«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏԱ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԻՆ

Ո՛չ, հոդվածը չի քննարկելու Առաջին աշխարհամարտի վերաբերյալ նախագահ Ուիլսոնի սահմանումը, որտեղ ասում էր, թե դա «այն պատերազմն է, որը վերջ է տալու բոլոր պատերազմներին»։

Հոդվածն անդրադառնալու է Հայաստանում եւ սփյուռքում ապրող գիտաշխատողների միջեւ ծագած հակասություններին եւ բեւեռացումներին։ Օտարացումն այն աստիճանի է հասել, որ պատերազմի հետ զուգահեռները անցկացնելը, մեր կարծիքով, սխալ չէ։

Հայկական ուսումնասիրություններն ու պատմագրությունը սփյուռքում, հատկապես Միացյալ Նահանգներում, ծանոթ պատճառների հետեւանքով, այլ ուղիով զարգացան։ Խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանում ակադեմիական գործունեությունը սահմանափակված էր որոշակի չափանիշներով։ Յուրաքանչյուր թեմա պետք է խստագույնս համապատասխաներ մարքսիստական դոգմաներին։ Նույնիսկ ճաշատեսակների խոհարարական գրքույկները պետք է հագեցած լինեին պատշաճ խորհրդային գաղափարախոսությամբ, որպեսզի հրապարակման ենթակա լինեին։

Բայց պետք է խոստովանել, որ մտավոր կաշկանդվածության այդ պայմաններում հայրենի գիտաշխատողների մեծամասնությունը (Աճառյան, Մալխասյան, Աբեղյան, Ղանալանյան, Ջահուկյան, Սեւակ, Աբրահամյան եւ ուրիշներ) կարողացավ ստեղծել ակադեմիական բարձրագույն մակարդակի գործեր։

Հայաստանը նաեւ որպես ուսման կենտրոն ծառայեց սփյուռքի երիտասարդ գիտաշխատողներից շատերի համար։ Եվ, ամենակարեւորը, նրա թանգարանների, գրադարանների ու արխիվների նյութերը դարձան հիմնական աղբյուրներ այդ գիտաշխատողների համար։

Հայկական ուսումնասիրությունները զուգահեռաբար, բայց այս անգամ արեւմտյան գիտական ավանդույթներին հավատարիմ, զարգացան նաեւ սկզբում Վենետիկում եւ Վիեննայում, ապա աստիճանաբար Արեւմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Հենց «խառնարանի» մտայնությունն այս վերջինում սկսեց տեղի տալ էթնիկական զարթոնքին, փոքրամասնություններից շատերը սկսեցին հետազոտել իրենց արմատները։ Եվ հայկական ուսումնասիրությունները դարձան գիտական հետազոտությունների լուրջ ոլորտ, ստեղծվեցին ամբիոններ, մշակվեցին ծրագրեր երկրի գլխավոր համալսարաններում։

Երկաթե վարագույրի վերանալը պետք է որ բնականոն մերձեցման դուռ բացեր Հայաստանի եւ սփյուռքի ակադեմիական շրջանակների միջեւ։ Սակայն, ի զարմանս բոլորի, նրանք էլ ավելի հեռացան միմյանցից եւ հակասություններն սկսեցին արմատավորվել։ Հայկական ուսումնասիրությունները գիտության լուրջ ճյուղ դարձան Մ. Նահանգներում, որում ընդգրկվեց երիտասարդ եւ խորագիտակ մասնագետների մի ամբողջ հույլ։ Մինչդեռ Հայաստանում հին սերնդի պատմաբաններից շատերն անհետացան անկախությունից քիչ առաջ կամ հետո։ Գիտաշխատողների նոր սերունդը ապաստան գտավ ազգայնամոլության նեղ սահմաններում եւ սկսեց մեղադրել Արեւմուտքի գիտաշխատողներին հայկականությունից եւ ազգային շահերից հեռանալու մեջ։ Լարվածությունը սաստկացավ, եւ ամերիկահայ շատ գիտաշխատողներ նախատինքների արժանացան հայաստանյան մամուլի էջերում եւ համագումարների ընթացքում։

Մյուս կողմիցՙ ամերիկահայ գիտնականները արհամարհանքով վերաբերվեցին Հայաստանի իրենց գործընկերներին, եւ տարակարծությունների ճեղքվածքը գնալով ավելի մեծացավ։

Խնդրի էության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում փիլիսոփայական մի հարց, թե ինչ ենք հասկանում գիտաշխատող ասելով։ Արեւմուտքում հայ գիտաշխատողները հավատացած են, որ իրենց դերը ոչ թե տեսակետների պրոպագանդումն է, այլ ճշմարտության որոնումը եւ հայտնաբերումը։ Հայաստանում գիտաշխատողները գտնում են, որ իրենց կատարած աշխատանքը պետք է ծառայի ազգային շահերին եւ լինի ավելի գործնական։ Նրանք այս դիրքը պաշտպանում են, որովհետեւ մենք ունենք Ցեղասպանության հարց, եւ հայ գիտնականները չպետք է ջուր լցնեն թուրքական ջրաղացին, որն ամեն կերպ ջանում է ժխտել Ցեղասպանության փաստը։

Այս փիլիսոփայական հարցի շուրջ քննարկումներ կարելի էր կազմակերպել գիտական մակարդակով, բայց երկու կողմից հրահրված մեղադրական հարձակումներն առավել վատթարացրին իրավիճակը։

Ճիշտ է, գիտաշխատությունների վերջնական նպատակը պետք է լինի ճշմարտության բացահայտումը, բայց գործնականում գիտաշխատողները վերաձեւում են պատմությունըՙ հարմարեցնելու համար ճշմարտության նոր ըմբռնումներին։ Առնոլդ Թոյնբիի եւ Բեռնար Լյուիսի վառ օրինակները բավական են տեսնելու, թե ինչպես է գրվում պատմությունը. երկուսն էլ ուսումնասիրություններ էին կատարել ապացուցելու, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել, բայց առաջինը հետագայում նահանջեց իր դիրքերից, իսկ երկրորդն ամբողջովին անցավ կտրուկ ժխտման քաղաքականությանը։ Լյուիսի «Ի՞նչը ճիշտ չգործեց» վերնագրով վերջին աշխատությունը պատմությունը վերաձեւելու կոթողային օրինակ է, որտեղ հեղինակն արաբներին եւ իսլամական աշխարհին էր մեղադրում իրենց ձախողումների համար։

Հայաստանի գիտությունների ակադեմիան եւ Երեւանի պետական համալսարանը խիստ մտահոգված են երկու ճամբարների միջեւ ահագնացող ճեղքվածքներից եւ որոշել են հարցի կարգավորման միասնական քայլեր ձեռնարկել։ Այդ շրջանակներում նրանք ձեռնամուխ են եղել սեպտեմբեր ամսին Երեւանում կազմակերպելու «Հայագիտության առաջին միջազգային համագումարը»ՙ հանրապետության նախագահի հովանավորությամբ։ Հրավերներ արդեն ուղարկվել են այդ բնագավառի բոլոր մասնագետներին։ Համագումարի նպատակն է «գնահատել ձեռքբերումներն այդ ոլորտում, բարելավել համագործակցությունը ակադեմիական շրջանակներում աշխատողների միջեւ եւ նախագծել ուսումնասիրությունների հետագա ընթացքը»։

Չափազանց ընդգրկուն մի նպատակ, որը գուցե հնարավոր չլինի ամբողջովին իրականացնել մեկ համագումարի միջոցով։ Արտագաղթի հետեւանքով բավական նվազել է ակադեմիական ուսումնասիրությունների մակարդակը հայրենիքում։ Մյուս կողմից, միջազգային համագումարներում ամերիկահայ գիտաշխատողների ոչ միասնական կեցվածքը նպաստել է նրանց նկատմամբ անվստահության մթնոլորտի ստեղծմանը։ Այնպես որ դժվարություններն ու մարտահրավերները վիթխարի են։ Պետք է հույս հայտնել, որ երկու կողմերը կգիտակցեն խնդրի լրջությունը եւ ահագնությունը ու ջանք չեն խնայի երկխոսության միջոցով մերձեցման եզրեր գտնելու։

Հայագիտությունը շատ կարեւոր բնագավառ է եւ միայն գիտաշխատողների ուսերին չպետք է թողնել այդ ծանր բեռը։ Յուրաքանչյուր հայ անհատ կամ խմբավորում պետք է ընդգրկված լինի դրանում։ Այս նախաձեռնությունը պետք է պաշտպանվի բոլորի կողմից անխտիր։

Բարեգործական աշխատանքները կարեւոր են եւ ազնիվ առաքելություն ունեն, բայց որոշակի սահմանից այն կողմ բարեգործությունը պետք է բարձրանա առավել վերացական մակարդակի եւ պաշտպանի ակադեմիայի ու համալսարանի նախաձեռնությունները։ Նույնիսկ, եթե բոլոր հարցերը միանգամից չլուծվեն մեկ համագումարով, միասնական գործողությունների առաջին քայլերն առնվազն կլինեն նախագծելու հայագիտական ուսումնասիրությունների հետագա ուղին։

Համագումարում կարող են հնչել տարաձայնություններ կամ տեղի ունենան բախումներ, բայց որ դրանք պետք է կարողանան վերջ տալ ցարդ գոյություն ունեցող բոլոր անհամաձայնություններին եւ անվստահության մթնոլորտին, միանշանակ է։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4