«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2003-02-06 | #23, 2003-02-07 | #24, 2003-02-08


ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՑ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ՇՆՈՐՀԻՎ

Այս տարվա հունվարի 8-ին ԼՂՀ տարածքում դիվերսիոն-հետախուզական գործողություն կատարելու ժամանակ գերի ընկած ադրբեջանական բանակի զինվոր Էլմադդին Աբիեւը փետրվարի 6-ին ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով հանձնվեց ադրբեջանական կողմին։

Հիշեցնենք, որ Ղարաբաղի տարածք թափանցելու փորձի ժամանակ Է. Աբիեւը ստացել էր հրազենային ծանր վնասվածք եւ տեղափոխվել ԼՂՀ զինվորական հոսպիտալներից մեկը, ուր վիրահատվել էր։ Բուժման ընթացքում ԼՂՀ իշխանությունները, դրսեւորելով բարի կամք, պատրաստակամություն էին հայտնել թույլատրելու գերի զինվորի ծնողներինՙ տեսակցել իրենց որդու հետ։ Ցավոք, ադրբեջանական իշխանությունները ոչ միայն խոչընդոտել էին դրան, այլեւ գերեվարման փաստը դարձրել քաղաքական շահարկման առարկա։ Ակներեւ է, որ հարեւան պետության ռազմական գերատեսչությանը չէր հետաքրքրում իրենց բանակի զինվորի ճակատագիրը, այլապես նրանք այդ կապակցությամբ կփորձեին որեւէ կերպ շփվել ղարաբաղյան կողմի հետ։

Հունվարի 31-ին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը ադրբեջանցի զինվորին հանձնելու մասին պաշտոնական դիմում էր հղել ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին։ Ընդառաջելով դիմումին, ԼՂՀ նախագահը որոշում է կայացրել ԿԽՄԿ-ի միջոցով ռազմագերուն հանձնելու վերաբերյալ։

Ինքը, Է. Աբիեւը, գոհ է ղարաբաղցի բժիշկների եւ, ընդհանրապես, իր հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից, որի առթիվ քանիցս արտահայտվել էր ինչպես ԿԽՄԿ, այնպես էլ անհայտ կորածների եւ պատանդների փոխանակման եւ որոնման միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչների մոտ։

Ինչպե՞ս կընդունեն նրան հայրենիքում։ Այս հարցը կարեւոր է այն առումով, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը ոչ միանշանակ է ընկալում Աբիեւին հանձնելու հանգամանքը, որովհետեւ ադրբեջանական իշխանությունները բնավ շահագրգռված չեն այդ խնդրով։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով հայրենիք տեղափոխվելուց հետոՙ նույն օրը, Է. Աբիեւը տեղավորվել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հոսպիտալում։ Այն փաստը, որ նրան չեն պառկեցրել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունում (իսկ նա, ղարաբաղցի բժիշկների վկայությամբ, լրիվ ապաքինման կարիք ունի), վկայում է Աբիեւի հանդեպ հատուկ ծառայությունների լուրջ ուշադրության մասին։ Ըստ երեւույթին, մոտ ապագայում նախկին ռազմագերու ճակատագրի շուրջ ադրբեջանական իշխանությունները քաղաքական շահարկումների նոր ալիք կբարձրացնեն։ Իսկ թե այս անգամ ինչ ուղղությամբ, ցույց կտա ժամանակը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4