«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#26, 2003-02-12 | #27, 2003-02-13 | #28, 2003-02-14


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՈՋԱՀԵԴՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՆ

Վրաստանի պետանվտանգության նախարարության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Պանկիսի կիրճում ձերբակալել եւ Բաքվին են հանձնել Ադրբեջանի երեք քաղաքացիներիՙ մոջահեդների, որոնք մեղադրվում են Վրաստանի տարածքում անօրինական զինված խմբավորումներին մաս կազմելու մեջ։

Վերջին երկու տարիների ընթացքում վրաց ուժային կառույցները ձերբակալել եւ Ադրբեջանին են հանձնել 35 գրոհայինների։ Ճիշտ է, Թբիլիսին եւ Բաքուն բարեկամական հարաբերություններ ունեն, այս տարի նախատեսվում է վրաց-ադրբեջանական ռազմական պայմանագրի ստորագրում, սակայն Ադրբեջանը վրաց ուժային կառույցների համար շարունակ անախորժություններ է ստեղծում։ Պանկիսի կիրճը, որն այսօր գրեթե ամբողջությամբ Թբիլիսիի կողմից վերահսկվում է, մինչեւ վերջերս ադրբեջանցի, չեչեն եւ օտարազգի մոջահեդների համար ապահով անկյուն էր։

«Կիրճն զբաղեցնում է մոտ 44 քառ. կմ տարածք, ներառյալ փախստականները, բնակչության թիվը 13 հազար է։ Ըստ մեր տվյալների, բացի չեչեն գրոհայիններից, Պանկիսում կան մոտ հարյուր այլազգի գրոհայիններ։ Վրաստանից Ռուսաստան (սահմանի վրաց-չեչենական հատվածում) անցնելու 140 արահետներ կան 2000-3000 մետր բարձրությամբ լեռներով, ինչի պատճառով դժվար է գրոհայիններին ձերբակալել», ասում է Վրաստանի պետանվտանգության նախարար Վալ. Խաբուրձանիան։

Վրաստանի համար գլխացավանք են ոչ այնքան մի քանի տասնյակ ադրբեջանցի մոջահեդները, որքան Ադրբեջանի պետությունը։ Գաղտնիք չէ, որ արաբ մոջահեդները Վրաստանի Պանկիսի կիրճ են հասնում, օգտագործելով Ադրբեջանի եւ Թուրքիայի տարանցիկ ճանապարհը։ Կիրճում ապաստան գտած գրոհայինների ֆինանսական օժանդակությունն իրականացվում է ադրբեջանական բանկերի եւ բարեգործական կազմակերպությունների անվան տակ գործող կառույցների միջոցով։

Փետրվարի 6-ին Բաքվում նախագահ Հ. Ալիեւը Ադրբեջանի սահմանապահ ծառայության բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ընթացքում կարգադրել է զգոն լինել, որպեսզի միջազգային ահաբեկիչները չկարողանան ներխուժել Ադրբեջան կամ Ադրբեջանի տարածքն օգտագործելով անցնեն երրորդ երկրներ։ Առանձնապես կարեւորվել է վրաց-ադրբեջանական սահմանի Բելոկանի եւ Զաքաթալայի շրջանների պաշտպանությունը։

2002 թ. սահմանախախտության մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 9000 մարդ, երկրի տարածքից արտաքսվել են մոտ 40 ահաբեկիչներ։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4