«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2003-02-07 | #24, 2003-02-08 | #25, 2003-02-11


ԽԱԹԱՄԻ. «ՈՒՐԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ»

Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է առաջավոր տեխնոլոգիաներն օգտագործել խաղաղ նպատակներով։ Իռնա գործակալությունը հաղորդում է, որ նախագահը նման տեխնոլոգիաների թվին է դասել միջուկային արդյունաբերությունը։

Խաթամին հայտնել է, որ Իրանն զգալի առաջընթացի է հասել միջուկային էներգետիկայի խաղաղ կիրառման բնագավառում, ավելացնելով, որ անպատասխանատու վարչակարգերի ձեռքն ընկնելու դեպքում այդ տեխնոլոգիան կարող է դառնալ մահաբեր։

Նախագահն ասել է, որ պետությունն սկսելու է Յազդ քաղաքից ոչ հեռու գտնվող ուրանի հանքերի մշակումը եւ ուրանի հանքանյութի մշակման ֆաբրիկաներ է կառուցելու Սպահանում եւ Քաշանում։ Կառավարությունը ծրագրում է միջուկային էներգիա օգտագործելով ստանալ ավելի քան 6 հազար մեգավատ էլեկտրականություն։

Խաթամին ընդգծել է, որ Իրանն իր բոլոր ծրագրերը մշակել է միջազգային պայմանագրերին ու օրենքներին համապատասխան, եւ դա իրանցիների օրինական իրավունքն է։ «Քաղաքակրթությունների երկխոսությանը եւ միջազգային խաղաղ կոալիցիային աջակցող իրանական մեծ ազգը երբեք չի փորձի արտադրել զանգվածային բնաջնջման զենք», ասել է նա։

Ռոյթեր գործակալությունը նշում է, որ Իրանն առաջին անգամ է պաշտոնապես խոստովանում սեփական տարածքում ուրանի հանքանյութի գոյությունը։ Այդ փաստը կարող է լրջորեն մտահոգել Վաշինգտոնին, որն առանց այդ էլ Իրանն ընդգրկել է «չարիքի առանցքի» երկրների ցանկում։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4