«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2003-01-29 | #17, 2003-01-30 | #18, 2003-01-31


ԳՆԱՑՔԻ ՁԱՅՆԻՑ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՔՆԵԼ

Վրաստանի խորհրդարանը փակ նիստում քննարկում է Աբխազիայի հարցը

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովում Էդուարդ Շեւարդնաձեի առաջարկով օրակարգից հանվեց վրաց-աբխազական հակամարտության գոտում ռուսական խաղաղարար ուժերի մանդատը երկարաձգելու հարցը։ «Մանդատը երկարաձգելու փաստաթուղթը ես չեմ ստորագրելու, քանի դեռ լուծում չեն ստացել վիճելի հարցեր, մասնավորապես երկաթուղային հաղորդակցության եւ անձնագրերի հանձնման խնդիրները», Կիեւում հայտարարեց Վրաստանի նախագահը։

«Վիճելի հարցերը» պետք է պարզաբանում ստանան երեք շաբաթվա ընթացքում։ Ակնհայտ է, որ եթե անգամ Շեւարդնաձեն չերկարաձգի ռուս խաղաղարարների մանդատը, ինչի հավանականությունը խիստ նվազ է, ապա չի էլ պահանջի, որ ռուսները հեռանան Աբխազիայից։ Խնդիրն այն չէՙ ռուսները կհեռանա՞ն, թե՞ ոչ։ Վրաստանում անգամ ամենահակառուսամետ ուժերը մտահոգություն ունեն, որ ռուսների հեռանալու դեպքում նոր ողբերգության հավանականությունը փոքր չէ։

Որքան էլ Կիեւում Պուտին-Շեւարդնաձե հանդիպումն անցած լինի փոխըմբռնման մթնոլորտում, միեւնույն է, «վիճելի հարցերում» Մոսկվան չի պատրաստվում զիջումների դիմել։ Այսպես, Սոչի-Սուխում երկաթուղու բացման հարցում Պուտինը ոչ միայն չդատապարտեց Սուխումի եւ Կրասնոդարի իշխանություններին, այլեւ նպատակահարմար համարեց անդրկովկասյան երկաթգծի ապաշրջափակումն ամբողջությամբ, մինչեւ Հայաստան։

«Սոչի-Սուխում գնացքն աշխատելու է ամեն օր։ Սուխումը ցանկացած պահի պատրաստ է իր օդանավակայանում ընդունել քաղաքացիական ինքնաթիռներ», երեկ հայտարարել է Աբխազիայի չճանաչված հանրապետության փոխնախագահ Վ. Արշբան։ Վարչապետ Գ. Գագուլիան հիշեցրել է. «Դեռ 1996 թ. Ռուսաստանը, Վրաստանը եւ Աբխազիան ստորագրել են արձանագրություն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայի եւ Վրաստանի տարածքով հաղորդակցությունը վերականգնելու մասին։ Ցավոք, վրացական կողմի դիրքորոշման պատճառով այդ որոշումը մնաց թղթի վրա»։

«ՌԴ օրենսդրության համաձայն քաղաքացիություն ստանալու գործընթացը բավական բարդ է։ Այն, ինչը նման անհանգստության տեղիք է տվել, մենք չենք կարող կոչել անձնագրերի բաշխում։ Դա միայն հայցերի ընդունում է», Կիեւում հայտարարեց Պուտինը, հիշեցնելով, որ 1993 թ. մոտ մեկ մլն վրացի բնակություն է հաստատել ՌԴ-ում, որից 650 հազարն ստացել է ՌԴ քաղաքացիություն։ «Եթե վրացիներին կարելի է, ապա ինչո՞ւ չի կարելի աբխազներին», ասաց Պուտինը։

Երեկ Վրաստանի խորհրդարանը փակ նիստում քննարկում էր Աբխազիայի հարցը։ Հաշվի առնելով, որ աշնանը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, դժվար չէ պատկերացնել, թե Վրաստանում ռուսական ռազմական ներկայության հարցում ինչ դիրքորոշում կորդեգրեն խորհրդարանականները։ Հիշեցնեմ, որ արդեն մեկ անգամ խորհրդարանը Շեւարդնաձեից պահանջել է Աբխազիայից դուրս բերել ռուսական ուժերը։

Ի դեպ, օտարերկրյա ռազմական ներկայության առումով Վրաստանն աշխարհում ունիկալ պետություն է. այսօր վրացական հողի վրա միաժամանակ պահպանվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունն, իհարկե, չհաշված Վրաստանի զինված ուժերը եւ ՄԱԿ-ի դիտորդներին։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4