«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2003-01-23 | #13, 2003-01-24 | #14, 2003-01-25


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (4)

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիմանկարի ուրվագծեր

Մարդկային հասարակության պատմության մեջ իրենց հետքը թողած անհատները ինչ-որ արտակարգ ծնունդներ չեն եղել, գերբնական հատկություններ չեն ունեցել։ Սովորական մարդիկ են եղել, երբեմն նույնիսկՙ ոչնչով աչքի չընկնող քաղաքացիներ, մինչեւ որ իրադարձությունների զարգացումը նրանց առաջ է մղել դեպի հասարակական խոշոր խնդիրների լուծմանը մասնակից դառնալու, դրանց վրա իրենց ազդեցությունը գործելու աստեղային ժամը։ Ահա ինչու հիմնավորված է թվում այն պնդումը, թե հասարակական ուժ դարձած ամեն մի անհատ իր ժամանակի հասարակական հարաբերությունների արգասիքն է։ Մի անվերապահ նախապայմանովՙ այդ անհատի անձնական հատկանիշներն ամենից ավելի պիտի համապատասխանեն նույն այդ հասարակական հարաբերությունների առաջադրած պահանջներին։

Այս հայեցակետից դիտարկելիսՙ Ռոբերտ Քոչարյանը, իբրեւ անհատ, արցախյան ազգային-ազատագրական շարժման նոր փուլի ծնունդն է, նրա «արգասիքը»։ Շարժումը առաջ քաշեց նրան, վեր բարձրացրեց մյուսներից, կարգեց իրեն առաջնորդ, որովհետեւ գուցե թե շատերի համար էլ անսպասելիՙ պարզվեց, որ Ստեփանակերտի մետաքսի կոմբինատի երբեմնի վարպետն ու կուսկոմիտեի քարտուղարը իր անձնական հատկանիշների բերումովՙ անձնական խիզախությամբ, ամենածանր պահին իսկ գլուխը չկորցնելու կարողությամբ, սթափ մտածողությամբ, սեփական ժողովրդի ազատագրության սրբազան գործին իր անսահման նվիրվածությամբՙ ամենից ավելի էր համապատասխանում ժամանակի հասարակական պահանջներին։ Պատերազմը դաժան բան է, պատերազմում անարժանները, վախկոտները, պաշտոնամոլները շատ արագ փառազրկվում-հետ են մղվումՙ ասպարեզը զիջելով ոգով ուժեղներին։ Ի բարեբախտություն իրենՙ պատերազմից հետո էլ նա կարողացավ արժանիորեն կրել խաղաղության փորձությունը, ապացուցեց ԼՂՀ վարչապետի, ապա եւ նախագահի պաշտոնում իր գտնվելու բարոյական իրավունքն ու անհրաժեշտությունը։ Եվ միանգամայն օրինաչափորեն, երբ Հայաստանում ծագել էր հերթական կառավարական ճգնաժամը եւ երբ ժողովրդի աչքում ինքն իրեն լիովին վարկաբեկած վարչախումբն այլեւս ի վիճակի չէր սեփական շարքերից առաջ քաշելու վարչապետի պաշտոնին քիչ թե շատ արժանի որեւէ թեկնածու, Քոչարյանին հրավիրեցին գլխավորելու Հայաստանի կառավարությունը։ Այնպես որՙ Քոչարյանը հայաստանյան քաղաքական իրականության մեջ հայտնվեց ամենեւին էլ ոչ իր ցանկությամբ եւ ոչ անդրկուլիսային խարդավանքների, պալատական քծնանքների կամ այլ «հանգամանքների» բերումով։ Նրան Ստեփանակերտից հրավիրող վարչակազմը ձգտում էր Քոչարյանի բարձր հեղինակությամբ «մաքրագործել» սեփական արատավորված դեմքը, երկարաձգել իր քաղաքական հոգեվարքը։ Բայց այլեւս անհնար էր։ Ժողովրդից կատարելապես խորթացած վարչախմբին այլեւս ոչինչ փրկել չէր կարող, նույնիսկՙ Քոչարյանը։ Մանավանդ պարզվեց, որ նոր վարչապետը շարունակում էր «դեմք» մնալՙ չհարմարվելով ՀՀՇ-ական վերնախավի ապականված բարքերին։ Չեմ կարող չհիշեցնել չափազանց բնորոշ մի «մանրուք». Քոչարյանը Հայաստանի միակ պետական պաշտոնյան էր, որ իր վարչապետության շրջանում հանդգնություն ունեցավ չմասնակցել կառավարող կուսակցության հերթական համագումարին, ուր նախագահը հաճոյախոսություններ էր շռայլում սեփական կուսակիցների հասցեին եւ ցուցադրաբար հենց այդ օրը մեկնեց հանրապետության շրջաններ... Եվ այժմ, երբ զանազան ՀՀՇ-ական երբեմնի «երեւելիներ» փրփուրը բերաններին փորձում են միամիտներին համոզել, թե իբր Քոչարյանը Հայաստանում իշխանության է եկել ոչ ավելի, ոչ պակասՙ «դավադրության», անգամՙ «պետական հեղաշրջման» ճանապարհով, ակամա ցանկություն է առաջանում հարցնելուՙ ինչի՞ վրա է ձեր հույսը, պարոնայք, ողջ ժողովրդի հիշողության կորստի՞։ Ո՞վ ամենից ավելի վարկաբեկեց ձեր իշխանությունը, եթե ոչ դուք ինքներդՙ ձեր անհագուրդ ընչաքաղցությամբ, անպարագիծ կամայականություններով, Հայաստանի հետ Արցախի միավորման ձեր իսկ հռչակած «Միացում-միացում» կարգախոսից ձեր հրաժարվելով։ Քոչարյանն ընդամենը քաջություն ունեցավ հայրենասիրաբար տրամադրված մեր մյուս գործիչների հետ դեմ գնալու այդ կործանարար պարտվողական քաղաքականությանը, չվախեցավ ստանձնել երկրի ղեկավարությունը այն ժամանակվա բացառիկորեն ծանր պայմաններում, երբ միջազգային հանրության ճնշումների առաջ կապիտուլյացիայի դրոշ պարզած նախկին նախագահը սեփական սարսափը փորձում էր փոխանցել ողջ ժողովրդին։ Ոչ միայն փորձում էր, այլեւ նույնիսկ իր հրաժարականի հայտարարության մեջ հուշում էր նույն այդ միջազգային հանրությանը, թե «Հայաստանում իշխանության է եկել պատերազմի կուսակցությունը», մի տեսակ կարծես հրահրելով, որ դրսից հաշիվ մաքրեն այդ «չարագույժ կուսակցության» հետ։ Միայն Աստծուն է հայտնի, թե Քոչարյանից ու երկրի նոր ղեկավարությունից որքա՜ն մեծ ջանքեր պահանջվեցին ու դեռ պահանջվում ենՙ այս աշխարհի հզորներին վստահություն ներշնչելու, որ ընդամենը արդարացի եւ արժանապատիվ խաղաղություն է ուզում, պատրաստ է խելացի փոխզիջումների եւ դեմ է պատերազմի վերսկսման կոչերին, որ պարբերաբար հնչում են Ադրբեջանից։ Ըստ իս, այդ հզորները հիմա հիանալի հասկանում են մի ճշմարտություն, որ համառորեն չեն ուզում տեսնել ու հասկանալ մեր տնաբույծ քաղաքական այրերից շատերըՙ Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման հարցը Հայաստանի կողմից այսօր կարող է լուծել Քոչարյանը եւ միմիայն Քոչարյանը։ Ցանկացած այլ նախագահի ընտրության դեպքում գործընթացը դատապարտված է վերադառնալու նախասկզբնական կետինՙ այստեղից բխող նոր անվերջանալի հետաձգումներով։ Եվ դեռ շատ մեծ հարց էՙ մենք այդ նոր հետաձգումների ժամանակը ունե՞նք, թե՞ չունենք, կամ ամենամոտ ապագայում արդեն կարող ենք եւ... չունենալ։

Օբյեկտիվորեն գնահատելով Քոչարյան-անհատի մատուցած ծառայությունները մեր ժողովրդին, ամենեւին աչք չփակելով նրա իշխանության օրոք Հայաստանում տեղ գտած արատավոր երեւույթներիՙ շարունակվող արտագաղթի, ժողովրդի մի զգալի մասի ծայրահեղ աղքատության, պետական չինովնիկների կաշառասունության, շարքային մարդու անպաշտպանության եւ այլ երեւույթների վրա, որոնք օրինական դժգոհությունների տեղիք են տալիս, ցանկանում եմ այժմ, նախագահական ընտրություններից առաջ, երբ դեռ հնարավոր չէ բացարձակ վստահությամբ ասելՙ Քոչարյանը կվերընտրվի՞, թե ոչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարելՙ կգա ժամանակը, եւ մեր Պատմությունը գլխարկ կհանի Քոչարյանի առաջ։ Համոզված եմ, որ նա այսօր դեռ շատ ու շատ պետք է մեր պետությանն ու ժողովրդին։ Նրա հետ եմ կապում մեր երկրի կայունության, վերը նշված արատավոր երեւույթների հաղթահարման, տնտեսական վերափոխումների հեռանկարի, երկրում կարգ ու կանոն հաստատելու, ազնիվ գործարարության ծավալման, զանազան եւ դեռեւս անվերահսկելի «զոռբաների» կապերը քաշելու, վաղ թե ուշ ողջ ժողովրդի համար արժանավայել կենսապայմաններ, ապահով ու խաղաղ հայրենիք ստեղծելու իմ հույսերը առաջիկա 5 տարիներին։ Չեմ ուզում եւ պատշաճ չեմ համարում բացասական գնահատական տալ Քոչարյանի մրցակիցներին, նախագահության մեր մյուս թեկնածուներին։ Ամեն մեկն ունի իր արժանիքներն ու թերությունները, իր ընդունելի կամ անընդունելի գաղափարները, իր իրական կամ ֆանտաստիկ ծրագրերը։ Նրանցից շատերին Քոչարյանը զիջում է իր պերճախոսությամբ, կեցվածքներ ընդունելու, պարզ մարդկանց հաճոյանալու եւ «սիրտ մտնելու» ընդունակությամբ։ Ընդսմին, նրա բոլոր մրցակիցներն ազատ են ցանկացած խոստում տալու, իսկ թե դրանք որքանո՞վ կկատարվեն կամ չեն կատարվիՙ ապագայի հարց է։ Քոչարյանը, ի տարբերություն մրցակիցների, կանգնած է ոչ թե օդեղեն խոստումներ տալու, այլՙ արդեն իսկ կատարվածի մասին հաշվետվություն ներկայացնլու անհրաժեշտության առաջ։ Եվ ժողովուրդը պիտի որոշիՙ ու՞մ հավատալ, նրա՞ն, ով արդեն իսկ երկիր կառավարելու հսկայական փորձ է կուտակել, մեծ ծրագրեր է իրականացրել ու նախանշել, վիթխարի աճ է ապրելՙ իբրեւ քաղաքական այր, թե՞ ուրիշների, որոնցից շատերը մինչ այժմ ոչնչով աչքի չեն ընկել, Քոչարյանի վաստակի 1 տոկոսն իսկ չունեն, փոխարենըՙ երեւելի հռետորներ են, հմուտ դերասաններ։ Խոսքի՞ն ենք հավատալու, թե՞ գործին։

Եվՙ վերջինը։ Ես ամենեւին չեմ իդեալականացնում Քոչարյանին, գիտեմ ու տեսնում եմ նաեւ նրա մարդկային թուլություններն ու թերությունները, առիթներով խոսում ու գրում եմ այդ մասին։ Այսպես կոչված «պալատական լրագրողների» թվին չեմ պատկանում, պատշաճ առիթներով զանազան պալատներում անցկացվող քեֆ-ուրախությունների մասնակցելու հրավերներ չեմ ստանում, չեմ ուղեկցում նախագահին նրա ուղեւորությունների ժամանակ։ Անձամբ ծանոթ չեմ իրեն եւ ընդամենը 4 անգամ, իբրեւ լրագրող, առիթ եմ ունեցել նրան մոտիկից տեսնելու։ Քոչարյանի վերընտրվելու պարագայում զուտ անձնական որեւէ ակնկալիք չունեմ, այլոց նման որեւէ խոստում չեմ ստացել ոչ իրենից, ոչ իր կամ իր մրցակիցների նախընտրական շտաբներից։ Սակայն այս նախընտրական թոհուբոհում իմ բարոյական պարտքն եմ համարում հորդորել ժողովրդինՙ առաջիկա ընտրություններում ձայն տալ Քոչարյանի օգտին։ Քանզի խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին դիմագրավելու համար մեզ ամենից ավելի հենց Քոչարյանն է պետք։ Չտանե՛նք երկիրը նոր ու անհայտ փորձությունների, թույլ չտանք, որ մեր ճակատագիրը դառնա որբի գլխի վրա վարսավիրություն սովորելու ձգտող զանազան հավակնոտ անձանց մրցահարթակ, մեր ընտրությունը կատարենք ոչ միայն եւ ոչ այնքան հանուն սրա կամ նրա «գեղեցիկ աչքերի», այլՙ հանուն Հայաստանի Հանրապետությա՛ն։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4