Ընդդիմության ճամբարում էլի տարակարծություննե՞ր
Դեռ փետրվարի 19-ի կեսօրին ընդդիմադիր թեկնածուների ստորագրությամբ ԿԸՀ հայտարարություն ներկայացնելու փաստը վկայեց, որ ընդդիմադիրների համար ընտրությունների ելքը հստակ էՙ անկախ քվեարկության արդյունքներից։ Հակառակ դեպքում ուղղակի անտրամաբանական կլիներ մտածել, որ քվեարկությունը դեռ չավարտված նրանք գիտեին դրանց արդյունքները։ Չնայած դրան, հաջորդ օրվա, այսինքնՙ երեկվա նրանց քայլերը վկայում էին, որ գործում են չկազմակերպված։
Դեռ նախորդ օրը ԿԸՀ ներկայացված հայտարարության շուրջ թեկնածուները չէին եկել ընդհանուր հայտարարի, որի պատճառով անհասկանալի էր, թե քանի թեկնածուներ են ի վերջո ստորագրել։ Բանն այն է, որ պարզ չէր դառնումՙ հավաքած ձայներով երկրորդ տեղն զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանը միացե՞լ է հայտարարությանը, թե՞ ոչ։ Երեկ այս թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը հայտնեց, թե իրականում գոյություն է ունեցել հայտարարության երկու տարբերակ։ Մեկով պահանջվում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, մյուսովՙ վկայակոչել ընտրակեղծիքների պատճառով արդար ընտրությունների անհարինությունը։ Առաջին հայտարարությունն ստորագրելուց եւ ԿԸՀ-ն ներկայացնելուց հետո Ստեփան Դեմիրճյանը «փոշմանել» է, դիմել ԿԸՀՙ այն չճանաչելու նպատակով, ապա ստորագրվել է երկրորդ տեքստը։ Սակայն Արտաշես Գեղամյանի նախընտրական շտաբի ղեկավար Աղասի Արշակյանը, ներկայացնելով ընտրությունները փաստացի բեկանելու մասին առաջին հայտարարության տեքստը, նշեց, թե իրենք չեն ճանաչում քվեարկության «նկարված» արդյունքները։ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, սակայն, թե այդ փաստաթղթի հետ իրենք կապ չունեն, չնայած չի բացառվում, որ շուտով միանան դրան էլ։ Բոլոր դեպքերում, ըստ Հարությունյանի, իրենք համակարծիք են այդ բնորոշումներին։ Այստեղ ուղղակի անհասկանալի է թվումՙ ինչո՞ւ էր Դեմիրճյանի շտաբը ԿԸՀ դիմում իրենց ստորագրությունն անվավեր հայտարարելու պահանջով, եթե ի սկզբանե կողմ էր այնտեղ տրված բնորոշումներին։ Կարելի է եզրակացնել, թե ընտրությունները բոյկոտելու հարցում Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի մոտեցումները չեն համընկնում։ Սակայն երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարվեց դիմել ԿԸՀ-ինՙ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Հարությունյանը հայտարարեց, թե իշխանությունները հավանաբար փորձեն նաեւ երկրորդ փուլ անցկացնել, որին իրենք կտրականապես դեմ են, քանի որ համոզված ենՙ առաջին փուլում հենց հաղթել է իրենց թեկնածունՙ Ստեփան Դեմիրճյանը։ Հիմնավորումն այն էր, թե գործող նախագահն ուներ, իբր, առավելագույնը 10¬15 տոկոսի ձայնը, իսկ 51 տոկոս հաջողվել է ապահովել զանգվածային ընտրակեղծիքների միջոցով։ Ըստ Գրիգոր Հարությունյանի, տարբեր ընտրատեղամասերում առավել քան 500 հազար քվեաթերթիկ է քվեատուփեր լցվել։ Թե որտեղից է ստացվել այս թիվըՙ բանախոսը բացատրեց նրանով, թե իրենք անցկացրել են մինի մարդահամար, պարզել են, որ այս պահին Հայաստանում չէ ընտրողների 30 տոկոսը, բացի դրանից, նախորդ բոլոր ընտրություններին մասնակցել է 1,1 միլիոնից ոչ ավելի ընտրող, իսկ այս ընտրություններինՙ 1,5 մլն թիվն է նշվում, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Թե որքանով են վստահելի այդ մինի կոչված մարդահամարի տվյալները եւ մարդահամարն անցկացնելու փաստն ընդհանրապես, թերեւս գուշակել կարելի է։ Սակայն Դեմիրճյանի շտաբի ղեկավարն ակնհայտորեն անտեսում էր այս ընտրություններին ազգաբնակչության մասնակցության ակտիվությունը։ Հետաքրքրականը, սակայն, ոչ այնքան դա էր, որքան Գեղամյանի շտաբի ղեկավարի այն հայտարարությունը, թե հօգուտ Քոչարյանի կեղծվել է 300 հազար քվեաթերթիկ։ Փաստորեն, երկու թեկնածուները միմյանցից բավականին տարբերվող թվեր են ներկայացնում, ինչն առավել քան խոսուն է։ Թվեր «կրակելը» երբեք դժվար չի եղել այս մարդկանց համար։
Բոլոր դեպքերում ընդդիմությունը խոստանում է այս ամենը այսպես չթողնել։ Գեղամյանը շատ ավելի կոշտ քաղաքականություն է առաջարկումՙ բոյկոտել ընտրությունների արդյունքներն ընդհանրապես, որովհետեւ չի կարող հաշտվել պարտության հետ, իսկ ահա Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցներն առաջարկում են իրենց ձեռքի տակ եղած կեղծիքների փաստերն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռելՙ ընտրատեղամասերի «դռներն» իրենց առջեւ բացելու միջոցով։ Սակայն որքան էլ տարօրինակ լինի, նրանք պնդում են դա իրագործել... ընտրությունների արդյունքները չճանաչելուն զուգահեռ։ Թե ինչն են ստուգելու, եթե ի սկզբանե ընդհանրապես չեն հավատում դրանց արդյունքներինՙ դժվար է կռահել։ Բացի այդ, ինչպե՞ս կարելի է «զանգվածային ընտրախախտումների» մասին խոսել, ապա պնդել, թե իրենց թեկնածուն հաղթել է։ «Վատ» ընտրությունների արդյունքում «լավ» հաղթանակ չի լինում։
Սակայն դա չի խանգարում ընդդիմությանը հավատացնել, որ իրենք գնալու են մինչեւ վերջ։ Որտեղ է այդ վերջըՙ ընդդիմադիրներն իրենք չեն կարողանում կամ չեն ուզում բացատրել։ Մասնավորապես Գրիգոր Հարությունյանը չկարողացավ սպառիչ բացատրել իրենց անելիքներըՙ նշելով, թե հույսները դրել էին ժողովրդի վրա։ Հիշեցնենք, որ մինչեւ քվեարկության օրն ընդդիմությունը վճռականորեն հայտարարում էր, որ բոլոր միջոցները ձեռք են առելՙ ընտրությունների ընթացքում որեւէ խախտում թույլ չտալու նպատակով։ Փաստորեն, հայտարարելով զանգվածային ընտրակեղծիքների մասին, ընդդիմությունն ուղղակիորեն հաստատում է, որ առնվազն ի զորու չի եղել դրանք կանխելու եւ թոզ է փչել ընտրողների աչքերին։
Իսկ որ խախտումներ եղել են, հաստատում է նաեւ հակառակ ճամբարը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այդպիսի դեպքեր արձանագրվել են, եւ որոնց պետք է ընթացք ու գնահատական տալ։ Սակայն, ըստ Վարդանյանի, դրանք այն մասշտաբների չեն եղել, որպեսզի կասկածի տակ առնեն կայացած ընտրությունները։ Ինչ վերաբերում է ընդդիմության բարձրացրած աղմուկին, ապա Վարդանյանը գտնում է, որ դրանք սպասելի էին, որոնցով պարզապես «փոխհատուցում», արդարացնում են իրենց պարտությունը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ