«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը», որը ստեղծվել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի անմիջական նախաձեռնությամբ, Հայաստանի եւ սփյուռքի բուռն հակազդեցության պայմաններում ձախողվեց։ Ձախողվեցին նաեւ հանձնաժողովի գործունեության վերականգնման բոլոր փորձերը։ Սա, ինչ խոսք, ամերիկյան նախաձեռնության ձախողումն էր։ Որքան էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական երկխոսության առումով եվրոպական նախաձեռնությունը նախընտրելի լինի ամերիկյանից, այնուամենայնիվ, ձախողման ենթարկվեց նաեւ «Հայերի եւ թուրքերի մերձեցման ֆորումը»։
Հանձնաժողովին փոխարինելու եկած այս ֆորումը հունվարի 3-ին ստեղծվել էր Փարիզում, եւ փարիզյան իշխանությունները շտապել էին գրանցել դա։ Ֆորումի թուրքական արձագանքները մեզ չեն հասել։ Համենայն դեպս, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը, որն ուշադրությամբ մշտապես հետեւել է նման արձագանքներին, լռում է։ Պարզապես գիտենք, որ ֆորումի ստեղծմանը արձագանքելու մղումով հերթական վայնասունն է բարձրացրել Բաքվի «Զերկալո» թերթը եւ հույս է հայտնել, որ «այս անգամ էլ ոչինչ չի ստացվի»։ Ընդ որում, սա հունվարի 31-ին էր, երբ ֆրանսահայ համայնքի ճնշման տակ ֆորումի հայ անդամները դադարեցրել էին իրենց մասնակցությունը դրա աշխատանքներին։
Քանի որ ֆորումը դեռ չձեւավորված ձախողվեց, ուստի դա Հայոց ցեղասպանության հարցի չարչրկման առումով թուրքերի համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ։ Ինչ վերաբերում է «Զերկալոյին», ապա դրա վայնասունները եւս անիմաստ են, որովհետեւ արդեն ուշ է ֆորումի նկատմամբ բացասական վերաբերմունքն ընդգծելու միջոցով հակադարձ արդյունքի ապահովմանը նպաստել։
Այլ կերպ, վայնասունները եւս չեն կարող ցեղասպանության հարցի չարչրկման արդյունավետ միջոցը դառնալ։ Բայց որ «Բարձրագույն ուսումնական խորհուրդը» Թուրքիայում, արձագանքելով Հայկական հարցը դպրոցական ծրագրերում ընդգրկելու երկրի ազգային կրթության նախարարության որոշմանը, Հայոց ցեղասպանության հարցը չարչրկելու առումով «լուրջ ներդրում է կատարում», ակնհայտ է։ «Ակօս»-ը հունվարի 3-ի համարում տեղեկացնում է «Բարձրագույն ուսումնական խորհրդին» առընթեր ստեղծված «Թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեի» մասին եւ նշում է, որ դրա նախագահի պաշտոնն ստանձնել է թուրքական ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Էրդողան Օզնալը։
Գեներալ Օզնալի վկայությամբ, նրա գլխավորած կոմիտեն ստեղծվել է «Հայոց ցեղասպանության պնդումների առնչությամբ թուրք հասարակությանը լուսավորելու» նպատակով եւ որոշում է ընդունել բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում ընդգրկել պնդումներին համապատասխան դասընթացներ։ «Մեր առաջադրանքը, ասել է նա, թուրք-հայկական հարաբերությունների, հայերի մշակույթի, քաղաքականության, արտաքին կապերի, կրոնական ու հասարակական կառուցվածքի, լեզվի եւ գրականության, տնտեսության ու պատմության գիտական ուսումնասիրությունն է, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ գիտելիքներով զինել թուրքական հասարակական կարծիքը»։
Ըստ «Ակօս»-ի, «Թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեի» կանոնադրության նախագիծը ներկայացվել է վարչապետարան։ Միաժամանակ Օզնալը գրավոր դիմել է Թուրքիայում գործող պետական եւ մասնավոր համալսարանների ռեկտորատներին եւ պահանջել նշված հարցերի ուսումնասիրության համար համապատասխան ծրագրեր մշակել եւ ներկայացնել։ Այդ ընթացքում, ինչպես հունվարի 10-ի համարում նշում է «Ակօս»-ը, Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում ստեղծվել է «Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնական վարչություն»։
Այս վարչությունը պատրաստվում է երկու տարի առաջ նույն համալսարանում ստեղծված «Թուրք-հայկական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի» հետ համակարգված գործունեություն ծավալել։ Ի դեպ. «Ակօս»-ից տեղեկանում ենք, որ սա եզակի հաստատություն չէ, թուրք-հայկական հարաբերությունների կենտրոն գործում է նաեւ Սաքարիայի համալսարանում, որը «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումներին հակահարված տալու» առաջադրանքով նույնպես երկու տարի առաջ էր ստեղծվել։ Այսինքն, 2001 թ. հոկտեմբերին։
Թուրքիայում գործող համալսարանների շրջանակներում համանման կենտրոնների ստեղծումը ինքնանպատակ չէ, «Բարձրագույն ուսումնական խորհրդին» առընթեր ստեղծված «Թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեինը»ՙ առավել եւս, այն առումով, որ հենց դա է համակարգելու վերոհիշյալ կենտրոնների գործունեությունը։
Գաղտնիք չէ, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի չարչրկումը, անկախ պետական շրջանակների ցանկությունից, հարցի նկատմամբ որոշակի հետաքրքրություն է առաջ բերում թուրք հասարակության մեջ։ Դա ինքնուրույն ուսումնասիրություններ է ենթադրում, որի պայմաններում չի բացառվում, որ ուսումնասիրություններն ընթանան Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետական ժխտողականության ոգուն հակառակ։
Որպեսզի պետական այս մոտեցումը կասկածի տակ չդրվի, պետք է հարցի նկատմամբ հասարակության մեջ աճող հետաքրքրությունը սահմանափակել ժխտողականության շրջանակներով։ Ահա թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում թուրք հասարակությանը լուսավորելու պարտականությունը հանձնարարվում է Թուրքիայում գործող համալսարաններին եւ նրանց շրջանակներում ստեղծվում են համապատասխան կենտրոններ, որպեսզի դրանց գործունեության համակարգումն էլ հանձնարարվի երկրում զինվորական իշխանությունների անմիջական վերահսկողության տակ գտնվող Բարձրագույն ուսումնական խորհրդին։ Այսպիսով, համալսարանների ուսումնասիրությունները, ի տարբերություն ինքնուրույն ուսումնասիրությունների, միանգամայն վերահսկելի են դառնում այդ խորհրդի եւ դրա միջոցով թուրքական պետության համար։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ