Էրեբունու համայնքի 0394/17 ընտրական տեղամաս մտա այն պահին, երբ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի վստահված անձինք ընտրությունների խախտման դեպք էին նկատել։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Գայանե Աղամալյանը հայտնեց. «Ընտրություններն առավոտյան ընթանում էին նորմալ հունով։ Հետո սկսվեցին ճնշումներ վստահված անձանց նկատմամբ, մեզ արգելում էին շրջել տարածքում եւ արձանագրություններ գրանցել։ Երկու դեպք եղավ, նկատեցինք մի երիտասարդի, որը փորձում էր քվեաթերթիկներ խցկել քվեատուփի մեջ, սակայն կանխեցինք եւ արձանագրություն կազմեցինք։ Բացի այդ, բնակիչները խմբով էին մտնում քվեարկության, իսկ մեզ արգելվում էր նրանց դիտողություն անել»։ Զրուցեցի տեղամասային հանձնաժողովի նախագահ Սուրեն Ասլիկյանի հետ, որը հավաստիացրեց, որ ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են հանդարտ, սակայն մի միջադեպի պատճառով իրարանցում առաջացավ։ Զբաղված լինելու պատճառով ինքն այդ պահին չի նկատել, քանի որ Էրեբունու համայնքում մեծ թիվ են կազմել ընտրացուցակներում իրենց անունները չգտած քաղաքացիները։ Սույն ընտրամասում գրանցվել էր ընտրողների մեծ ակտիվությունՙ 1977 ընտրողներից ժամը 17։00-ի տվյալներով արդեն քվեարկության էին ներկայացել 1200-ը։ Պրն Ասլիկյանը պնդեց, որ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով հնարավոր չէ նկատել, թե ինչ է կատարվում, եւ ցանկալի է հանձնաժողովի կազմում ընդգրկել ոչ թե 9, այլ 11 հոգուՙ նման միջադեպերից խուսափելու համար։
Ընտրացուցակներում չհայտնված ընտրողների թիվը ճշտելու նպատակով հանդիպեցի Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանին։ Ի զարմանս մեզ, պրն Կոստանյանը հայտնեց, որ ստույգ թիվ ասել չի կարողՙ միաժամանակ զարմանալով թղթակիցների հայտնած թվերից։ Իսկ նրա գործավարները, չգիտես ինչու, դժվարացել էին գրանցել, թե քանի ընտրող էր մինչ այդ դատարանի վճիռ ստացել ընտրելու իրավունքը վերականգնելու համար։ Մինչդեռ նրանց սեղանները «զարդարված» էին համակարգիչներով, եւ այդ աշխատանքը կատարելու համար պահանջվում էին ընդամենը վայրկյաններ։
Հաջորդ ընտրամասը, որտեղ թեթեւակի խախտումներ էին նկատվել, 0381/17-ն էր, որտեղ նույնպես Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի վստահված անձինք նկատել էին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ խցկելու միջադեպ, սակայն մանրամասները դեռեւս պարզաբանված չէին։ Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ խախտում չի եղել, նույնը հաստատեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի վստահված անձ Գագիկ Միքայելյանը։ Մեր այցելած մյուս տեղամասերումՙ 0397/17 եւ 0386/17, որեւէ խախտում չէր գրանցվել, եւ հանձնաժողովի բոլոր անդամները վստահեցրին, որ ընտրություններն անցնում են օրենքի սահմաններում։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ