«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2003-02-08 | #25, 2003-02-11 | #26, 2003-02-12


ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

«Մեր այսօրվա գերխնդիրը նախագահական ընտրություններին ուսանողության ակտիվ մասնակցության ապահովումն է։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում պետք է անցկացվեն լեգիտիմ ընտրություններ, քանզի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ դա չափազանց կարեւոր է։ Ազգաբնակչության եւ միջազգային հանրության վստահությունը երկրի նախագահին մեծապես կախված է առաջիկա ընտրություններից։ Լեգիտիմ ընտրություններ կարելի է ապահովել ժողովրդի ակտիվ մասնակցությամբ, որը բացառում եւ նվազեցնում է ընտրակեղծիքներն ու վարչական լծակների ազդեցությունը։

Գյումրու ուսանողությունը պաշտպանում է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, քանի որ տեսնում է նրա աշխատանքը, իսկ մյուս թեկնածուների աշխատանքը դեռեւս չի տեսել։ Երիտասարդության շրջանում գործող նախագահի վարած քաղաքականությունը դրական ենք գնահատում։ Հուսով ենք, որ ընտրությունները կլինեն արդար»։

Գյումրու ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Պետրոսյանի հետ երեկ զրուցեցինք տեղի ուսանողության եւ «Բազե» հանրապետական արշավի կարմիր ճակատի մասնակիցների հանդիպման ժամանակ։ Խելացի եւ ուշիմ այս երիտասարդների հետ շփվելիս լցվում ես հավատով, որ Գյումրին հզորանալու է, վերստին ձեռք է բերելու նախկին պատվելի համբավը։ Գյումրու երիտասարդները հավատում են Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս չհավատան, երբ նրանց աչքերի առջեւ քաղաքն օր-օրի շունչ է առնում, երբ ամենուրեք վերամբարձ կռունկներն են բարձրանում ու նոր շենք ու շինություն խոյացնում։

Գյումրին 10 հազար ուսանողություն ունի, եւ դրանով էին պայմանավորված երեկվա հանդիպումները Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ապա ճարտարագիտականում եւ վերջումՙ «Պրոգրես» մասնավոր համալսարանում։ «Գյումրին խոշոր կրթական օջախ է։ Ուսանողների հետ հանդիպելով փորձում ենք նրանց իրազեկ դարձնել արշավի նպատակներին, միաժամանակ շոշափել տեղի խնդիրները։ Թեպետ մեր ակցիան քաղաքական է, այդուհանդերձ, անմիջական շփումները ծնում են նոր գաղափարներ ու ծրագրեր», ասաց «Բազեի» կարմիր ճակատի ղեկավար Արմեն Աշուրյանը։ Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում։ Ուսանողները ցանկություն հայտնեցին, որ հանդիպումները կազմակերպվեն հնարավորինս հաճախակի, արեցին իրենց դիտողություններն ու առաջարկները նաեւ «Բազե» հանրապետական արշավի կազմակերպման վերաբերյալ։ Ուրախալի է, որ շուտով Գյումրու ուսանողական խորհուրդն էլ կհամագործակցի Երեւանում գործող միջբուհական կոորդինացիոն խորհրդի հետ, որը սերտ կապեր է հաստատել Իջեւանի եւ Վանաձորի ուսանողական խորհուրդների հետ։

Հանդիպումներից գոհունակություն եւ Ռոբերտ Քոչարյանին սատարելու պատրաստակամություն հայտնեցին բուհերի ղեկավարները։ Նրանց խոսքում շեշտվեց քաղաքում ծավալված շինարարական մեծածավալ աշխատանքներին նախագահի մեծ աջակցությունը, ակնառու դրական տեղաշարժերը թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի ասպարեզում, որոնք նախադրյալներ են ստեղծում աղետի գոտին զարգացման գոտի դարձնելու համար, մտավորական մարդուն ապահով ապագայի երաշխիքներ տալիս։

Բարձր տրամադրությամբ էին համակված նաեւ Ռոբերտ Քոչարյանին սատարող «բազեները»։ «Մենք քարոզարշավ ենք իրականացնում, որը մեզ հնարավորություն է տալիս միաժամանակ ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային օջախներին, մարդկանց իրական կյանքին։ Անչափ ուրախացանք, որ Թալինի «Դայմոթսի» ադամանդագործական ձեռնարկությունում գերազանցապես աշխատում են երիտասարդները։ Նրանք կարող են վստահաբար ընտանիք ստեղծել, քանզի նյութապես ապահով են։ Աջակցում են գործող նախագահինՙ մեր երկիրը բարգավաճ դարձնելու գիտակցությամբ», իր տպավորությունները մեզ հաղորդեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սուրեն Ենոքյանը։ Իսկ էստրադային կատարողները մարզերի բնակիչներին պարգեւում են հաճելի ու թեթեւ համերգներ, որոնք բնակիչների խոսքերով, այնքան հաճախ չեն լինում։

Զրույցի բռնվեցի ուսանողներից մի քանիսի հետՙ իմանալու նրանց կարծիքը հանդիպումների ու գործող նախագահին սատարելու մասին։ Պատասխանները միանշանակ էին. «Լավ տպավորություն ստացանք»։

Ո՞ւմ ես ընտրելուՙ «Ռոբերտ Քոչարյանին, էլ ո՞ւմ, մյուսներին էլ պիտի ասեմ, որ նրան ընտրեն», ասաց գրաֆիկայի ֆակուլտետի ուսանող Կարապետ Դավոյանը։ «Կույր պետք է լինել Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը չտեսնելու համար», ասում են գյումրեցիները։ Իսկ իրենք տեսնում են։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Գյումրի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4