Օրերս Վանաձորում էին հոլանդացի փորձառու դիվանագետ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռընե Հենդրի դե Ֆրիսը եւ «Ազնավուր» բարեգործական կազմակերպության համանախագահ Վարդան Հովհաննիսյանը։ -
Նպատակը Վանաձորում բարեգործական բուժհամալիր կառուցելն է, որի նախագծման եւ կառուցման բոլոր ծախսերը հոգալու են Հոլանդիայի մեր բարեկամները։ Իսկ բարեկամությունը Վանաձորի հետ սկսվել է «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանի հետ ծանոթությամբ։
Նրանք հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետՙ ներկայացնելով իրենց ծրագիրը, իրագործման ուղիներն ու սկզբունքները։ Մարզպետը ջերմորեն ընդունեց հյուրերինՙ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի աջակցել բարեգործական այդ առաքելությանը։
Ապա նրանք հանդիպում ունեցան Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, որի ընթացքում փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց արդեն իսկ այս տարվա ամռանն սկսել շինարարությունը։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը եւ Ն. Զուլոյանը։
Որպես համայնքի ներդրումՙ քաղաքապետը խոստացավ համալիրի համար պահանջվող տարածքը ավագանու համաձայնությամբ տրամադրել անվարձահատույց եւ աջակցել բոլոր գործերում։ -
¬ Ես ծանոթացել եմ Հայաստանում գործող օրենքներին, որոնք շատ բարենպաստ են ներդրումների եւ բարեգործական ծրագրերի իրականացման համար,¬ ասաց պարոն դե Ֆրիսը։
¬ Համալիրը Վանաձորում կառուցելու մտադրությունը ծագել է «Ինտերկապի» գործունեությանը ծանոթանալուց հետո, որի պատճառով էլ ծրագիրը համատեղ ենք իրականացնելու։ Ես ծանոթ եմ հայոց պատմությանը, հայ ժողովրդի ստեղծարար ուժին եւ համոզված եմ, որ Հայաստանը շատ կարճ ժամանակում կինտեգրվի եվրոպական երկրների ընտանիքին։
Բուժհամալիրն ունենալու է ախտորոշիչ կենտրոն, ծննդատուն, հիվանդանոցային բոլոր ծառայությունները, նախատեսված է 200 մահճակալի համար։ Ծննդատունն ու գինեկոլոգիական բաժինը բնակչությանը սպասարկելու են անվճար, իսկ մյուս բուժծառայությունները կգործեն ապահովագրական սկզբունքով, իհարկե, հաշվի առնելով բնակչության ցածր վճարունակությունը։
Նախատեսվում է նաեւ շտապ օգնության յուրօրինակ ծառայություն։ Հիվանդանոցը կունենա ուղղաթիռ, որը մարզի գյուղերից ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդներին անվճար կտեղափոխի Վանաձոր, ուր բուժօգնություն կցուցաբերվի։ -
¬ Նախագծերը կպատվիրվեն տեղում, հիվանդանոցը կկառուցեն տեղի շինկազմակերպությունները,¬ ասաց պարոն դե Ֆրիսը,¬ որով, թեկուզ ժամանակավոր, կլուծվի բազմաթիվ մարդկանց զբաղվածության հարցը։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ