Արվեստըՙ գործնական միջավայրում
Երեւանի բարձրադիր վայրերից մեկումՙ Կիլիկիա թաղամասում են տեղակայված DCA ադամանդի վերամշակման եւ ոսկերչական JCA ընկերությունները։ Հարակից կառույցներից իր ճարտարապետական ոճով, գունային պարզ լուծումներով առանձնացող շինարարական այս համալիրը Երեւանի ձմեռային գորշ ֆոնին թվում է ինչ-որ տեղ անհարիր։ Այն առայժմ այդպես երեւաց Կիլիկիա թաղամասի երեւանյան հին տների, նեղլիկ, ծուռումուռ փողոցների հարեւանությամբ։ Մի քանի տարի առաջ (1998 թ. նոյեմբեր) այս տեղանքում կիսավեր տներ էին ու շինարարական աղբ։ Մաքրվելուց հետո շատ արագ տեղում սկսեց կառուցվել նորաոճ, ժամանակակից հարմարություններով ու լուծումներով շինարարական նոր համալիր, որն արտադրանք տվեց անմիջապես հաջորդ տարի։ Կազմակերպությունն աստիճանաբար կատարելագործեց իր արտադրանքը, եւ նորագույն սարքավորումների միջոցով ադամանդի բարձրորակ մշակմամբ արդեն համաշխարհային շուկայում նվաճել է իր ուրույն տեղը։
Բոլոր ժամանակներում էլ ոսկերիչ վարպետների անհատականության կնիք ունեցող գործերը դասվել են արվեստի ստեղծագործությունների շարքը։ Ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանն այն կարծիքին է, որ իրենց արտադրանքը ստեղծագործական աշխատանքի արդյունք է, որովհետեւ դրանցից եւ ոչ մեկը չի կրկնում մյուսին ու ամեն անգամ ինչ-որ դետալ նորովի է ներկայացվում, որի համար նուրբ ճաշակ եւ երեւակայություն է հարկավոր։ Հմուտ մասնագետների բարձր վարպետության շնորհիվ է, որ կազմակերպության արտադրանքը գնահատվում է նաեւ արտերկրում եւ ունի որոշակի պահանջարկ։ Այս աշխատանքների մեջ ներգրավված 400-ից ավելի աշխատակիցների համար առաջնահերթը ճշգրտությունն ու օրինապահությունն է։
Ընդհանրապես այստեղ գործում են կանոնավոր, աշխատանքային ռեժիմը, կարգ ու կանոնը եւ լրջությունն ու պատասխանատվությունը գործի նկատմամբ, ընդ որում հավասարապես բոլորն են պատասխանատու եւ, ինչպես տնօրենն է հավաստում, այստեղ ղեկավարներ չկան, բոլորը «խաղացող մարզիչներ» են։
Կառույցի բարձրադիր վիճակը շահեկան է նաեւ այլ առումով, այն հնարավորություն է տալիս մեկ հայացքով ընդգրկել քաղաքի գեղատեսիլ հատվածներից մեկըՙ Հրազդանի կիրճը եւ հարակից շրջակայքը։ Սա թվում է անկարեւոր, բայց ստեղծում է տրամադրություն։ Իհարկե, մեր այս պայմաններում կայուն աշխատանք ունենալն արդեն այնպիսի բարեբախտություն է, որ աշխատավայրի տեղի, դիրքի, պայմանների մասին մտածելն արդեն շռայլություն կլինի։ Բայց, բարեբախտորեն, Հայաստանում կան հիմնարկ-ձեռնարկություններ, որ աշխատատեղերից եւ կայուն աշխատավարձերից զատ մտածում են ստեղծել նաեւ աշխատանքային հաճելի միջավայր։ Մենք արդեն անդրադարձել ենք «Հայկական ծրագրեր» համակարգչային ծառայությանը, որտեղ ձեւավորված է աշխատանքային մշակույթՙ լուրջ, սկզբունքային հիմնավորումներով։
Աշխատանքային եւ մարդկային հարաբերությունների մասին մեկ տպավորությամբ խոսելն անլուրջ է, բայց որ աշխատակիցների համար այստեղ ստեղծված են հարմարավետ պայմաններ, ակնհայտ է։ Հաճելի լուսավորված տեղամասեր, մաքրություն եւ հոգատարություն։ Աշխատանքային ընդմիջման ժամերը կանոնավորված են, ճաշարանը գտնվում է արտադրամասերից դուրս, առանձին կառույցում, սնունդն անվճար է։
Կազմակերպությունն ունի մեկ այլ առանձնահատկություն, այստեղ կա վերաբերմունք արվեստի նկատմամբ ու «համագործակցություն» գեղանկարչության հետ։ Այս երեւույթը դեռ շատ տարածված չէ մեզանում, բայց կան աշխատավայրեր, որտեղ արվեստի միջոցով փորձում են ընդհանուր տրամադրությունը փոխել։ Արտադրամասերում նկարներ չկային, բայց վերնահարկերում, աստիճանասանդուղքի պատն ի կախ հայ գեղանկարիչների աշխատանքները միանգամից ուշադրություն են գրավում եւ տպավորություն ստեղծում։ Սա կատարվում է ակամայից։ Այստեղ յուրօրինակ միկրոկլիմա է ստեղծված։ Մեր օրերում արվեստը, մշակույթն առհասարակ երկրորդական պլան է մղվել, նվազել է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ, բայց աշխատանքային գործնական միջավայրում ձեւավորվող այս երեւույթը կարծես ինչ-որ տեղ փորձում է վերադարձնել մշակութային կորուստները մարդկային հոգեբանության, գիտակցության մեջ, թերեւս նաեւ մեղմելՙ նյութական, ֆինանսական աշխարհի ավերածություններն առհասարակ...
Սամվել Համբարձումյանի, Ռուբեն Մանուկյանի, բայց հիմնականում Կարլոս Սայադյանի նկարներն են որոշակի փոփոխություն հաղորդել այս մթնոլորտին։ Զրուցակիցսՙ գեղանկարիչ Կարլոս Սայադյանը, արվեստում իրեն համարում է մաքսիմալիստ եւ գտնում է, որ համաշխարհային կերպարվեստում այսօր ամեն ինչ կարելի է արդիականացնել։ Նկարչության մեջ ամեն ինչի պահանջարկ կաՙ կոմերցիոնից մինչեւ սալոնային։ Իսկ ընդհանրապես նկարը պետք է էմոցիա արթնացնի, եթե էներգետիկ դաշտն ուժեղ է, ազդեցությունը, տպավորությունն ավելի մեծ է։
Նկարը լավագույնս ցուցադրելու համար որոշակի պայմաններ են պետք, ինչպես տարածական, այնպես էլ լուսավորվածության առումով։ Պատկերասրահներ-թանգարանները կառուցվում են հատուկ այս նպատակներով. տեխնիկական պատճառներով, սխալ ցուցադրությունից նկարն, անշուշտ, տուժում է։ Աշխատանքային մթնոլորտին որոշակի մշակույթ հաղորդելու նպատակով ընտրված նկարները պիտի համահունչ լինեն միջավայրինՙ ինքնանպատակ չլինելու համար։ Սա եւս պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում։ Ինչպիսի՞ նկարչությունն է պատշաճում աշխատանքային միջավայրին. ընտրությունը կարող է, ինչ խոսք, սուբյեկտիվ լինել, բայց կարեւոր է գունային կոլորիտ եւ տրամադրություն ստեղծել։ Ըստ Կարլոս Սայադյանի, ինտերիերը լրացնող նկարչությունը պիտի համապատասխանեցվի միջավայրին, արտադրամասում կախված նկարներն, օրինակ, պիտի ինտերիերային լինեն, որ ավելորդ էմոցիաներ չառաջացնեն, հանգիստ, մեղմ, դրական լիցքեր առաջացնեն։
«Հնարավո՞ր է, որ նկարը երկրորդային պլանի մղվի աշխատանքային միջավայրում եւ այն արժեվորումը չունենա, ինչ, ասենք, ցուցասրահում»։ Իմ այս հարցի արձագանքը միանգամայն կտրուկ էր. «Ո՛չ, ո՛չ, հոգեբանական ստերեոտիպն է գործում, նույն իմ նկարը, եթե կախվի Էրմիտաժում կամ Լուվրում, այլ կերպ կնայվի։ Գործնական միջավայրում էլ ճիշտ ցուցադրության դեպքում արժեքային կորուստ չի լինի։ Իհարկե, այս սրահը նախատեսված չի եղել նկարների ցուցադրության համար։
Իսկ ընդհանրապես, արվեստի մեջ տեղայնացվածությունը պիտի չշեշտվի։ Խնդիրը չպիտի փոքրացվի, տեղայնացվածությունն առաջացնում է կյանքի ինդուստրացիա, արվեստը չի կարող լինել այդպիսին», շարունակում է նկարիչը։
«Նկարչության ազդեցությունն ավելի ամիջական եւ արագ է կատարվում։ Գունային գործո՞նն է պատճառն արդյոք այդչափ արագ հաղորդակցման»։ Իմ հաջորդ հարցին Կարլոս Սայադյանն ունի հետաքրքրական մեկնաբանություն։
«Արվեստի մյուս տեսակներըՙ կինոն, երաժշտությունը, գրականությունը, թատրոնն ընկալելու համար ժամանակ է «պահանջվում»։ Նկարչությունը սեղմում է ժամանակը։ Սա չի նշանակում բնավ, որ նկարչությունը ժամանակի զգացողություն չի կրում։ Հակառակ դեպքումՙ նա կյանք չունի։
Նկարներն այստեղ իրենց ավելի լավ են զգում, քան արվեստանոցներում, բազմաթիվ շփումներ, ծանոթություններ ստեղծում»։
Թերեւս այսպես է, քանի որ նրանք «ապրեցնում» են պատը, կենդանացնում տարածքը, նոր մտայնությունների տեղիք տալիս։
«Ընդհանուր առմամբ սեր ունեմ նկարչության նկատմամբ։ Կարծում եմ, կարողանում եմ տարբերակել լավ նկարը վատից, անուններով նկարի ընտրություն չեմ կատարում։ Մենք չենք համագործակցում բիզնեսի համար։ Կարլոսին ընդունում եմ որպես ընկերոջ։ Նրա մոտեցումները գեղանկարչության մեջ ինձ հոգեհարազատ են, ամեն նկարի մեջ միտք է դրված։ Կարլոսը կարողանում է իր մտածողությունը հաղորդել կտավին, իրականության մեջ արվեստի միջավայր հայտնաբերել։ Արվեստը մեր ոլորտին համահունչ է, որովհետեւ մենք էլ արվեստի գործ ենք անում, ոչ մի քար մյուսին նման չէ, ամեն անգամ նորովի է ստեղծագործվում քարը։ Գուցե թե իբրեւ էլիտար բիզնես պահանջում է միջավայրային յուրահատուկ զգացողություն, որ կարող է արվեստը միայն հաղորդել։ Աշխատանքի արտադրողականության վրա, իհարկե, սա չի ազդի, բայց տրամադրություն կարող է ստեղծել, հաճելիության զգացումներ արթնացնել», այսպես է մտածում ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը։
Ձեռնարկությունից դուրս գալուց տպավորությունները խառնվեցինՙ գունային ազդեցություններ, գեղանկարներ, որ տրամադրություններ են ստեղծում, հաղորդակցում առաջացնում, եւ մշակվող թանկարժեք քարեր, որ սկզբնական տեսքով ապակու փայլփլուն բեկորներ էին հիշեցնում։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ