Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում լույս տեսնող «Երկրամաս» թերթի հաղորդագրությունից տեղեկացանք, որ չորեքշաբթի օրվանից հարյուրավոր զինծառայողների եւ ոստիկանների մասնակցությամբ սկսվել է հատուկ գործողություն ուղղաթիռներով եւ զրահամեքենաներով։ Նրանք փնտրում են թմրաբիզնեսով զբաղվող մի հանցախմբի, որը սպանել է հրաձգային հատուկ գնդերի երկու զինվորի եւ 4 իրավապահպանների։ Հանցախմբի ղեկավարը, որն անցել է աֆղանական եւ չեչենական պատերազմների բովով, ոչնչացված է։ Հանցագործները բացահայտվել են տեղի հայ բնակչի օգնությամբ, որը տեղի ներքին գործերի բաժնի արտահաստիքային աշխատակիցն է։ Մի քանի օր առաջ Արարատ անունով այս երիտասարդը, որը հրաձգային հատուկ գնդի զինվոր է Գունայկա գյուղում (Տուապսեից 80 կմ հեռու), ներքին գործերի աշխատակիցներին պատմել էր, որ հեռավոր անտառներից մեկում տեսել է զինված մարդկանց։ Ահազանգից հետո ոստիկանները, Արարատի ուղեկցությամբ, գնացել են Կոտլովինա, սակայն այնտեղ նրանց դարանակալել են հանցախմբի անդամները։ Արարատը թեթեւ վիրավորվել է եւ, ինչպես ինքն է պնդում, նրան հաջողվել է վերացնել հանցախմբի ղեկավարին, երբ վերջինս փորձել է նռնակ նետել իր վրա։ Սակայն նռնակը պայթել է նրա ձեռքում եւ կտրել գլուխը։ Այս պահին Կրասնոդարի երեք շրջաններումՙ Տուապսեի, Լազարեւի եւ Ապշերոնի, բոլոր ճանապարհները շրջափակված են զրահատեխնիկայով, իսկ լեռներում աշխատում են հատուկ խմբերը։
Ռ. Պ.