Շուրջ երկու տարի գործում է «Ղարաբաղի երեխաներ» հիմնադրամը։ Գործունեություն ծավալելով ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքումՙ հիմնականում կոչված է աջակցելու արցախցի երեխաներինՙ նրանց ապահովելով ուսումնատեխնիկական անհրաժեշտ պարագաներով։ Մասնավորապես, հիմնադրամը վերջերս 350 համակարգիչ է տրամադրել Արցախի դպրոցներին։
Կազմակերպության նախագահ Միքայել Հովհաննիսյանը, օրերս լինելով Ղարաբաղում, բերել է դրանց մի մասը։ Համակարգիչները եւ դրանց առնչվող մյուս պարագաները նա բաշխել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, դրանք համամասնորեն բաժանելով հանրապետության բոլոր դպրոցներին։ Այս կապակցությամբ իր շնորհակալությունը հայտնելով, ԿՄՍ նախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ ամերիկահայ բարերարների այս բարեգործական ակցիան բեկումնային քայլ է Արցախի դպրոցաշինության հեռանկարային ծրագրի իրականացման գործում։ Նրա խոսքերով, ԼՂՀ-ում այդ ուղղությամբ մշակվել են լուրջ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն ոչ միայն բարեգործական միջնորդություններով, այլեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համագործակցության միջոցով։ Արցախի դպրոցների կոմպյուտերացումն այդ ծրագրերի կարեւորագույն մասն է կազմում։
Համակարգիչների մյուս մասը, «Ղարաբաղցի երեխաների» նախագահի վկայությամբ, տեղ կհասնի առաջիկա օրերին։ «Ազգի» թղթակցի հետ զրույցի ժամանակ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ համակարգիչների բաշխմամբ չի սահմանափակվում հիմնադրամի գործունեությունը։ Ծրագրային նպատակների շրջանակներում ներառվում է նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմանը նյութապես սատարելը։ Հիմնադրամը նպատակ ունի հետագայում բարեգործական գործունեություն ծավալել նաեւ ՀՀ դպրոցաշինության բնագավառում, աջակցել հասարակական կազմակերպությունների ու մշակութային օջախների նորացմանը։ Չի բացառվում նաեւ արցախցի շնորհաշատ երեխաների որակավորումը կամ նրանց ուսուցումը ԱՄՆ-ումՙ դարձյալ հիմնադրամի միջոցներով։
«Ղարաբաղցի երեխաներ» հիմնադրամը նախաձեռնողներն արմատներով ղարաբաղցի են։ Ինքը, Միքայել Հովհաննիսյանը եւ նրա եղբայր Ռոման Հովհաննիսյանը, թեպետ ծնունդով բաքվեցի են, սակայն նրանց արմատներն Ասկերանի շրջանի Բադարա գյուղից են։ Նույնպես արցախյան ծագում ունի հիմնադրամի մյուս ներկայացուցիչ Վիտալի Ղազարյանը։ Երեքն էլ Բաքվի ջարդերից մազապուրծՙ հանգրվանել են հեռավոր Ամերիկայում եւ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը որոշել են կատարելՙ հեռվից նրան օգնելով։ Մ. Հովհաննիսյանի խոսքերով, հիմնադրամին օգնում են նաեւ բարերարներ Սուրեն Մարկոսյանը, Սոնյա Թաջիրյանը եւ ուրիշներ։
Ի լրացումն վերն ասվածի, մեր զրույցի ժամանակ հիմնադրամի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ իրենք Արցախի դպրոցների դասասենյակները կահավորելու համար լրացուցիչ գույք են պատվիրել Ստեփանակերտի «Կոնդենսատորների գործարան» ՊՓԲԸ-ում։ Միեւնույն ժամանակ համակարգիչների հետ առաքվել են սերվերներՙ դպրոցները ինտերնետային ցանցին միացնելու համար։ Կազմակերպությունը ստանձնել է համապատասխան կադրերի վերապատրաստման հարցը։ Այդ նպատակով մշակվել են մի քանի տարբերակներ, որոնցից մեկն էլ ԼՂՀ ԿՄՍ նախարարության միջոցով նմանատիպ կենտրոնի ստեղծումն է։ Բանակցություններ են տարվել Երեւանի երիտասարդական կազմակերպության հետՙ նրանց եւս այս գործընթացում ներգրավելու համար։
Դպրոցաշինությունը ԼՂՀ ռազմավարական կարեւորագույն ոլորտներից մեկն է, եւ այս առումով «Ղարաբաղցի երեխաներ» հիմնադրամի օգնությունը խիստ նշանակալից է։ Հուսանք, որ կազմակերպությունն առաջիկայում բարեգործական նորանոր ծրագրեր կիրականացնի Արցախում եւ Հայաստանում ընդհանրապեսՙ հայանպաստ կոնկրետ նախաձեռնությունների օրինակ հանդիսանալով արտերկրում ապրող մեր հայրենակիցների համար։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ