Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն երեկ հայտարարել է, որ Վրաստանի տարածքում նոր «թեժ կետեր» սադրելու հնարավոր փորձերը բումերանգի նման հարվածելու են նրանց, ովքեր նման ծրագրեր ունեն։ Մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, թե Ռուսաստանը նոր բարդություններ կարող է ստեղծել Պանկիսի կիրճում կամ Սամցխե-Ջավախքում, որպեսզի Թբիլիսիի ուշադրությունը շեղի Աբխազիայիՙ ռուս խաղաղարարների մանդատի քննարկման հարցից, պրն Ջափարիձեն նշել է, որ նման ենթադրությունները տեսականորեն չպետք է բացառել։ «Ամեն դեպքում, պետք չէ ակնկալել, որ պետությունն իր սահմաններից դուրս հակամարտություն հրահրելով ինքը կմնա ապահով», ասել է Ջափարիձեն։
Օրերս նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարեց, թե Ցխինվալիի շրջան (Հարավային Օսիա) զորքեր մտցնելու Վրաստանի նախկին իշխանությունների քայլը սխալ էր։ Նախագահը նկատի ուներ Զվիադ Գամսախուրդիային, որը հրահրեց վրաց-օսական բախումներ, եւ արդեն տասը տարուց ավելի Թբիլիսին չի կարողանում վերահսկել Վրաստանի այդ շրջանը։
Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն էլ Էդուարդ Շեւարդնաձեին է մեղադրում Վրաստանի մեկ այլ շրջանՙ Աբխազիա զորքեր մտցնելու մեջ։
«Եթե ռուս խաղաղարարները դուրս բերվեն վրաց-աբխազական հակամարտության գոտուց, ապա Ռուսաստանի որոշ ուժեր փորձելու են Աբխազիայում սադրանքներ հրահրել։ Օրինակ, Ռուսաստանը փորձում է անկարգություններ հրահրել Սամցխե-Ջավախքում, որտեղ հավաք կերպով հայեր են բնակվում։ Հայաստանը շահագրգռված չէ Վրաստանի հետ հարաբերությունները բարդացնել Ջավախքի պատճառով», երեկ հայտարարել է միջազգային իրավունքի հարցերով նախագահ Էդ. Շեւարդնաձեի խորհրդական Լեւան Ալեքսիձեն։ Վրացական մամուլը Հայաստանի մասին ավելի շատ գրում է բացասական երանգներով, իսկ երբ խոսքը վերաբերում է Վրաստանի անբաժանելի տարածքիՙ Սամցխե-Ջավախք երկրամասի իրադարձությունները լուսաբանելուն, ապա, չգիտես ինչու, շեշտը դրվում է «հայկական անջատողականության» վրա։
Պաշտոնական Երեւանը բազմիցս նշել է, որ խիստ շահագրգռված է Վրաստանի ներքին կայունության պահպանմամբ, Ջավախքի հայ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները համարում է Վրաստանի եւ վրաց կառավարության լուծելու հարցը։
«Մեր կապերը Վրաստանի հետ բնական են, ավելինՙ Վրաստանը մեր հիմնական տարանցիկ ճանապարհն է։ Մենք շատ կուզեինք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լինեին ավելի զարգացած, քան մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դրանից մենք միայն կշահենք եւ ես վստահ եմ, որ որ կշահեր նաեւ տարածաշրջանը», ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավելելով, որ ինքը լավ կապեր ունի ե՛ւ Էդ. Շեւարդնաձեի, ե՛ւ Վլ. Պուտինի հետ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի