«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2003-02-11 | #26, 2003-02-12 | #27, 2003-02-13


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ» ՖԻԼՄԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԵՎ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Բրիտանացի լրագրող Ֆերգալ Քինի նկարահանած «Հայաստանը դավաճանված» փաստագրական ֆիլմը, հունվարի 26-ին BBC 2 հեռուստաալիքով ցուցադրվելուց հետո, փետրվարի 6-ին ցուցադրվեց Բեյրութի Հակոբ Տեր-Մելքոնյան թատրոնում, իսկ փետրվարի 22-ին կցուցադրվի Գլենդեյլի հանրային գրադարանում։ Ինչպես հայտնել էինք (15 հունվար, 2003 թ., «Ազգ»), ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ուրացումներին եւ այդ համատեքստում Մ. Նահանգների քաղաքականությանն Անկարայի նկատմամբ։ Ֆիլմն արդեն դիտել է ավելի քան 2 մլն հանդիսատես։ Հավանաբար, շուտով կցուցադրվի BBC World հեռուստաալիքով։ Բեյրութում ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել Լիբանանի սպորտի եւ երիտասարդության նախարար Սեպուհ Հովնանյանը, Լիբանանում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Ֆիլմը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչ Մինաս Հանսքեյանը։

40 րոպե տեւողությամբ ֆիլմում ընդգրկված են փաստացի տեղեկություններ, հարցազրույցներ ցեղասպանությունից փրկվածների հետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Մ. Նահանգների նախագահների խոստումների դրժումը, Հենրի Մորգենթաուի վկայությունները եւ այլ ծանրակշիռ փաստեր։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4