«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2003-02-18 | #32, 2003-02-19 | #33, 2003-02-20


ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՔԱՆԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Չնայած անդադար տեղացող ձյանը, մայրաքաղաքի բնակչության ակտիվությունը ընտրություններին բավական մեծ էր։ Լինելով մի քանի ընտրատեղամասերումՙ կարելի է փաստել, որ մեր համաքաղաքացիներն իրոք կարեւորել են նախագահական այս ընտրություններին իրենց մասնակցությունը։ Երեկոյան ժամերին հատկապես հոսքառատ էր, մարդիկ եկել էին ընտանիքներով, գրկի երեխաների հետ։

Արաբկիրի համայնքի 0114/06 ընտրատեղամասում ժամը 4-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էին շուրջ 860 քաղաքացիներ։ Ըստ հանձնաժողովի նախագահ Լեւոն Խալաթյանի, ընտրություններն անցել են նորմալ պայմաններում։ «Իհարկե, թեթեւ միջադեպեր եղել ենՙ հատկապես ընտրացուցակների հետ կապված։ Ցուցակներում ընդգրկվածներ չեն եղել։ Կային դեպքեր, երբ ցուցակներում մահացածների անուններ են եղել, բայց, մահվան վկայական ներկայացնելով, նշել ենք»։ Թիվ 0114/04 ընտրատեղամասը մշտապես տեղակայված էր Մերգելյան ինստիտուտի գարաժներում, այժմ տեղափոխվել էր թիվ 84 մանկապարտեզի շենք։ Ընտրողների մի մասն այս մասին տեղյակ չէր, եւ շատերն անակնկալի էին գալիս, ձյուն-ձմռանը տեղամաս փնտրում։ Թեեւ վստահեցնում էին, թե նախապես շենքերի պատերին փակցրել էին հայտարարություններ։ Մարդիկ բողոքում էին, երեխաների հետ էին, չէին կարող դիմել դատարան, սակայն ընտրություններին մասնակցելու ցանկությունը մեծ էր։

«Առաջարկներ են եղել, որ տեղամասերում ներկայացուցիչներ լինեն, տեղերում հարցերը լուծվեն։ Այդպես քաղաքացիների մեջ բռնկուն վիճակ չէր լինի. մարդիկ զուր տեղը նյարդայնանում են եւ նրանց դժգոհությունները տեղին են», իր կարծիքը փոխանցեց հանձնաժողովի փոխնախագահ տկն Հովսեփյանը։

013/06 ընտրատեղամասի (Աղայան դպրոց) հանձնաժողովի նախագահ Գոհար Ափրոյանը տեղեկացրեց, որ որեւէ միջադեպ չի գրանցվել, տեղական եւ միջազգային դիտորդները վերահսկել են ընթացքը, վստահված անձինք գոհ են։ Տիկին Ափրոյանը նկատեց, որ նման ակտիվ մասնակցություն ընտրություններին երբեք չի եղել, իսկ ընտրացուցակների մեջ անճշտություններ իրոք կան, որում նա մեղավոր համարեց ոչ միայն թաղապետարանների համապատասխան աշխատակիցներին, այլեւ քաղաքացիներին, որոնց պարտքն էր նախապես ճշտել իրենց ազգանուններն ընտրատեղամասերում։ (Այդ պահին բողոքում էր մի քաղաքացի, որի հավաստմամբՙ ընտրությանը մասնակցել է Երեւանից բացակայող 5¬6 հոգանոց մի ընտանիք)։

Ընտրացուցակների անճշտությունների հետեւանքով ինքս ստիպված եղա 2 անգամ դիմել Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ առաջին ատյանի դատարանՙ ընտրություններին մասնակցելու թույլտվությամբ։ Այդ պահին դատարանում շուրջ 700 հայցվոր կար։ Դատարանում նկատեցին, որ «Այս էլ որերորդ ընտրություններն են, բայց այս անգամ ավելի անփույթ ու վատ է ցուցակների վիճակը»։ Նկատենք, որ Արաբկիր-Զեյթուն-Քանաքեռ առաջին ատյանի դատարանում իրականացվում էր շատ հանգիստ ու բարեհամբույր սպասարկում։ Գրգռված հայցվորները դուրս էին գալիս բավարարված։ Իմ ներկայությամբ եղավ նույնիսկ այնպիսի դեպք, երբ դատարանի վճիռը հանձնաժողովի նախագահը (ընտրատեղամասի) հիմք չէր ընդունել, մերժել էր ընտրողին, եւ դատավորը ստիպված եղավ հեռախոսազանգով միջամտել։

Այստեղ եւս քաղաքացիները հետեւողական էինՙ իրենց քվեներին տեր կանգնելու վճռականությամբ։ Դժգոհում էին, անշուշտ. «Գիտեք քանի տրանսպորտ ենք փոխել, այս եղանակին դժվար է շատ, եկել ենք, որ մեր ձայները չգողանան»։ Դատարանի շենքի աստիճաններին հանդիպեցի երիտասարդ ու համակրելի հղի մի կնոջ, ծեր տատիկի հետ. «Ես Մարինե Հովհաննիսյանն եմ, շատ վրդովված եմ, որ իմ անունը չկա ընտրություններում, իմ այս վիճակում (8 ամսական հղիություն ունեմ) չզլացա եւ եկա դատարան, որ ինձ հիմարի տեղ չդնեն։ Իմ ձայնը գնահատում եմ եւ իմ մեկ ձայնով ուզում եմ նպաստել մեր երկրում օրինականության հաստատմանը։ Ուզում եմ, որ իմ ծնվող երեխան ապագայում օրենքի երկրում ապրի, ոչ թե խուլիգանության»։

Զրուցեցի շատերի հետ, հատկապես երիտասարդների, որոնք հավատում են, որ օրինականությունը հաղթելու է այս երկրում եւ վերանալու են կեղծիքները, սուտը, որն էլ երկրի զարգացման երաշխիքն է։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4