«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


ԱՅՍ 5 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՍ ՋԱՆԱՑԵԼ ԵՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԵՐԿԻՐՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

Հայաստանի քարտեզը միշտ իմ առջեւ է

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ընդամենը 5 օր է մնացել մեր երկրի համար ճակատագրական օրվան։ Քարոզարշավի 24-րդ օրը վաղ առավոտյան հայոց գրերի ուխտատեղինՙ Օշականը, ընդունեց ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Նա ծաղիկներ դրեց մեծ ուսուցչապետ Մաշտոցի գերեզմանին, ապա ջերմ ընտանեվարությամբ զրուցեց օշականցիների հետ։ «Հայաստանի քարտեզը միշտ իմ առջեւ է», ասաց նախագահը։ Նա համարում է, որ այս 5 տարիներից, ցավոք, 2,5-ն է հաջողվել լիարժեք օգտագործել։ Սկզբնական ժամանակահատվածը ստիպված է եղել ծախսել ներքաղաքական կնճիռների հարթեցման, երկիրը խաղաղ ընթացքի բերելու վրա։ Հետո միայն, կետ առ կետ, իբրեւ աշխատանքային ոճ ու սկզբունք, քարտեզի վրա նշում էր պրոբլեմային տարածքները, առանձնացնում դրանք, կազմում պլանային գրաֆիկներ։ Հենց նախընտրական ծրագիրն էլ աչքի է ընկնում խիստ կոնկրետությամբ։ «Երբեմն ինձ մեղադրում են, թե այդքան կոնկրետ չպետք է լինի ծրագիրը, քանի որ վերընտրվելու դեպքում մեծ պատասխանատվություն է ենթադրում գործող նախագահի համար», կարծում է ՀՀ նախագահը։

Քարոզարշավի մյուս կայանները հաջորդաբար Արագածոտնի մարզի Ոսկեվազ, Ագարակ, Կոշ, Սասնաշեն գյուղերն էին։ Գյուղացուն հող, ոռոգման ջուր, ամուր ընտանիք ու զավակին լավ կրթություն է պետք։ Բարեփոխումների քամին հպվելով անցնում է գյուղերի միջով, ամեն տեղ հազիվ հասցնելով մի-մի խնդիր լուծել։ Օշական արդեն գազ հասցվել է, Ոսկեվազի 1936 թ. կառուցված դպրոցը նոր-նոր մտցվել է վերանորոգման ծրագրի մեջ, սակայն կապի համախնդիրը դեռ չի լուծվել։ Ագարակի համար առաջնայինը ոռոգման ու խմելու ջուրը, բուժամբուլատորիան ու դպրոցը, գազն են։ ՀՀ նախագահը հավաստիացրեց, որ ծրագրված է եւ ամենայն հավանականությամբ կհասցնեն 2¬3 տարում գազիֆիկացնել ողջ Հայաստանը։

Աղետի գոտում ու սահմանամերձ շրջաններում ավարտվել է դպրոցաշինության ծրագիրը, հերթը մյուս մարզերինն է։ «Այս 5 տարվա ընթացքում ես ջանացել եմ ապացուցել, որ երկիրն ապագա ունի։ Հենց որ մթնոլորտը մի քիչ փոխվեց, մարդիկ սկսեցին նաեւ լավ բաներից խոսել։ Այնպես պիտի անենք, որ Հայաստանը դառնա տարածաշրջանում հարգված ու ընդունված երկիր։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանություն», ասաց ՀՀ նախագահի թեկնածուն։

Ամբարիշտ ընտանիք ոչ ոք չի ուզում հյուր գնալ

Թալին քաղաքի ընդարձակ հրապարակում, ուր հավաքվել էին նաեւ հարակից գյուղերի բնակիչները, ընտրազանգվածի ներկայացուցիչներն արժեւորեցին նախ եւ առաջ նախագահի թեկնածուիՙ ռազմի մարտիկ լինելու իրողությունը։ Արցախյան պատերազմի հենց սկզբից նա եղել է առաջին ջոկատներում, ընտանիքը մնացել է Ստեփանակերտում նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքը գնդակոծվում էր։ Բարդ տարածաշրջանում գտնվող Հայաստանին մշտապես սպառնում են արտաքին փոթորիկները։ Հիմա էլ, ամերիկա-իրաքյան պատերազմի հավանականությունը խիստ իրական է, իսկ Իրաքը մեր քթի տակ է։ «Մեզ պետք է մարտերում թրծված ռազմիկ գործիչ», համոզված են Սասունի, Վանի, Մուշիՙ եղեռնից մազապուրծ հետնորդների թոռներն ու ծոռները։

Այս մի քանի տարվա ընթացքում Թալինում էլ կյանքը փոխվել է։ 2001 թ. հոկտեմբերից այստեղ գործում է «Դայմոթեք» ադամանդի վերամշակման գործարանը, որը 600 աշխատող ունի, բայց նախատեսվում է եռապատկել այդ թիվը։ 5 տարի առաջ Թալինի 38 գյուղեր խմելու ջուրը ցիստեռններով էին բերում, այժմ այդպիսի ընդամենը 1 գյուղ է մնացել։ Սակայն բարձր լեռնային Թալինը մյուս մարզերի նման լուծելիք շատ խնդիրներ ունի։

Իր խոսքում ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ ներքաղաքական կայունության կարեւորության խնդրին։ «Երբ մի ընտանիքում ամբարիշտ են, ոչ ոք չի ուզում հյուր գնալ։ Այդպես էլ երկիրը, երբ համերաշխ ու խաղաղ չէ, ոչ ոք չի ուզում այդ երկրի հետ «ընկերություն» անել։ Զբոսաշրջիկների հոսքն էլ է կտրվում, իսկ երբ երկիրը վստահություն է ներշնչում, դա նշանակում է ե՛ւ զբոսաշրջության աճ, ե՛ւ ներդրումների հոսք, ուրեմն եւ հարստացում», ասաց նախագահը։

Թերությունները շատ են, բայց ընտրված ուղղությունը ճիշտ է

Անցած մի քանի տարվա ընթացքում հարեւանՙ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում (որը հաջորդ այցելավայրն էր), կառուցվել է պոլիկլինիկա, 4 դպրոցներում առանձին ջեռուցման համակարգեր են ստեղծվել, կառուցվել է 6-րդ դպրոցի II մասնաշենքը։ Այսօր Արթիկում երկրաշարժից տուժած ընդամենը 16 ընտանիք է մնացել անօթեւան։ Կապիտալ շինարարության ծավալները 2,5 անգամ ավելացել են, արդեն շահագործվում են 20 փոքր հանքեր։ Աշխատանքի ու աշխատատեղերի սղությունը դարձյալ մնում է իբրեւ ամենասուր հիմնախնդիր, բայց արթիկցիների մեծ մասը հավատում է, որ մուրճի ձայնը նորից զնգալու է իրենց քաղաքում։

Կեսօրից հետո ՀՀ նախագահի թեկնածուն հասցրեց հանդիպել նաեւ Շիրակի մարզի Սառնաղբյուր, Պեմզաշեն, Անուշավան, Փանիկ, Հոռոմ գյուղերի բնակիչների հետ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4