Ե՞րբ կգործի փակ ծրարների համակարգը
Փետրվարի 19¬ին Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ կայացան նաեւ Բեռլինի ՀՀ դեսպանությունում, որը Գերմանիայում միակ ընտրատեղամասն է։ Ըստ դեսպան եւ հանձնաժողովի նախագահ տիկին Կարինե Ղազինյանի, Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահական ընտրություններին մասնակցել է ՀՀ 53 քաղաքացի։ Նրանցից 11¬ը դեսպանության աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամներն են։ Ըստ ընտրացուցակների, ընտրողների թիվը 1109 է եղել, (համեմատության համար ասենք, որ նախորդինՙ 1998¬ին ԳԴՀ¬ում մասնակցել էր 73 ընտրող)։ Ռ. Քոչարյանին կողմ է քվեարկել 35 ընտրող, Ա. Գեղամյանինՙ 5, Ս. Դեմիրճյանինՙ 4, Վ. Մանուկյանինՙ 5, մյուս թեկնածուներինՙ 0, բոլորին դեմՙ 3։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Վստահված անձ ունեցել է միայն նախագահ եւ նախագահության թեկնածու Ռ. Քոչարյանը։ Այլ թեկնածուների վստահված անձինք եւ դիտորդներ չեն եղելՙ հայտ չներկայացնելու պատճառով։ Ընտրություններն անցել են առանց միջադեպերի։ Ընտրողներ եղել են նաեւ Համբուրգից եւ Մայնի Ֆրանկֆուրտից, բայց, անշուշտ, դա հիմք չի տալիս ասելու, թե ընտրատեղամասի հեռավորությունը ակտիվ մասնակցության լուրջ խոչընդոտ չէ։ Չկա վիճակագրություն, հետեւաբար չի կարելի գերմանաբնակ ՀՀ քաղաքացիների հստակ թիվ արձանագրել։ Բայց մեր դիտարկումներն առիթ են տալիս համոզվելու, որ նրանց թիվը 1109¬ից մի քանի անգամ մեծ է։ Ուրիշ բան, որ ոչ բոլորն են իրենց տեղը հայտնի դարձնում դեսպանությանը, առաջնորդարանին կամ հայկական համայնքին։ Նրանց մի մասն այնքան կտրված ու հիասթափված է Հայաստանից ու «հայկական» կյանքից, որ հազիվ թե իր քվեով մի բան փոխելու հավատ ունենա։ Մեջքը շտկած մյուս մասն էլ, որ արբանյակային կապ ունի ու ամեն օր բարգավաճող Հայաստանի պատրանքներով է ապրում, Հանրային հեռուստատեսության հեռարձակած քարոզարշավից «հարբած», ուզում էր օր առաջ իր «այո»-ն ու «ոչ»-ն ասել թեկնածուներին։ Բայց, ինչպես պարզվեց, քվեարկեց մտքումՙ Բեռլին հասնելու կարելիությունը չունենալու պատճառով։ Նրանցից մեկն անկեղծանում էՙ այդ ճանապարհածախսն էլ կդնեմ ու Հայաստան աշխատանք չունեցող ծնողներիս կուղարկեմ։
Ընտրություններից առաջ կայացած մեր հանդիպումներում, հեռախոսազրույցներում 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիների առավելագույն մասը պատրաստակամ էր իր քվեն տալու Հայաստանի գործող նախագահին։ «Ուրիշ ո՞ւմ տամ, երբ չեմ ճանաչում», ավելի հաճախ ասում էին նրանք։ Մի քանիսն էլ պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանի միակ արժանի մրցակիցը Վազգեն Մանուկյանն է։ Ընտրողներից միայն մեկըՙ Բեռլինի հոգեւոր հովիվ Սերովբե վարդապետ Իսախանյանը մեզ հիշեցրեց դրանց գաղտնիությունը, այդուհանդերձ յուրահատուկ պատճառաբանություն գտնելով իր չկողմնորոշվածությանըՙ ինչպես նախորդ, այս անգամ էլ ձայնս տալու եմ նրան, ում ընտրության պահին Սուրբ Հոգին կհուշի։ Առիթ չեղավ նրանից ճշտելուՙ Սուրբ Հոգին ո՞ւմ անվան դիմաց քվեարկել տվեց։
Գերմանիայում ընտրողների հնարավոր մասնակցությունը, կարծում ենք, ուղիղ համեմատական է Բեռլինին մերձ կամ հեռու լինելուն։ Կողմնորոշված, բայց ընտրություններին չմասնակցած իմ զրուցակից երկու տասնյակից ավելի ընտրողների պատճառաբանությունների շարադրանքն ավելի ճիշտ է ինձանից սկսեմ։ Իմ բնակության Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասից Բեռլինը մոտավորապես 6 ժամվա հեռավորություն ունի, դրան հավելենք ինձ հետ զրուցած, քվե չտված այլ ընտրողների մատնանշած խոչընդոտող ուրիշ հանգամանքներ էլ։ Ի տարբերություն Հայաստանի, Գերմանիայում, կարծում ենք, նաեւ այլ երկրներում, փետրվարի 19-ն աշխատանքային օր էր, ինչը ոչ պակաս հասկանալի սահմանափակող էական հանգամանք է դառնում։ Ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների փոքր մասը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցից իր համար պարզեց ընտրության օրը։ Ինչպես նախապես տեղեկացել էինք հանձնաժողովի նախագահից, հիշեցման թերթիկների փոխարեն իրենք նախընտրել էին տեղյակ պահել համայնքներին, ինչպես նաեւ լուր էին տպագրել ռուսալեզու «Եվրոպա էքսպրես» պարբերականում։ Այդուհանդերձ մի առաջարկ, որը փոխանցում ենք քվեարկելու կարեւորությունը գիտակցող եւ դրա հնարավորությունը չունեցած մեծ թիվ կազմող ՀՀ քաղաքացիների անունիցՙ գոնե հաջորդ ընտրություններում կիրառվի փակ ծրարներով քվեարկելու տարբերակը, ինչը մեզ կմերձեցնի եվրոպական գործելակերպին եւ կապահովի առավելագույն մասնակցություն։ Ասվածն ավելի կարեւորվում է 2-րդ փուլի պարագայում, ինչին, փորձը ցույց է տվել, մասնակցության պատրաստակամությունը, հիշատակված պատճառներից ելնելով, առավել նվազում է։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա