«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2003-02-21 | #35, 2003-02-22 | #36, 2003-02-25


«ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»

Նման հայտարարություն Ռոբերտ Քոչարյանը չի արել, չի արելՙ գոնե հրապարակավ

«Ընդամենն ուզում ենք հիշեցնել, որ Քի Վեսթից վերադառնալովՙ հայաստանյան պատվիրակության ղեկավարը «Զվարթնոց» օդանավակայանում բազմիմաստ հայտարարություն արեց. «Մի՛ մոռացեք, որ Հայաստանն էլ տարածքային ամբողջականության խնդիր ունի», փետրվարի 19-ի համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը «Տարածքների փոխանակման վերադարձը-2, կամՙ ի՞նչ են ասել Ժակ Շիրակն ու Վլադիմիր Պուտինը» հոդվածում։

Հրապարակման հեղինակ Ա. Կարապետյանի արտահայտած տեսակետներին համաձայն լինել-չլինելու մասին չէ մեր այս անդրադարձը։ Պարզապես նշենք, որ հարգարժան հոդվածագիրը գործող նախագահ Ռ. Քոչարյանին վերագրում է հայտարարություն, ընդ որումՙ սուտ հայտարարություն, եւ այդ մեկ նախադասության վրա կառուցում իր վերլուծությունը։ Հայաստանի նախագահը, կրկնենք, Քի Վեսթից վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում չի հայտարարել, թե իբրՙ «Մի՛ մոռացեք, որ Հայաստանն էլ տարածքային ամբողջականության խնդիր ունի»։

Տողերիս հեղինակը 2001 թ. ապրիլի 11-ին լրագրողների խմբի հետ եղել է «Զվարթնոց» օդանավակայանում, այս պահին մեր ձեռքի տակ է Քոչարյանի հարցազրույցի սղագրությունը։ Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակ տարածքների փոխանակման հավանականության մասին նախագահին ընդամենը մեկ հարց ուղղվեցՙ հաղորդակցությունների բացման, տարածքների փոխանակման մասին խոսակցություններ Քի Վեսթում եղե՞լ են, որին Քոչարյանը պատասխանեց մեկ նախադասությամբ. «Դետալների մասին չեմ կարող խոսել»։

Անշուշտ, մենք չենք կարող տեսականորեն բացառել, որ ղարաբաղյան բանակցությունների ինչ-որ փուլում քննարկված լինի տարածքներ փոխանակելու ամերիկյան առաջարկը, ինչի մասին «Ազգը» տասնյակ հրապարակումներ է տպագրել։ Պարզապես հիշեցնենք, որ տարածքների փոխանակման մասին խոսակցությունները սկիզբ են առնում տակավին 1989 թվականից եւ հիմնականում այդ խոսակցությունները ծառայեցվում են քաղաքական ինչ-ինչ նպատակների։

Ի դեպ, 2001 թ. ապրիլի 14-ին Քի Վեսթից Լոնդոնով Բաքու վերադարձավ Հեյդար Ալիեւը, որին «Բինա» օդանավակայանում տարածքների փոխանակման հավանականության մասին մեկ հարց ուղղվեց։ Մեր ձեռքի տակ է Ադրբեջանի նախագահի այդ օրը օդանավակայանում լրագրողներին տված հարցազրույցի սղագրության տեքստը։ Լրագրողի հարցին, թե հայկական մամուլում շրջանառվում են տարածքների փոխանակման մասին ենթադրություններ, Հեյդար Ալիեւը պատասխանում է. «Գիտեք, ինչպես Ադրբեջանում, Հայաստանում էլ կան մարդիկ, ովքեր լրատվամիջոցներում արտահայտում են իրենց կարծիքը կամ բաներ հորինում։ Ուրեմն ե՞ս պետք է պատասխանեմ բոլոր հորինվածքներին։ Ես գիտեմՙ ինչն է ճիշտ եւ ինչըՙ սխալ»։

Հետագա հարցազրույցներում, հրապարակային ելույթներում Հեյդար Ալիեւը մի քանի անգամ հաստատել, ապա կտրականապես հերքել է ղարաբաղյան կարգավորման Մեղրին Լաչինով փոխանակելու հնարավոր տարբերակը։ Պետք է ենթադրել, որ Ադրբեջանում նույնպես, ինչպես Հայաստանում, ղարաբաղյան հարցը երբեմն շահարկվում է զուտ քաղաքական նպատակներով։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4