«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#34, 2003-02-21 | #35, 2003-02-22 | #36, 2003-02-25


ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում, ինչպես հայտնի է, հանցակցության մեծ բաժին ուներ նաեւ կայսերական Գերմանիան։ Թուրքիայում հայերի նկատմամբ կիրառվող անմարդկային բռնություններին հասարակությանը իրազեկ չդարձնելու նպատակով Գերմանիայի կառավարությունը խստագույնս արգելում էր մամուլում դրանց նույնիսկ աննշան հրապարակումը։ Այդուհանդերձ, Գերմանիայի մտավորականները, հավատարիմ ճշմարտության ձայնին, քննադատում էին իրենց կառավարությանըՙ հրապարակելով փաստաթղթերի ժողովածուներ, հուշեր, տեղեկություններ, որոնք արտացոլում էին հայերի բնաջնջման իրական պատկերը։ Նրանք համոզիչ փաստաթղթերով ապացուցեցին օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների ծրագրված ու կազմակերպված լինելը։ Դրա վառ վկայությունն է գերմանացի միսիոներ Էռնստ Զոմմերի «Ճշմարտությունը աշխարհամարտի ժամանակ Թուրքիայում հայ ժողովրդի կրած տառապանքների մասին» հատորյակը, որի հայերեն թարգմանությունը (թարգ. Էվելինա Մակարյան) վերջերս ընթերցասեր հասարակայնությանը ներկայացրեց ԵՊՀ հայագիտական կենտրոնը։

«Ծածուկ բան չկա, որ չհայտնվի, եւ մի թաքուն բան չեղավ, որ դեպի հայտնություն չգար», Մատթեոսի ավետարանի այս խոսքերով է սկսվում Զոմմերի գիրքը։ Հեղինակն իր պարտքն է համարում մարդկանց իրազեկ դարձնել զարհուրելի իրադարձությունների ճշմարիտ պատմությանը ականատեսների անսքող վկայություններով, որոնց հավաստիությանը պատասխանատու է։ «Գերմանացի ժողովուրդն իրավունք ունի իմանալու ողջ ճշմարտությունն այն իրողության, որը ոչ միայն արտերկրում մեծ վնաս հասցրեց մեր բարի անվանը, այլեւ մեղսակից դարձրեց մեզ, որի պատճառով համաշխարհային պատերազմի երկրորդ կեսին չարժանացանք Աստծո ողորմությանը», գրում է Զոմմերը։ Հայոց ցեղասպանության եղերական իրադարձությունները գրքում նկարագրված են ինչպես սկսվեց փոթորիկը, հայ ժողովուրդը զրկվում է առաջնորդներից եւ զենքից, աքսորներ, ինչ վերապրեցին աքսորի ժամանակաշրջանում Արեւելքում քրիստոնեական բարեգործական գերմանական օգնության միսիոներությունները եւ լուսանկարներ մռայլ ֆոնի վրա բաժիններումՙ ներկայացնելով, ինչպես հեղինակն է նշում, դրանց ընդամենը մի փոքրիկ հատվածը։

Կովկասյան բանակի թիկունքում, Մուշի գերմանական օգնության միությունում ծառայող քույր Ալմա Յոհանսոնը պատերազմի հենց սկզբից ականատես է եղել, թե ինչպես են թուրքերը մտնելով ցանկացած տուն, թալանել ու կողոպտել հայերին, որպես բեռնակիրներ օգտագործել ոչ միայն տղամարդկանց, այլ կանանց ու նույնիսկ երեխաներին ու ծերերին։ Թուրքերի բռնարարքներից իրենց կանանց պաշտպանելու համար զենք վերցրած հայ տղամարդկանց պատժել ենՙ հրկիզելով նրանց գյուղերը։ «Սրբազան պատերազմ» հայտարարելուց հետո, 1914 թ. նոյեմբերին թուրք պետական պաշտոնյաները խոստովանել են, որ հայերին ջարդելու համար սպասել են միայն հրամանի։ Թուրքերը կանխատեսել են, որ ռուսական բանակը մինչեւ Մուշ կհասնի, իսկ մինչ այդ իրենք կջարդեն հայերին։ «Ամեն ինչ հրահանգվում էր վերեւիցՙ կշռադատված եւ կազմակերպված, նենգ սառնասրտությամբ»։ Նախՙ հա ժողովրդին մեկուսացրին իր առաջնորդներիցՙ հոգեւորականներից, ուսուցիչներից, հարուստներից ու մտավորականներից, որոնց ձերբակալեցին ու բանտ նետեցին, որովհետեւ գլխատված ժողովրդին հեշտ է ոչնչացնել։ Այս մասին պատմում է Մամուրեթ-ուլ-Ազիզի որբանոցի գերմանացի քույրերից մեկըՙ Քլարա Պֆայֆերը։ Նրա վկայությամբ, 1915 թ. սկզբից լուրեր տարածվեցին Վանի գավառի բնակչության հեղափոխական շարժման մասին, որից անմիջապես հետո սկսվեց հայ զինվորների զինաթափումը, որի նպատակը հայերին ինքնապաշտպանությունից լիովին զրկելն էր։ Սկսվեց հայերի սպանդը ֆիզիկական խոշտանգումներով։

«Ըստ 1918 թվականի նոյեմբերի 12-ի գերմանական թղթակցության, Թուրքիայից տեղահանվել է մոտ 1 միլիոն 400 հազար հայ բնակիչ։ Եվ այնպիսի անմարդկային եղանակներով իրականացվեց այդ ծրագիրը, որի ընթացքում խլվեց ավելի քան մեկ միլիոն մարդկային կյանք», գրում է Զոմմերը։ Ուշագրավ են շվեդ միսիոներուհի քույր Թորա ֆոն Վեդել-Յարլսբերգի եւ գերմանուհի քույր Էվա Էլվերսի պատմածները (ականատեսների վկայությամբ) իրար կապած 3000 հայերի Կամախի կիրճի մերձակա հովտում մի բարձր ժայռից Եփրատի ալիքների մեջ նետելու, Սվազի ողջ բնակչությանը տեղահանելու ու սպանելու եւ այլ սահմռկեցուցիչ դեպքերի մասին։ «Ռուսական սահմանից մինչեւ Սվազ եւ այնուհետեւ արեւմուտք ընկած տարածքները գրեթե «մաքրված էին» հայերից։ Թուրքիան ոչնչացնելով իր բնակչության լավագույն մասըՙ կործանում էր նաեւ ինքն իրեն», հաղորդում են նրանք։

Զոմմերը ընդգծում է այն հանգամանքը, որ թուրքական կառավարությունը, չկարողանալով այլեւս գաղտնի պահել զանգվածային տեղահանման փաստը, փորձում էր արդարանալՙ մեղադրելով հայերին ըմբոստության մեջ։ Մինչդեռ նման մեղադրանքով անգամ չի կարելի արդարացնել այն ահավոր բռնությունները, որ կիրառվեցին կանանց, երեխաների ու ծերերի նկատմամբ։ «Հայերն այնքան հեռու էին ըմբոստությունից, որ մեծ մասամբ առանց դիմադրության կոտորվեցին», գրում է նա։ Մուշում գթության քույրերից Ալմա Յոհանսոնը պատմում է Մշո գավառի հայ բնակչության կոտորածի մասին։

Պատերազմն ու աքսորը Վանում եւ Մուշում կասեցնում են միսիոներական աշխատանքը։ Միսիոներներին հաջողվում է փրկել Մազերեհի, Մարաշի եւ Յարունիեի իրենց հաստատություններում գտնվող երեխաներին ու աշխատողներին։ «Համաշխարհային պատերազմը սոսկալի տառապանքներ պատճառեց աշխարհին եւ, իհարկե, ամենաշատը բաժին հասավ հայերին։ Վայ նրանց, ովքեր անարդար են գործել։ Եթե նրանց չդատեն մարդկանց օրենքներով, միեւնույն է, նրանք Աստծո դատաստանից չեն կարող խուսափել» գրքի վերջում ասում է գերմանացի միսիոները։

Արդի քաղաքակիրթ աշխարհում Թուրքիան հակահայկական իր քարոզչությամբ շարունակում է կեղծ փաստարկներով խեղաթյուրել պատմական ճշմարտությունը։ Դրա դեմ ամենազորավոր միջոցը Էռնստ Զոմմերի գրքի եւ նմանատիպ աշխատությունների լույսընծայումն ու տարածումն է, քանզի դրանցում ուժգին է հնչում ճշմարտության ձայնը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4