելու կարողությունն է։ Այլ խոսքով, նա պահպանում է քաղաքական «խաղի կանոնները»։ Ավելին, խստորեն հետեւում է, որ գոնե արտաքուստ բոլորը պահպանեն պատշաճությունը կառավարության ու նրա ղեկավարի նկատմամբ։ Անշուշտ, չեք մոռացել, որ Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը գրեթե միշտ բացակայում էին կառավարության նիստերից։ Այսօրվա մեր ուժային նախարարներ Սերժ Սարգսյանն ու Հայկ Հարությունյանը, որպես կանոն, միշտ ներկա են այդ նիստերին։ Միամիտ պիտի լինել չհասկանալու համար, որ այս վերաբերմունքը գալիս է եւ նույնիսկ թելադրված է նախագահ Քոչարյանի կողմից։ Սա մանրուք չէ, եւ եթե նույնիսկ «մանրուք» է, ապա այնպիսին, որը ցույց է տալիս պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի դրսեւորման, աստիճանակարգության խստիվ պահպանման քաղաքական վարքագիծ։

Նույն վիճակն է նաեւ նախագահ-խորհրդարան հարաբերություններում։ Անշուշտ, նկատել եք, որ նախագահը երբեք իրեն թույլ չի տվել անհարգալից արտահայտվել խորհրդարանի մասին, թեեւ այս խորհրդարանով «հիացած» լինելու որեւէ հիմք չկա։ Նախագահն իր նախորդի նման երբեք չի եկել խորհրդարանՙ ամբիոնից թեւքերը քշտած պատգամավորներին ահաբեկելու եւ իրեն ցանկալի որեւէ որոշում անցկացնելու ակնհայտ դիտավորությամբ։ Հարկը պահանջածին նա այդ արել է խորհրդարանի ներսում իրեն սատարող ուժերի աջակցությամբ, միգուցե նաեւ այլ լծակների գործադրմամբ, սակայն երբեք չի իջել մինչեւ անձամբ սուսերամարտի նետվող գլադիատորի նվաստացուցիչ, սեփական պաշտոնի ու դիրքի տեսակետից անպատվաբեր դերը։ Առավել եւս, Քոչարյանը երբեք հրապարակավ չի սպառնացել լուծարել խորհրդարանը, որի սահմանադրական իրավունքն ինքն ուներ եւ որի հասարակական պահանջը ժամանակ առ ժամանակ խիստ սրությամբ զգացվում էր բոլոր այս տարիներին։ Նա այդ չի արել նույնիսկ այն աղմկահարույց դեպքերում, երբ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մեկ անգամ եւ մշտապես անհիմն կերպով մեծադղորդ հայտարարություններ էր անում նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու իր մտադրության մասին։ Սկսում-ձախողվում էին, չկարողանալով հավաքել նվազագույնը 44 պատգամավորի ստորագրություն, որից հետո միայն հարցը կարող էր մտնել խորհրդարանի օրակարգ։ Միայն մեկ դեպքում, երբ որոշ աղմկարարներ, դարձյալ 44 ստորագրություն հավաքել չկարողանալով, պարզապես անվայել վարքագիծ դրսեւորելով գրավեցին խորհրդարանական ամբիոնը, փորձելով այդ կերպ, բռնի եւ հակասահմանադրական ճանապարհով, նախագահի պաշտոնանկության հարցը դարձնել ԱԺ քննարկման առարկա, Ռոբերտ Քոչարյանը հարկ համարեց արձագանքել, թե այդպիսիների «ականջից բռնելու» հնարավորություններ կան։ Եվ նրա այս ազդու նախազգուշացումը սթափեցնող ազդեցություն ունեցավ նույնիսկ ամենատաք գլուխների համար։ Հոխորտացին, խարույկ ու խաչ ելնող «հերոսների» էժանագին կեցվածքներ ընդունեցին, սակայն ակնհայտորենՙ վախեցան։ Հասկացան, որ Քոչարյանն այն մարդը չէ, որի հետ կարելի է սպառնալիքների լեզվով խոսել, նա իսկապես իրենց «ականջից կբռնի», դաս խանգարող աշակերտի նման դասարանից դուրս կշպրտի, եւ իրենք ընդամենը մի ավելորդ անգամ կխայտառակվեն։ Հետեւանքը եղավ խորհրդարանի բնականոն գործունեության վերականգնումը։

Ընդհանրապես պիտի նկատել, որ երկրի ներքաղաքական կայունության պահպանման մտահոգությունը իր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել է գործող նախագահի ամենամեծ հոգսը։ Եթե անկեղծ լինեմՙ նաեւ նրա ամենամեծ դժբախտությունը։ Որովհետեւ բոլոր այս տարիներին, դրսի ճնշումները չհաշված, երկրի ներսում նույնպես եղել են ու կան խիստ որոշակի քաղաքական ուժեր, որոնք մոլեռանդորեն ձգտել ու ձգտում են այդպիսի ապակայունացմանՙ հուսալով վերահաս քաոսում հասնել իրենց քաղաքական ռեւանշի, վրեժխնդրության կամ չբավարարված հավակնություններին հագուրդ տալու ստորագույն նպատակների իրականացմանը։ Այս մշտապես պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը նախագահից այնքան մեծ ջանքեր է խլել, որ նա միանգամայն հիմնավոր կերպով կարող էր հայտարարել, թե պաշտոնավարման 5 տարիներից առնվազն 2-ում ինքը «չի աշխատել»։ Ավելի ճիշտՙ ստիպված է եղել անուշադրության մատնել կամ շատ ավելի քիչ ժամանակ հատկացնել ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման եւ այլ կենսականորեն կարեւոր հարցերիՙ մշտապես շատ ավելի զբաղված լինելով անվերջ հրահրվող թշնամանքի հնարավոր հրդեհները մարելու խնդիրներով։ Չլիներ Քոչարյանի համբերատարությունը, ինքն իրեն չկորցնելու հատկությունը, հաստատակամությունն ու վճռականությունը, եթե կուզեքՙ նույնիսկ անդրկուլիսային միջոցներով ներքաղաքական լարվածությունը լիցքաթափելու նրա վարպետությունը, մեզ հազիվ թե հաջողվեր խուսափել քաղաքացիական լուրջ բախումներիցՙ իրենց հնարավոր ամեն կարգի կործանարար հետեւանքներով...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4