«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2003-02-13 | #28, 2003-02-14 | #29, 2003-02-15


ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՎԱԶԻԱՆԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ

Թբիլիսիում չեն վախենում ոչ Հուսեյնից, ոչ էլ Պուտինից

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

«Վրաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Իրաքի դեմ պատերազմի ընթացքում Վազիանիի ռազմական օդանավակայանում տեղաբաշխել ամերիկյան մարտական ինքնաթիռները։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում պրն Շեւարդնաձեն քննարկել է Վազիանին երկար ժամանակով ամերիկյան զինուժի վերահսկողության եւ ներկայության տակ թողնելու հնարավորությունը, երբ ավարտվի Իրաքի դեմ պատերազմը։ Էդ. Շեւարդնաձեն խնդրել է, որ Վաշինգտոնը ճնշումներ բանեցնի Ռուսաստանի վրա, եւ վրացական տարածքից դուրս բերվեն ռուս զինվորները», վկայակոչելով Պենտագոնի մի անանուն աղբյուրՙ երեկ հաղորդեց BBC ռադիոկայանը։

«Փետրվարի 10-ին նախագահ Շեւարդնաձեն ընդունել է սպառազինությունների վերահսկողության գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստեֆան Ռեդմեյքերին։ Չեմ կարող ասել, թե ինչի մասին են զրուցել Շեւարդնաձեն եւ Ռեդմեյքերը, հանդիպումը եղել է փակ։ Այնպես որ, BBC-ի հաղորդագրությունը չեմ կարող հաստատել կամ հերքել», «Ազգի» հետ զրույցում ասաց նախագահ Շեւարդնաձեի մամուլի փոխխոսնակ Բոնդո Մձինարաշվիլին։

Շեւարդնաձե-Ռեդմեյքեր հանդիպման մասին հաղորդագրություն եղավ վրացական պաշտոնական մամուլում։ Մասնավորապես, ամերիկացի դիվանագետը լրատվամիջոցներին ասել է. «Նախագահի հետ հանդիպման հիմնական թեման եղել է Եվրոպայում սովորական զինուժի պայմանագրի կատարման պարտավորությունների հարցը։

Այդ պայմանագիրը կարող է իրագործվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կատարի 1999 թ. Ստամբուլի գագաթաժողովի որոշումները։ Պրն Շեւարդնաձեին ասացի, որ այդ հարցում Ռուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ-ը լիովին աջակցում է Վրաստանին»։

Համաձայն ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի, Մոսկվան պարտավորվել է Վրաստանի տարածքից դուրս բերել Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանները։ Ամերիկացիների ֆինանսական օգնությամբ 2001 թ. ռուսները հեռացան Վազիանիից, ապա թուրքերն ամերիկացիների ֆինանսական օգնությամբ օդանավակայանը վերանորոգեցին, վերազինեցին։ Թեեւ ԱՄՆ-ը պատրաստ է ֆինանսավորել, որպեսզի ռուսները հեռանան նաեւ Ախալքալաքից եւ Բաթումից, Կրեմլը չի շտապում եւ Վրաստանում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար պահանջում է հավելյալ առնվազն յոթ տարի ժամանակ։ Ռուս զինվորների հեռանալուն դեմ են նաեւ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն եւ Ախալքալաքի բնակիչները։

Վերջին օրերին հերթական անգամ լարվել են ռուս-վրացական հարաբերությունները։ Նախագահ Շեւարդնաձեն հայտարարեց, որ Իրաքի դեմ պատերազմում լիովին եւ բացահայտ պաշտպանում է Բուշին։ ՌԴ պաշտպանության նախարար Իվանովը Թբիլիսիին ամբաստանեց Պանկիսի կիրճում գրոհայինների դեմ ոչ պատշաճ պայքար մղելու մեջ, իսկ ռուսական մամուլը ձեռնարկեց հերթական տեղեկատվական պատերազմը։

Քաղաքագետ Գիա Նոդիան «Ազգի» հետ զրույցում նշեց, որ հակաիրաքյան արշավին մաս կազմելու եւ ամերիկացիներին ռազմակայաններ տրամադրելու Էդ. Շեւարդնաձեի պատրաստակամությունը պետք է դիտել Ռուսաստանի կողմից Վրաստանին պարբերաբար ճնշելու ենթատեքստումՙ «Փաստորեն Մոսկվան Վրաստանին անկյունել է»։

Հարցին, թե «մտավախություն չկա՞, որ Իրաքի դեմ պատերազմի օրերին Ռուսաստանը կօգտվի հնարավորությունից եւ կանխարգելիչ հարվածներ կհասցնի Պանկիսի կիրճին», պրն Նոդիան պատասխանեց. «Իրոք նման մտավախություն կա, բայց այդ մտավախությունը Վրաստանին ավելի է մղում դեպի ԱՄՆ»։

«Կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ Պանկիսում չկան գրոհայիններ։ Մենք Ռուսաստանից չենք վախենում, քանի որ միջազգային հանրությունն այնպիսին չէ այսօր, ինչպիսին էր 2001 թ.», ասաց Էդ. Շեւարդնաձեի մամուլի փոխխոսնակ Մձինարաշվիլին։

2001 թ. Ռուսաստանը ռմբահարել էր Վրաստանի Պանկիսի կիրճը։ Այդ օրերին նախագահ Շեւարդնաձեն հայտարարեց, որ հնարավորության դեպքում հաճույքով կպատժեր ռուսներին։

Փետրվարի 10-ին նախագահ Շեւարդնաձեի հետ փակ հանդիպման ավարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռեդմեյքերը լրագրողներին ասել է. «Իրաքի ճգնաժամի շուրջ ԱՄՆ քաղաքական ուղեգիծը լիովին պաշտպանելու մասին շատ լուրջ հայտարարություն է արել Վրաստանի նախագահը։ ԱՄՆ վարչակազմը Վրաստանի կողմից այլ վերաբերմունք չէր ակնկալում։ ԱՄՆ վարչակազմի անունից երախտագիտություն եմ հայտնում պրն Շեւարդնաձեին։ Բուշի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքին»։

«Վրաստանի նախագահը վերջին օրերին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Իրաքի հարցում լիովին աջակցում է ԱՄՆ վարչակազմին։ Զանգվածային բնաջնջման զենքեր արտադրող Իրաքի վարչակազմը պետք է պատժվի», մեզ հետ զրույցում ասաց Բոնդո Մձինարաշվիլին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4