«Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել «Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի» գրքույկըՙ պատմության թանգարանի գիտաշխատող Կարինե Ավագյանի հեղինակությամբ։ 1915 թ. Հայոց ցեղասպանության վավերական փաստերին հավելող այս ուշագրավ հրապարակումը վերաբերում է 1965 թ.-ից Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվող ուլունքաշար մի համրիչի, որի 99 հատերին փորագրված են 1915-ի ապրիլի 11¬24-ը Պոլսում ձերբակալված եւ Չանղըրի աքսորված 103 հայ մտավորականների ազգանունները։ 1915 թ. Հայոց ցեղասպանության կանխամտածված ծրագրի իրականացման հիմնական խնդիրներից մեկը հայտնի էՙ մտավորականությանՙ ազգի սերուցքի գլխատումը, որից հետո անկազմակերպ ժողովրդի բնաջնջումը, տեղ-տեղ ծագող ըմբոստությունների դյուրին ճնշումը։
Թանգարանային եզակիՙ ՆՊՖ 948 համարի ներքո գտնվող այս ցուցանմուշի առաջին արձանագրությանը («Չանղըրի 1915, Ապրիլ 11, Յիշատակ») հետեւում է 99ՙ համաչափ, յուրաքանչյուր հատի վրաՙ մեկական փորագիր անուն կամ ազգանուն, այսինքնՙ առաջին իսկ հավաքի 103 մտավորական ընտրյալների արձանագրումն է սա։ Համրիչի նվիրատուն Էժենի Աթանասյան Գյուլբոլյանն է, հատիկաշարը փորագրող աքսորական-նահատակի N 71 հատի անվանակիր Վարդերես Աթանասյանի դուստրը։
Կարինե Ավագյանի ուսումնասիրությունը մանրակրկիտ եւ նախանձախնդիր աշխատանքի արդյունք է։ Ժամանակի տարեցույցների եւ մամուլի մեջ անուն առ անուն փնտրտուքների եւ այս անձանց մասին տեղեկությունները հիմնված են վերապրողների հուշագրության, մասնավորապես համրիչի 99-րդ հատի անվանագիր Գրիգորիս ծայր. վրդ. Պալաքյանի «Հայ Գողգոթան» վավերագրի, Թեոդիկի «Յուշարձան» տվյալների, Արշակ Ալպոյաճյանի վավերագրի վրա։
Աքսորի ընթացքի նկարագրությունըՙ Պոլսի կենտրոնական բանտիցՙ Չանղըրի, այնտեղից Դեր Զոր մինչեւ Հալեպ, հիմնված է վերոհիշյալ աղբյուրների, նաեւ վերապրողների հուշագիր էջերից քաղված պատառիկների, աքսորականների հետնորդների, սփյուռքահայ հետաքրքրվողների նամակագրական սուղ տեղեկատվության վրա։ Արժեքավոր են նահատակների ու վերապրողների հետնորդների տեղեկությունները։ Գրքում զետեղված են 15-ը վերապրողների սերունդներից հեղինակներին ուղարկված նամակներից նմուշներ, նոր դիտարկումներ, փաստեր, առաջարկներ, նկատառումներ։ Ուշագրավ են աքսորական մի շարք մտավորականների նամակները (Այաշի բանտիցՙ Սմբատ Բյուրատի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի)։
Ուսումնասիրության նյութը լուսաբանող նկարների, քարտեզների, գծանկարների, նաեւ ծանոթագրությունների բաժինն ամբողջացնում է Կ. Ավագյանի կատարած արժեքավոր գործը։ Գրքում ներկայացված Չանղըրիի աքսորականների լուսանկարներն ըստ համրիչի հատիկաշարի հերթականության ենՙ Կոմիտաս վարդապետ Սողոմոնյան, Յուսիկ Քաջունի քահանա, Միսաք Ճեվահիրճյան, Ռուբեն Չիլինկիրյան (Սեւակ), Ստեփան Միսքճյան, Վահրամ Թորգոմյան, Վահրամ Ասատուրյան, Հակոբ Թերզյան, Նշան Գալֆայան եւ մնացածներ, զետեղված են նաեւ համրիչին արձանագրված աքսորականների հետնորդների (Լեւոն Սեւակը քրոջՙ Շամիրամի հետՙ Ռուբեն Սեւակի համրիչի N 5 հատի անվանակրի զավակները), Վահան Չերազը (Գասպար Չերազի համրիչի N 30 հատի ազգանվանակրի որդին), Հայկ, Վերոն, Արմեն (Դանիել Վարուժանի N 40 հատի անվանակրի զավակները, Էժենի եւ Շամիրամ Աթանասյան քույրերի (Վարդերես Աթանասյանի համրիչի N 71 հատի անվանակրի դուստրերը) լուսանկարները։
Երախտագիտության խոսքում հեղինակը հիշատակում է աշխատանքի ընթացքում իրեն աջակցած բոլոր անձանց եւ կազմակերպություններինՙ խմբագիր Լեւոն Անանյանինՙ քննարկված նյութի վերաբերյալ հոդվածը դեռեւս 1995-ին «Գարունի» էջերում հրապարակելու, հանրությանն իրազեկելու համար, որի անդրադարձները ոգեւորիչ էին. հայրենիքում ակադեմիկոսներՙ Բ. Առաքելյանի, Մ. Ներսիսյանի, Գ. Սարգսյանի, սփյուռքումՙ Փարիզի «Յառաջ» թերթի խմբագիր Արփի Թոթոյանի գնահական խոսքը։ Աշխատանքներին իրենց մասնակցությունը բերած Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակազմին, ԳԱԱ եւ ցեղասպանության ինստիտուտ¬թանգարանի տնօրեն Լ. Բարսեղյանին, լուսանկարիչ Վաչե Խաչատրյանին, գրքի հրատարակիչներին եւ, ընդհանրապես, «բարի կամքի մարդկանց ամենուր» իր շնորհակալական խոսքն է հղում Կարինե Ավագյանը, որի ուսումնասիրությունը հիրավի արժանի է գնահատանքի։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ