Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարի ուրվագծեր
Խոսել պետականության կայացման դժվարությունների մասին եւ չանդրադառնալ 1999 թ. հոկտեմբերի 27-ի սահմռկեցուցիչ ոճրագործությանըՙ անհնար է։ Քանզի մեր պետականության կայացման առանց այն էլ ոչ հեշտ գործընթացի ամենամեծ փորձությունն այդ ոճրագործությունն էր եւ դրան հաջորդած պայթյունավտանգ իրավիճակը։ Քիչ է, թե այդ ահաբեկչական աննախադեպ ակտի հետեւանքով երկիրը կորցրեց իր նորօրյա անկախության հզոր հենասյուներից 8-ին, հատկապես ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին, դեռ դրանից անմիջապես հետո էլ աշխուժացած խիստ որոշակի ուժեր, առաջնորդվելով քաղաքական մոլեգին ատելության ու նույնքան մոլեգին ռեւանշի պղտոր զգացումներով, ծավալեցին մի հրեշավոր չարագուշակ կամպանիաՙ երկրի ներսում անվստահություն ու կասկածանք սերմանելու, իշխանություններին ու առաջին հերթին նախագահին վարկաբեկելու, այդ խելքից¬մտքից դուրս հանցագործության մեջ մեղսակցության թույնը զանգվածներին ներարկելու համար։ Եվ այդ ազգակործան քարոզչության մեջ ներգրավված էին նույնիսկ պետական ապարատի ու դատական համակարգի խիստ բարձրաստիճան պաշտոնյաներ, բանակի ու «Երկրապահ» կամավորականների միության ղեկավարության ներկայացուցիչներ, պարզապես խաբված¬մոլորված ազատամարտիկներ։ Ոճրագործության առաջին իսկ օրերից երկրի գլխին կախված էր ռազմական հեղաշրջման, «հրացանավոր մարդու» իշխանության հաստատման, քաղաքացիական պատերազմի միանգամայն իրական սպառնալիքը։ Սարսափելի է մտածել, թե ինչ կկատարվեր մեզ հետ, եթե Քոչարյանին, ակնհայտորեն վիթխարի ջանքերի գնով, չհաջողվեր կանխել այդ սպառնալիքը։ Ինքնաբզկտման հորձանուտում հայտնված երկիրն անվերապահորեն կենթարկվեր դրսի թշնամու հարվածին, մենք կկորցնեինք ոչ միայն Ղարաբաղը, այլեւ բուն Հայաստանի տարածքները, հնարավոր էՙ նույնիսկ պետականությունը։ Թե ի՜նչ գերմարդկային ջանքերով Քոչարյանը կարողացավ արգելակել իրադարձությունների խելահեղ զարգացման ընթացքը հետհոկտեմբերքսանյոթյան ամիսների ու անգամ տարիների ընթացքում, երեւի միայն իրեն ու Աստծուն են հայտնի։ Չեմ տարակուսում, որ կգա օրը, երբ անձամբ ինքը կխոսի այդ մասին, հականե-հանվանե մատնացույց անելով «27»-ից հետո ստեղծված իրավիճակում առավելագույն քաղաքական օգուտ քաղելու անբարո նպատակով երկրում ու հասարակության մեջ տենդագին ու գործնականում ուղղակի դավաճանական գործունեություն ծավալած ուժերի եւ զանազան վայ¬գործիչների մասին (համենայն դեպս լրագրողների հետ երկու տարի առաջ կայացած մի հանդիպման ժամանակ անձամբ իմ հարցին, թե ինքն ունի՞ «27»-ի կազմակերպիչների իր վարկածը, Քոչարյանը դրական պատասխան տվեց, իսկ երբ հարցրի, թե «ե՞րբ կխոսի այդ մասին», ասաց. «Երբ արդեն նախագահ չեմ լինի...»)։ Կարծում եմ, մինչեւ հիմա էլ «27»-ի ոճրագործության շուրջ անվերջ քաղաքական շահարկումները չդադարեցնող խիստ որոշակի ուժերի ներկայացուցիչներն ու նրանց թիկունքից գործող աներեւույթ խառնակիչները հիմա ամենից ավելի Քոչարյանի այդ... խոսելո՛ւց են վախենում։ Նրանք պատասխան չունեն ժողովրդին, նրանք որեւէ արդարացում չեն կարողանալու բերել, թե սկսած հոկտեմբերի 27-լույս 28-ի գիշերվանից, երբ պաշտպանության այն ժամանակվա նախարարի աշխատասենյակում հավաքվածՙ Աստված գիտե, թե ինչ չարագուշակ պլաններ էին գծում եւ ի՞նչ իրավունքով, առանց երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գիտության ու թույլտվության զորքերը հանել էին զորանոցներից, շրջապատել Երեւանն ու Էջմիածինը եւ սպառնում էին տանկերը փողոցներ դուրս բերել, ի՞նչն էր իրենց իրական նպատակը։ Քոչարյանի իշխանության պահպանումը, անգամ նրա ֆիզիկական գոյությունըՙ մահացու սպառնալիք է այդպիսիների համար։ Նրանք գիտեն, որ ծրագրում էին պետական հեղաշրջումՙ ոճրագործ Նաիրի Հունանյանի անհեթեթ ու ի սկզբանե ձախողման դատապարտված հեղաշրջման փոխարեն, իբրեւ դրա շարունակություն, գիտեն, որ դատավարության ավարտից հետո գալու է նաեւ իրենց եթե ոչ քրեական, ապա ամենաքիչը բարոյական պատասխանատվության պահը։ Անվերապահորեն ու անողոքաբա՛ր։ Ահա ինչու շարունակում են Քոչարյանին վարկաբեկելու, «27»-ը քաղաքականացնելու իրենց հին, սնանկ խաղը։ Չլինի Քոչարյանը, մանավանդՙ չլինի նախագահ, այդպիսիները կփրկվեն ժողովրդի առաջ դիմակազերծ լինելուց։ Սա նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ահա ինչու չի բացառվում ներկայիս նախագահական ընտրարշավի ընթացքում նոր սադրանքների, ընդհուպ նոր ոճրագործությունների կատարման եւ դրանց համար դարձյալ Քոչարյանին պատասխանատու հայտարարելու հնարավորությունը։
Սակայն, կարծում եմ, այդ մարտավարությունն այլեւս որեւէ հաջողության հեռանկար ունենալ չի կարող։ Քոչարյանը կարողացել է անվերապահ վերահսկողություն հաստատել թե՛ պետական ապարատի, թե՛ մանավանդՙ ուժային կառույցների նկատմամբ։ Պետության ներքին կայունության համար նախագահի այս կարգի վերահսկողությունը չափազանց կարեւոր է։ Հիշենք ոչ այնքան վաղ անցյալի դառը հեգնանքը ժողովրդի մեջ, երբ մեծից փոքր քմծիծաղում էին, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանը Վանո Սիրադեղյանի մոտ նախագահ է աշխատում»։ Քոչարյանի մասին այդ արդեն չես ասի։ Ներկա նախագահն անառարկելի հեղինակություն է թե՛ Հայաստանի զինված ուժերի, թե՛ ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի բարձրագույն, միջին ու անգամ ստորին հրամանատարական կազմերի, զինվորների՛ համար։ Նա այդ հեղինակությունը ձեռք է բերել նախՙ պատերազմի տարիներին, երբ լինելով ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահՙ իր ձեռքում էր կենտրոնացրել մարտնչող լեռնակղզու ողջ ռազմաքաղաքական ու գործադիր իշխանությունը եւ ամեն տեսակետից արժանավոր կերպով էր կատարում իրեն բաժին ընկած այդ ծանրագույն պարտականությունը, ապա եւ հետհոկտեմբերքսանյոթյան իր վիթխարի ջանքերի շնորհիվ, երբ կարողացավ դիմակայել զրպարտությունների, վարկաբեկումների, չարախոսությունների հեղեղին եւ խափանել պետության ներքին ապակայունացման վտանգը։ Քոչարյանի ազդեցության աճը, որ, կրկնում եմ, պետության կայացման ներկա փուլում բացարձակ անհրաժեշտություն էր եւ է՛, մեծագույն հիասթափություն է առաջացնում ոչ միայն նրա անձնական հակառակորդների, դեռեւս չջախջախված¬չմերկացված հակապետական ուժերի առանձին գործիչների, այլեւ նույնիսկ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների շրջանում։ Համենայն դեպս, երկրի ներսում չեն դադարում Քոչարյանին մեղադրել, թե նա «գեներալական աստղերով գնեց ու գնում է բանակն ու ուժային կառույցները», իսկ Բաքվում ու Անկարայում «ախ» են քաշում Հայաստանի նախկին նախագահի համար, բացահայտ ափսոսանքով նշելով, որ դեռ այն ժամանակ պիտի լուծեին ղարաբաղյան հարցը, քանի դեռ կարելի էր Հայաստանի «աչքը վախեցնելով» հասնել իրենց ուզածին։
Այո, Քոչարյանի հետ «աչքը վախեցնելով» խոսելն այնքան էլ հեշտ չէ։ Եվ դա ոչ մի այլ բնագավառում այնքան ցայտունորեն չի զգացվել, որքան նրա վարած արտաքին քաղաքականության մեջ։ 1998¬ի մարտին նախագահ ընտրվելուց անմիջապես հետո, արդեն նույն թվականի մայիսին, Ղրիմում Սեւծովյան տնտեսական համագործակցության հերթական վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելի խնդրանքով նրան հանդիպելով, Քոչարյանը բարձրացրեց... Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Որքա՜ն դա հեռու էր իր նախորդի կեցվածքից, որը ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ հեռացրեց աշխատանքից, ինչ է թե վերջինս համարձակվել էր Ստամբուլում այդ կարգի մի շատ մեղմ ակնարկ անել։ Քոչարյանը ո՛չ միայն ակնարկներ արեց։ Նա մեզ համար բացառիկ նշանակության այդ հարցը հնչեցրեց ոչ քիչ առիթներով, այդ թվում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, ի լուր աշխարհի։ Ինչպե՜ս էին սարսափել մեր տնաբույծ «մեկնաբաններից» ոչ քչերը, ինչպե՜ս էին աղաղակում, թե «Քոչարյանը փչացնում է հայ-թուրքական հարաբերությունները»։ Այս մեղադրանքին ինքը մի առիթով հրաշալի պատասխանեց, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ հարաբերություն չկա, չեղածի ի՞նչն է «փչացվում»։ Կյանքն ապացուցեց, որ այս շիտակ կեցվածքը միանգամայն արդարացի էր։ Հենց Քոչարյանի օրոք մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիայի պես հզոր երկիրը, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը, եւ հենց Քոչարյանի այս համարձակ կեցվածքը առիթ ծառայեց Թուրքիայինՙ իրար անցնելու, նաեւ իրենց երկրում լայն խոսակցություն ծավալելու Հայոց ցեղասպանության փաստը «ժխտելու» համար, մի թեմա, որ մինչ այդ տասնամյակներում «տաբու» էր հայտարարված։ Մեր ազգային խնդիրների այս համարձակ արծարծումը, անկասկած, մեծապես նպաստեց նաեւ այն բանին, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, համենայն դեպս թեկուզեւ Հայոց ցեղասպանության խնդիրը «թաղելու» թաքուն դիտավորությամբ, ազդանշաններ է տալիս Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ու բարիդրացիություն հաստատելու իր մտադրությունների, հայ¬թուրքական հարաբերությունների ապագան այլեւս Ադրբեջանի հավակնությունների համատեքստում չդիտարկելու իր պատրաստակամության մասին։ Միգուցե դա թուրքական հերթական խաբեություն է, սակայն շատ հատկանշական է, որ Անկարան նման «ռեւերանսներ» է անում։
Վերջապես, ամենակարեւոր խնդրում, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, այս աշխարհի հզորները հենց Քոչարյանի համառության շնորհիվ իրենք իրենց հարց տվին, թե այդ ի՞նչ խորքային «գաղտնիք» կա, որ այս թույլ Հայաստանին հակադրում է այդքան համառել, դիմադրել իրենց կամքին։ Եվ այդ հանգամանքը ակնհայտորեն նպաստեց, որ նրանք հարկ համարեն... մեզ լսել, մեր բերանը չփակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանՙ տվյալ պարագայում միանգամայն անտեղի վկայակոչումներով։
Ոչ պակաս կարեւոր եմ համարում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ այժմ աշխարհում ծավալվող իրադարձությունների հորձանուտում մեր երկրի անվտանգության, մեր բարոյական «դեմքը» պահպանելու, աշխարհին ընկալելի լինելու խնդրի լուծումը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ամերիկյան ողբերգությունից հետո Ադրբեջանն ու նրա դրսի եղբայրակիցները քիչ ջանքեր չգործադրեցին ԼՂՀ-ն ահաբեկչության, միջազգային թմրաբիզնեսի ու զենքի առեւտրի տարանցիկ միջանցք հայտարարելու, արցախահայությանը անջատողականներ, ծայրահեղականներ, իսկ Հայաստանինՙ ագրեսոր հռչակելու, միջազգային ահաբեկչության դեմ սկսված պատերազմի թոհուբոհում մեզ հետ հաշիվ մաքրելու պատեհություն ստանալու համար։ Ձախողվեցի՛ն։ Իրեն¬իրե՞ն եղավ այդ ամենը, թե՞ մեր արտաքին քաղաքականության շնորհիվ։ Չտեսնել, չհասկանալ ու չգնահատել այդ, նշանակում է ոչինչ չհասկանալ ներկա աշխարհի գերլարված իրավիճակից, չգիտակցել արտաքին վտանգների ամբողջ լրջությունը։ Ի հավելումն, վայնասուն բարձրացնել իբր թե «Հայաստանի միջազգային մեկուսացման» մասինՙ առնվազն ծիծաղելի է։ Նախ այն պատճառով, որ Քոչարյանն իր իշխանության միայն վերջին տարում ավելի շատ օտար մայրաքաղաքներում է եղել եւ Երեւանում ընդունել է կրկնակի անգամ ավելի օտար նախագահների, քան նրա նախորդըՙ իր իշխանության գրեթե 8 տարիների ընթացքում, երկրորդՙ հենց Քոչարյանի այդ ակտիվ արտաքին քաղաքականության արդյունքն է մեր ձայնն աշխարհին «ավելի լսելի» ու ավելի հասկանալի դարձնելու իրողությունը, ինչը մեզ հնարավորություն է տալիս խուսափել զանազան տեսանելի ու անտեսանելի վտանգներից։
Այս համապատկերում հատուկ կարեւորություն է ստանում Արեւմուտք-Արեւելք հարաբերությունների տարընթացությունների մեջ սթափությունը, իրատեսությունը չկորցնելու մեր կարողությունը։ Բոլորիս աչքի առաջ այնպիսի մի հին «քաղաքական գայլ», ինչպիսին հարեւան Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեն է, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հորձանուտում հեշտությամբ մոլորվելով, իր երկիրը համարյա թե բացահայտ տարավ հակառուսական ճանապարհով եւ քիչ մնաց դրա համար շատ թանկ վճարերՙ բանը հասցնելով Մոսկվայի հետ առճակատման։ Հայաստանը, ողջամտորեն խուսափելով գերտերությունների հակասությունների վրա «խաղալու» գայթակղությունից, շարունակեց ու շարունակում է հրաշալի հարաբերություններ պահպանել թե՛ մեր ավանդական բարեկամի, թե՛ ներկա աշխարհում ավելի ու ավելի բացահայտ թելադրողի դեր ստանձնող Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ։
Մեր արտաքին քաղաքականության երրորդ «վեկտորը» մնում է Եվրոպան, Եվրամիությունը։ Դա ոչ միայն եվրոպական քաղաքակրթական արժեքներով առաջնորդվելու Հայաստանի ձգտման արտահայտությունն է, այլեւ Եվրամիության անդամ-երկրների հետ տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակի հասնելու ռազմավարության դրսեւորումը։ Եվ այդ քաղաքականությունն արդեն իսկ տալիս է իր առաջին պտուղները։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ մեր առանց այն էլ փոքր արտահանման գրեթե միակ շուկան մնում էր Ռուսաստանը, ապա արդեն անցյալ տարի Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը մեծացել է ավելի քան 50 տոկոսով, այն էլ հիմնականում Եվրամիության շուկաների հաշվին։ Եթե սրան ավելացնենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա խորացման ու ավելի բարձր մակարդակի ձեռքբերման փաստը, ապա կարող ենք անվարան արձանագրելՙ Հայաստանը վարել ու վարում է հավասարակշռված, խելացիորեն մտածված, իրատեսական ու արժանապատիվ արտաքին քաղաքականություն։ Դա սեփական շահերն ուրիշի աշխարհաքաղաքական նկրտումներին չծառայեցնելու, տարածաշրջանում ուժերի հարաբերակցության սթափ հաշվառման, ոչ թե այլոց քաղաքականության միջոց, այլՙ գործոն լինելու քաղաքականություն է...
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ