Նախագահական ընտրություններից ընդամենը 4 օր առաջ հայրենիք-սփյուռք համագործակցությունը համակարգող կոմիտեն բաց նամակով դիմում է ՀՀ նախագահի թեկնածուներինՙ խնդրելով հրապարակավ հայտնել իրենց դիրքորոշումը «Հայոց ազգային միասնության» ծրագրի հիմնադրույթների իրականացման վերաբերյալ։ Դրանք ենՙ ՀՀ կառավարության կազմում հիմնել Հայաստան-սփյուռք համագործակցությունը համակարգող նախարարություն, ստեղծել համայնքային ներկայացուցչական կառույցներ, հրավիրել Հայաստան-սփյուռք ազգային խորհրդարան (համահայկական խորհրդարան), սփյուռքի համայնքային ներկայացուցչական կառույցներին կից ստեղծել Հայաստան-սփյուռք հիմնադրամի մասնաճյուղեր եւ հիմնել «Համահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը, որն իր մասնաճյուղերը կստեղծի աշխարհի հայաշատ երկրներում։ Բանկն իր շահույթի 10¬15 տոկոսը պետք է նվիրաբերի «Հայրենիք-սփյուռք» հիմնադրամին, որն էլ մասնաճյուղերի միջոցով կիրագործի խորհրդարանի ընդունած ծրագրերը։ Այս կապակցությամբ հայրենիք-սփյուռք համագործակցությունը համակարգող կոմիտեի եւ հիմնադրամի նախագահ Հրաչ Տեր¬Եսայանը, մշակութային եւ ստեղծագործական կազմակերպությունների նախագահ Դավիթ Ղազարյանը եւ աշխատակազմի ղեկավար Վազգեն Չոգինյանը երեկ ժուռնալիստների միությունում ասուլիս էին հրավիրել։
Կոմիտեի նախագահը նախ տեղեկացրեց, որ իրենց կառույցում ընդգրկված են 20-ից ավելի քաղաքական եւ 150-ից ավելի պետական ու հասարակական կազմակերպություններ։ Ձեւավորվել է 13 խորհուրդ, որոնցից յուրաքանչյուրը մշակում է առանձին բնագավառի ծրագրեր եւ ներկայացնում պետական եւ հասարակական տարբեր ատյաններին։ Մինչ օրս կոմիտեին աջակցել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 2002 թ. հոկտեմբերից կոմիտեն դիմել է նաեւ քաղաքական մի շարք կուսակցությունների, որոնցից մի քանիսի առաջադրած նախագահի թեկնածուներից որեւէ արձագանք դեռեւս չի ստացել։ «Ազգի» թղթակցի հարցին, թե նախագահի թեկնածուներին ուղղված նամակն ուշ չի՞ ներկայացվում, կոմիտեի ղեկավարը պատասխանեց, որ երկու օրն էլ բավական է թեկնածուների պատասխանների համար։
Մեր տպավորությամբ, փոքր-ինչ չափազանցված են կոմիտեի սպասելիքները քարոզարշավի թոհուբոհի վերջին օրերին գլուխները կորցրած թեկնածուներից։ Գուցե վերջիններս շտապեն արձագանքել եւ պարտավորվեն իրականացնել վերոհիշյալ հիմնադրույթները կոմիտեի կոչից դրդվա՞ծ, ձայներ ստանալու նպատակո՞վ։
Ասուլիսում ծավալվեց բանավեճ, քանի որ կոմիտեի առաջարկած հիմնադրույթներն արդեն քննարկվել են Հայաստան-սփյուռք երկրորդ խորհրդաժողովում, սակայն դրանք իրականացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որի ձեռք բերման հնարավորության մասին նրանք դժվարացան պատասխանել։
Իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ղեկավարությամբ այս տարվա հոկտեմբերին ստեղծվելիք համահայկական կազմակերպության հիմնադիր ժողովի մասին կոմիտեի ղեկավարները նույնիսկ տեղյակ չէին։
Հուսանք, որ նրանք չեն քվեարկի հօգուտ պարտավորվող, սակայն ծրագրեր չիրականացնող թեկնածուի։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ