«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2003-02-19 | #33, 2003-02-20 | #34, 2003-02-21


«ՕՐԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ

Օտար ափերում հրատարակվող հայերեն որեւէ պարբերական թերթելիս հայաստանցի ընթերցողին առանձնապես գրավում են տակավին անծանոթ, նոր դեմքերն ու իրադարձությունները։

Անշուշտ, հետաքրքրական է նաեւ, թե ինչպե՞ս են արտացոլվում հայաստանյան դեմքերն ու դեպքերը, ի՞նչ արձագանք ստանում։ Այս իմաստով Պրահայում լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի (գլխավոր խմբագիրՙ Հակոբ Ասատրյան) 9¬10 (2002) համարում առավելապես աչքի են զարնում Հայաստանի քաղաքական գործիչների հետ հարցազրույցները Ռուսաստանի հայերի միության կազմակերպած «Հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրները» գիտաժողովի աշխատանքներից հետո, Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված զրույցներն ու Բեռլինում տեղի ունեցած համերգներին մասնակցած Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանի հետ հարցազրույցը։ Նախ անդրադառնանք վերոհիշյալ նյութերի լուսաբանմանը, ապա ռուսահայ եւ եվրոպահայ մամուլի նորություններին, գրական նորույթներին եւ չեխ հասարակական գործչի հետ զրույցին։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին «Օրեր» ամսագիրը շնորհել է 2002 թվականի «Տարվա եվրոպահայ» կոչումը, հաշվի առնելով նրա ակտիվ գործունեությունը սփյուռքահայության եւ Ռուսաստանի հայերի միավորման, համայնքային աշխուժացման գործում։ Գլխավոր խմբագրի հետ հարցազրույցում Արա Աբրահամյանը շեշտում է համահայկական կազմակերպության ստեղծման կարեւորությունը, որը հնարավորություն կտա զբաղվելու ներդրումներով, ֆինանսական հարցերով։ Մասնաճյուղեր կբացվեն 15 պետություններում։

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի հետ զրույցում առանձնացվում է մշակույթի եւ կրթության զարգացման համար ամենագլխավորի նախադրյալըՙ տնտեսության հետագա առաջընթացի հարցը։ Դեսպանի համոզմամբ, հայ-ռուսական տնտեսական կապերն այսօր հիմք են տալիս ասելու, որ «Հայաստանում կամաց-կամաց բարեկեցիկ կյանք կստեղծվի»։ «Հայերը դարերի սահմանագծում» գիտաժողովում քննարկված հիմնական քաղաքական թեմաներիՙ կոմպլեմենտարության, Հայոց ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացնում ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը։ «Մենք սովոր ենք որպես ազգ ոչ թե ապրել, այլ գոյատեւել, եւ ունեինք վերապրողի, գոյատեւողի բազմադարյան փորձը։ Այսօր մեր ազգային մտածելակերպը տեղափոխել ենք որոշ չափով նաեւ պետական համակարգ եւ փորձում ենք իբրեւ պետություն գոյատեւել ու վերապրելՙ չունենալով ելք դեպի ծով, ունենալով երկու փակ սահման», հարցազրույցում ասում է նա։

Ուշագրավ է նաեւ Հայաստանի առաջին տիկնոջՙ Բելլա Քոչարյանի հարցազրույցը, որ արտատպվեց «Ազգում» (17 փետրվարի, 2003 թ.)։ Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ տիկին Քոչարյանը մասնակցեց բեռլինյան համերգներին։ 2003 թ. հայտարարված է Արամ Խաչատրյանի տարի, որ մեկնարկելով Գերմանիայից կշարունակվի Ռուսաստանում, Ճապոնիայում եւ այլուր։ Հետաքրքրական են նաեւ 32 տարի առաջ երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանի հարցազրույցը Արամ Խաչատրյանի հետ, Նամի Միկոյանի հիշողությունները Արամ Խաչատրյանի մասին եւ այլ մասունքներ։

Ամսագրում ամփոփ ներկայացված են ռուսահայ եւ եվրոպահայ մամուլում տեղ գտած կարեւորագույն նյութերը։ Մոսկվայում սկսել է լույս տեսնել «Գիտության եւ տեխնիկայի նորություններ» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է Արման Ջիլավյանը։ Իսկ Կալուգայում լույս է տեսնում «Գործարար» ամսագիրը հայերեն եւ ռուսերեն հոդվածներովՙ Վահրամ Բեկչյանի խմբագրությամբ։

Եվրոպահայ մամուլի նյութերից ամսագրում ներկայացված է Աթենքի «Ազատ օր» օրաթերթից քաղած տեղեկությունը Պենաքի թանգարանում բացված Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի մասունքների ցուցադրության մասին։ Իսկ Լոնդոնից տրված ռեպորտաժը պատմում է Ուելսի գլխավոր օրենսդիր մարմնի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Հրատապ թեմա էջը ծանոթացնում է Չեխիայի ամենաազդեցիկ հասարակական կազմակերպությանՙ «Մարդը կարիքի մեջ» հիմնադրամի տնօրեն Տոմաշ Պոյարի հետ։ Նրա հետ հարցազրույցում առաջ քաշված հարցերը բնորոշ են նաեւ մեր իրականությանը, քանզի մեզանում նույնպես մարդիկ նախ եւ առաջ փողի կարիք ունեն։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4