Մալաթիա-Սեբաստիա
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատարածքներում արձանագրվել է 2 խախտում։
1. Ա-3 թաղամաս, «Նարինե» մ/մանկապարտեզ, թիվ 0235/11։
Ս. Դեմիրճյանի օգտին քվեարկող ոմն քաղաքացու կողմից փորձ է արվել քվեարկել ուրիշի անձնագրով։
2. Բ-4 թաղամաս, «Սեբաստիա կրթահամալիր», թիվ 0239/11։ Հանձնաժողովի անդամների վրա Ս. Դեմիրճյանի շտաբի ներկայացուցիչները ճնշում գործադրելու փորձ են արել։
Երկու փաստերն էլ արձանագրվել են։
Արաբկիր
Շիրվանզադեի անվան դպրոցում Ս. Դեմիրճյանի վստահված անձը խանգարել է ընտրության ընթացքը։ Անհայտ խումբ մտել եւ ահաբեկել է, թե երկրի ղեկավարը փախել է, սպառնացել են հանձնաժողովի անդամներին։
Հ. Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում մտել են եւ ահաբեկել հանձնաժողովին։ Փաստը արձանագրվել էՙահաբեկել են հանձնաժողովի նախագահին։ Տարածվել են թռուցիկներ, թե իբր երկրի նախագահի եւ մյուս ղեկավարների ընտանիքները հեռացել են երկրից։
Նոր Նորք
Շտաբը 4 ժամ եղել է շրջափակված 300-400 մարդկանցով, որոնց հայտարարել են, թե շտաբն իբր բաժանում է 2000 դրամ յուրաքանչյուրին, եւ դրանց մեջ եղել են ՀԺԿ տարածքային շտաբի անդամներ։ Այս դեպքի պատճառով շտաբի աշխատանքները մի քանի ժամով դադարեցվել են։
Քանաքեռ - Զեյթուն - Արաբկիր
Ավտոմեքենայով անհայտ մարդիկ շրջում են, մտնում են ընտրատարածքներ, ահաբեկում, ասում, որ նախագահը հեռացել է երկրից։ ԵԱՀԿ-ի դիտորդները տեղեկացվել են։
103 դպրոցում տեղամասի մոտ հավաքվել են մի խումբ մարդիկ, որոնց ասվել է, թե իբր գումար են բաժանում Ռ. Քոչարյանի կողմնակիցները։ Խանգարվել են տեղամասի աշխատանքները։
Էրեբունի
Գրիգորյան Աշոտ, ՀԿԿ-ի կողմից տարածքային հանձնաժողովի անդամ։ Կապի եւ ազդանշանների ուղեմասի պետ։ Քարոզում էր Ա. Գեղամյանի օգտին։
Էրեբունի համայնքի ընտրատարածքի տեղամասերից մեկում պարզվել է, որ նույն անձը (Բաղդասարյան Ռաֆիկ Կառլենի) ունեցել է թե տեղական դիտորդի վկայական (թիվ 253, տրված 17.02.03.) եւ թե Ստեփան Դեմիրճյանի վստահված անձի վկայական, որոնց պատճենները գտնվում են մեզ մոտ։
Էրեբունի համայնքի ընտրատարածքներից մեկում հանձնաժողովի անդամների վստահված անձերի եւ դիտորդների ջանքերով կանխվել է անհայտ անձի կողմից Ա. Գեղամյանի անունով լրացված 29 քվեաթերթիկ քվեատուփի մեջ գցելու փորձը։
Փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։
Արարատ
Ահազանգ է ստացվել բնակչությունից, որ Արարատ գյուղում ընտրողներին փող են բաժանում եւ տանում ընտրությունների։
Երեւանի թիվ 42 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Ս. Մեսրոպյանը զեկուցագրով հայտնել է, որ ԱԺ պատգամավոր, Ս. Դեմիրճյանի շտաբի պետ Ս. Եղիազարյանը իր շքախմբով շրջում է թիվ 42 ընտրատարածքի տեղամասով, խանգարում է հանձնաժողովի աշխատանքները, իրականացնում է քարոզչություն, ահաբեկում հանձնաժողովի անդամներին եւ նախագահներին։
Նորք - Մարաշ
Մի շարք տեղամասերում ընդդիմության թեկնածուների վստահված անձինք մեկից ավելի էին։
Կենտրոն
Արշակ Սադոյանը մի խումբ մարդկանցով շրջել է Կենտրոն թաղամասի մի քանի ընտրատարածքներում (թիվ 10 դպրոց), որտեղ փորձել է սրել իրավիճակը եւ իրականացրել է քարոզչություն։
Թելմանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասում Վ. Մանուկյանի եւ Ա. Կարապետյանի վստահված անձին քարոզել են եւ փորձել են քվեաթերթիկներ գցել քվեատուփ։
Խախտման մասին կազմվել է արձանագրություն։
Պուշկինի անվ. դպրոցում Ա. Գեղամյանի վստահված անձը քարոզչություն է արել տեղամասում։
Արձանագրություն է կազմվել եւ հեռացվել է տեղամասից։
Աջափնյակ
Աջափնյակ համայնքում ժամը 15.00-16.00-ի սահմաններում թիվ 118 դպրոցում գտնվող ընտրատարածքում ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը հայտարարել է, որ «Ռ. Քոչարյանը վաղվանից չի գործելու», եւ սկսել է քարոզել Ս. Դեմիրճյանի օգտին։ Իսկ երբ նրան դուրս են հրավիրել, նա չի ենթարկվել եւ աղմուկ է բարձրացրել։ Տեղեկությունը հաղորդել է հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը։