114 նորապսակ զույգերին օրհնեց Վեհափառ հայրապետը, շնորհավորեց հանրապետության նախագահը
Նորապսակների օրհնության տոնն Արարատի մարզի համայնքի բնակիչները երեկ նշեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի եւ պատվիրակության մյուս անդամների մասնակցությամբ։
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից եկել ենք մեր օրհնությունը բերելու նորապսակ մեր զավակներին եւ ձեզ հետ տոնախմբելու Տյառնընդառաջը։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ այս տոնի հետ է կապել նորապսակ իր զավակների հավաքական ուրախությունը տոնախմբելու արարողությունը, որպեսզի կյանքի իրենց առաջին քայլը նորապսակ հայորդիք կատարեն Տիրոջն ընդառաջ ելնելու հավատքով, աստվածային պատվիրաններին հավատարիմ ապրելու պատրաստակամությամբ, եւ խարույկից վառված լույսն իբրեւ աստվածորդու հայտնության սիրո կրակ միշտ ջերմացնի իրենց հոգիներն ու նորաշեն հարկերը», ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը տերունական աղոթքից հետո։
Ռոբերտ Քոչարյանին սատարող նորապսակների կյանքում երեկվա օրը նշանակալից էր։ 114 նորապսակ զույգերի մուտքը բեմահարթակ անսպասելի էր ու չափազանց հաճելի։ Կաթողիկոսի օրհնությունից հետո նրանք պարի հրավիրեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որից հետո վերջինս իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեց նրանց։ Նախապես հայտնելով, որ քաղաքական ելույթ չի ունենալու, նա մասնավորապես ասաց. «Այսօր սիրելի տոն է մեզ համար։ Եկել ենք միասին նշելու։ Հետաքրքիր տեսարան էր մեր աչքերի առջեւ, շնորհավորում եմ եւ մաղթում ձեզ ամուր ընտանիք եւ առողջ երեխաներ, քանի որ առողջ ընտանիքն առողջ պետության հիմքը պետք է լինի։ Չգիտեմ, թե կնքահոր պատասխանն ինչպես եմ տալու։ Գուցե միասնական այց կազմակերպենք նախագահական շենք, որպեսզի ավանդույթը չխախտվի։ Անհանգստանում էի, որ նորապսակներն այսօր կմրսեն, բայց նրանց հետ պարելիս զգացի, որ պինդ են։ Ուրախ եմ, որ այսօր մարզում լավ տրամադրություն է, որ այս պատասխանատու ժամանակահատվածըՙ կապված նախընտրական քարոզարշավի հետ, բնականոն ընթացք ունի, եւ համոզված եմ, որ հանգիստ ու կայուն ավարտելու ենք այս քննությունը մի քանի օրից։ Պետք է մեր ամենօրյա աշխատանքով կառուցենք մեր երկիրը, մեր ապագան, իսկ դա հնարավոր է, եթե ունենք կայուն ընտանիքներ, կրթված երեխաներ ու ժողովուրդ։ Միասին կառուցենք մեր հայրենիքը», իր խոսքն ավարտեց նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի Արտաշատ քաղաքի նախընտրական շտաբի պետ Սամվել Գալստյանը ելույթ ունեցավ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանիՙ նշելով նրա ղեկավարության օրոք երկրում տեղի ունեցած դրական տեղաշարժերը, գնահատելով ղեկավարին անհրաժեշտ հատկանիշները եւ հավասարակշիռ քաղաքականություն վարելու ունակությունը։ Արտաշատ քաղաքի հրապարակում տոնական մթնոլորտ էր։ Համերգին մասնակցում էր Հայաստանի պարի պետական անսամբլը, որը ներկաներին բարձր տրամադրություն պարգեւեց Արամ Խաչատրյանի «Սուսերով պար», «Քոչարի» եւ այլ կատարումներով։ Ջիվան Գասպարյանը, Թովմաս Պողոսյանը, «Հայեր» համույթը եւ այլ կատարողներ նույնպես մասնակցեցին տոնակատարությանըՙ մեծ բավականություն պատճառելով արտաշատցիներին։
Միջոցառումը լավ էր մտածված ու տեղին։ Հավանաբար նրա նպատակներից էր արտաշատցիների հոգուց վանել փետրվարի 4-ի տհաճ միջադեպի տպավորությունը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, Արտաշատ-Երեւան