Նախագահական ընտրությունների նախօրեին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի գրասենյակում նշվեց «Հայաստան 2020. զարգացման եւ անվտանգության ռազմավարություն» տարեգրքի շնորհանդեսը։ Աշխատությունը բաղկացած է 5 բաժիններիցՙ պետաիրավական, սոցիալ-տնտեսական, արժեքային համակարգ, արտաքին քաղաքական, երիտասարդական։
Պետաիրավական բաժնում ընդգրկված են Րաֆֆի Հովհաննիսյանի, Մանուկ Հարությունյանի, Աղասի Թադեւոսյանի, Միհրան Գալստյանի եւ այլոց վերլուծությունները պետություն եւ ազգ հասկացությունների, ժողովրդավարության անցման գործընթացների, քաղաքացիական հասարակության կերտման, օրենքի եւ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների եւ այլ թեմաների վերաբերյալ։
Սոցիալ-տնտեսական հիմնահարցերը բաժնում ներկայացված ենՙ «Համաշխարհային տնտեսությունը եւ Հայաստանը», «Ազգային տնտեսության ձեւավորման առանցքային նախադրյալները», «Սոցիալական եւ ժողովրդագրական հիմնահարցեր», «Տարածաշրջան», «Արտաքին տնտեսական կապեր», «Սփյուռք» ենթավերնագրերը։ Զետեղված են Թաթուլ Մանասերյանի, Հայկ Սարգսյանի, Էդուարդ Սանդոյանի, Կարինե Թերլեմեզյանի եւ այլոց ուսումնասիրությունները։
Արտաքին քաղաքականության խնդիրներ բաժնում տեղ են գտել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Սերգեյ Շաքարյանցի, Թաթուլ Մանասերյանի եւ այլոց դիտարկումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման, տարածաշրջանի անվտանգության համակարգի ձեւավորման եւ այլ խնդիրների շուրջ։
Արժեքային համակարգի բաժնում զետեղված են ազգային գաղափարախոսության, խոսքի եւ մտքի ռազմավարության, ժամանակակից հայ հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց դերերի վերաբաշխման ընթացքը, հայոց արժեքային համակարգի խնդիրները ներկայացնող հոդվածներՙ Մանուկ Հարությունյանի, Վլադիմիր Միրզոյանի, Հրանուշ Խառատյանի, Արուսյակ Սահակյանի եւ այլ մասնագետների հեղինակությամբ։
Եվ վերջինՙ երիտասարդության հիմնախնդիրները բաժնում ընդգրկված են Մանուկ Հարությունյանի, Էրիկ Գրիգորյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Հակոբ Ասատրյանի վերլուծությունները, որոնք անդրադառնում են Հայաստանում երիտասարդության դերին, ընտանեկան բռնություններին, թմրամոլության վնասներին եւ այլ հարցերին։
Վերոհիշյալ մասնագետներն ու փորձագետները երեկ ներկա էին շնորհանդեսին եւ հակիրճ ներկայացրին իրենց հետազոտած թեմաները։ Իսկ փիլիսոփայության գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Միրզոյանը նախ ՙհայ ժողովրդին որակեց որպես «անարժանապատիվ եւ ստրուկ», ապա կասկածի տակ առավ Հայաստանում աշխատանքով հաջողության հասնելու հնարավորությունը, դա համարելով փուչ մոտեցումՙ հեգնելով նախագահական թեկնածուներից մեկի կարգախոսը։ Նա հավանաբար մոռացել էր, որ քվեարկության նախորդ օրն արգելվում է քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ հանդես գալ։
Ռ. Պ.