«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2003-01-25 | #15, 2003-01-28 | #16, 2003-01-29


«ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Հայոց ցեղասպանությանը վերաբերող սկզբնաղբյուրների շարքում առաջնակարգ ու անգնահատելի են գերմանականները։ Յոհաննես Լեփսիուսի եւ նրա «Գերմանական առաքելություն Արեւելքում» ընկերության երկարամյա հայանպաստ գործունեությունը, որ սկիզբ առնելով 1895¬96 թթ. համիդյան կոտորածներից, շարունակվեց մինչեւ 1943 թ., ունի խիստ բազմաշերտ նկարագիր. որբախնամ աշխատանքների ծավալում, անհատույց բուժսպասարկում, թեժ գրապայքար հակահայկական քարոզչության դեմ, Հայկական հարցի, հայ ժողովրդի իրավունքների հրապարակային պաշտպանություն Գերմանիայում եւ Եվրոպայում, առեւանգված երեխաների եւ կանանց ազատագրում...

Հայ ժողովուրդը Լեփսիուսի հրապարակած դիվանագիտական փաստաթղթերին եւ փաստագրական նյութերին առաջին անգամ իրազեկ դարձավ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Յակոբոս Տաշյանի 1921 թ. հրատարակված «Հայ ազգի տարագրութիւնը գերմանական վավերագիրներու համեմատ» աշխատության միջոցով։ Թեպետ հետագայում արժանահիշատակ շատ ուսումնասիրություններ են կատարվել, սակայն այսօր էլ Լեփսիուսի ժողովածուների հիման վրա լուսաբանվում են հայոց նոր պատմության մութ ու դեռեւս թերի մնացած էջերը, քանի որ բազում հիմնահարցեր դեռեւս զերծ չեն կեղծարարությունից ու նենգափոխումներից, մանավանդ որ մեծ է դրանց քաղաքական նշանակությունը։ Ահա այդ հիմնահարցերը լուսաբանելու եւ օտար աղբյուրների հիման վրա հայոց կոտորածների վերաբերյալ թուրքական պատմագիտության եւ այլոց կեղծումներն ու աղավաղումները սրբագրելու գործում զգալի նպաստ կարող է բերել Աշոտ Հայրունու «Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը» մենագրությունըՙ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի խմբագրությամբ։ Մենագրությունը, որի միջոցով առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում բազմաթիվ արժեքավոր սկզբնաղբյուրներ, բաղկացած է 3 գլուխներից։ Առաջինում լուսաբանվում է Լեփսիուսի եւ նրա ընկերության նախապատերազմյան շրջանի հայանպաստ գործունեությունը։ Երկրորդ գլուխը նվիրված է աշխարհամարտի տարիներին կատարված աշխատանքներին, իսկ երրորդն ընդգրկում է 1919¬1943 թթ. ժամանակաշրջանը։ Գրքի հրատարակությունը ֆինանսավորել է Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը։

Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում, որտեղ գրքի հեղինակ Աշոտ Հայրունուն գնահատանքի ու շնորհավորանքի խոսքեր հղեցին ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մուրադյանը, լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը, հայ-գերմանական ընկերության նախագահ Էդիկ Սարոյանը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում իրագործվող ծրագրերի համակարգող Վինֆրիդ Շնայդեր-Դետերսը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսը եւ այլք։ Նրանց խոսքում ընդգծվեց Լեփսիուսի եւ նրա ընկերության հայանվեր գործունեության դարակազմիկ նշանակությունը հայ-գերմանական փոխհարաբերությունների պատմության մեջ, որը կխթանի երկու ժողովուրդների արդի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը։ Ընդհանուր գնահատմամբ, «Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը» մենագրության միջոցով Աշոտ Հայրունին ոչ միայն մեր ազգային տուրքն է մատուցել մեծ հումանիստ Լեփսիուսի հիշատակին, այլեւ ստեղծել է գիտական ու քաղաքական առումներով արժեքավոր աշխատանք, որը կդիմանա ամենախիստ գիտական քննությանը։

Իսկ Գերմանիայի դեսպանը հույս հայտնեց, որ այս տարվա ընթացքում գիրքը կթարգմանվի գերմաներեն եւ Լեփսիուսի անունը կփառավորվի նաեւ իր հայրենիքում։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4