«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2003-01-29 | #17, 2003-01-30 | #18, 2003-01-31


ԳՈՐԾԻ, ՈՉ ԹԵ ԽՈՍՔԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայկական կենսատեխնոլոգիան ճանաչվում է միջազգային ասպարեզում

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նոր Նորքի համայնք ՀՀ նախագահի նախընտրական այցելության առաջին կայանը Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտն էր։ Երկարատեւ դադարից հետո այն ակտիվ կենսագործունեության է անցել ընդամենը 2 տարի առաջ։ Եվ այսօր արդեն հասցրել է սերտ համագործակցել միջազգային գիտական կազմակերպությունների հետ։ Չինաստանի հետ համատեղ Երեւանում հիմնվել եւ գործում է չին-հայկական կենսաինժեներական կենտրոն, ամերիկացիների հետ իրականացնում են կենսատեռորիզմի դեմ պայքարում կիրառվելիք տարաբնույթ պրեպարատներ ստանալու ծրագիրը։ Դրանք արգելակում են խոլերայի, սիբիրախտի հարուցիչների աճը։ Հասկանալի պատճառներով այս աշխատանքների ընդլայնման մեջ առաջինը շահագրգռված են ամերիկացիները։ Այս թեմայի եւս 4 նախագիծ արդեն քննարկվում է ֆինանսավորման ներկայացնելու համար։ Ինստիտուտի արտադրանքն օգտագործվում է նաեւ գյուղատնտեսության մեջ։

Պետական ֆինանսավորումը կազմում է տարեկան 20 մլն դրամ, որը փակում է ինստիտուտի ծախսերի 10¬15 տոկոսը միայն։ Հիմնական հովանավորները Չինաստանն ու ԱՄՆ-ն են։ 110 աշխատակիցներով (80-ը գիտաշխատողներ են) ինստիտուտի համար ներդրված եւ ներդրվելիք գումարները բավական պատկառելի ենՙ չինացիները ֆինանսավորում են տարեկան 150¬200 հազար, ամերիկացիները 3 տարումՙ 375 հազար դոլար։

Այն, որ կենսատեխնոլոգիայի ասպարեզում եւս Հայաստանը կամաց-կամաց «ճանաչելի» է դառնում, վկայում են 2 խոշոր մրցանակներըՙ Դեկարտի անվան եվրոպականը, որն այլ կերպ նույնիսկ անվանում են Դեկարտ Նոբել, շնորհվել է հակաուռուցքային պրեպարատների համար կատալիզատորների ստեղծման համար։ Մյուս պարգեւը չինական բարձրագույնն էՙ «Բարեկամություն» շքանշանը, որն ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանին անձամբ հանձնել է Չինաստանի նախագահը։

Ինստիտուտին կից ստեղծվել է փորձարարական կայան, ուր նախնական փորձաշրջան է անցնում գիտական արտադրանքը։ Ալկոհոլային խմիչքի արտադրությունները սպիրտ ստանալու համար արդեն իսկ օգտագործում են այստեղ ստեղծված ֆերմենտային պրեպարատները։ Մինչ այդ, դրանք բավական թանկ ծախսերով գնում էին արտասահմանից։ Այսօր տեղական նմուշները ոչնչով չեն զիջում արտասահմանյան նույնանուն արտադրանքին։

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը շրջեց ինստիտուտի լաբորատորիաներում, ծանոթացավ գիտական թեմաների մշակման ընթացքին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4