Ուշագրավ ցուցահանդես-դասախոսություն է տեղի ունեցել Բեյրութի ՀԲԸ միության Դարուհի¬Հովակիմյան վարժարանի «Զապել Մովսեսյան» սրահում «Հայաստանի նորագույն մամուլը, 1987¬2002» խորագրով։ Բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը, այս մասին տեղեկանում ենք «Զարթօնք» օրաթերթից։
Ցուցահանդեսի ընդարձակ սրահում ներկայացված ավելի քան 1000 անուն հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով մամուլը ոչ միայն Հայաստանի, նաեւ Ջավախքի, Ղարաբաղի եւ «ներքին սփյուռքի»ՙ տարաբնույթ էր (մշակութային, գրական, կրոնական, քաղաքական, հասարակական, ժամանցային, մարզական, նաեւ պոռնոգրաֆիական)ՙ ընդգրկելով 1987¬2002 թթ.։ Ցուցադրված էին նաեւ հայրենական մամուլի մասին մատենագիտական գրականություն, ուսումնասիրություններ, տեղեկություններ, հոդվածներ, փաստաթղթեր, լուսանկարներՙ ամենը բծախնդրորեն հավաքված բանախոսի կողմից։
Վարժարանի տնօրեն Ժիրայր Դանիելյանը, հանդես գալով բացման խոսքով, ներկայացրեց բանախոսինՙ հպանցիկ անդրադառնալով հայ պարբերական մամուլի սկզբնավորմանն ու հետագա ընթացքին։
Գեւորգ Յազըճյանը ներկայացրեց հայ մամուլը 1985 թ.-իցՙ Հայաստանի քաղաքական զարգացումներին զուգընթաց, երբ գորբաչովյան «վերակառուցման» եւ «հրապարակայնության» հռչակումից օգտվելովՙ հայ այլախոհ միտքը սկսեց իր ազատ դրսեւորումները նաեւ մամուլում, որին նպաստեցին 1988-ի ազգային զարթոնքը եւ ղարաբաղյան շարժումը։ Այս առումով կարեւորվեց հայ ավանդական կուսակցությունների մուտքը Հայաստան, եւ նրանց մամուլի հրատարակությունները, որ իրենց նպաստը բերեցին ազատ մամուլի կայացմանը («Ազգ», «Հնչակ Հայաստանի», «Ազատամարտ», «Երկիր»)։
Այս տարիների ընթացքում բազմիցս լինելով հայրենիքում եւ բնակվելով այստեղՙ Յազըճյանն ուսումնասիրել է մամուլի ամեն մի դրսեւորում, քաջածանոթ է նաեւ Հայաստանում կատարվող քաղաքական, գրական, մշակութային իրադարձություններին եւ մթնոլորտին ընդհանրապես։ Ըստ բանախոսի, 1991 թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի հրապարակած «Մամուլի օրենքը» գործում է այսօր ոչ ամբողջապես, շրջանցվում են բազմաթիվ հոդվածներ, եւ մամուլն օրըստօրե նահանջ է ապրում լեզվաոճական առումներով։ Իսկ ամենակարեւորը, ըստ Յազըճյանի, դեռեւս 1994 թ.-ից մամուլի հանդեպ կիրառվող ուղղակի կամ անուղղակի բռնություններն ենՙ մամուլը քաղաքական այս կամ այն խմբավորման կամ անձի շահերին ծառայեցնելու նպատակով, որն ավելի է ընդգծվում ընտրությունների շրջանում։ Ըստ բանախոսի դիտարկումների, հայաստանյան բնակչության հիմնական հետաքրքրությունները ժամանցային մամուլի նկատմամբ ավելի մեծ են, իսկ քաղաքական կազմակերպությունների նկատմամբ ունեցած անվստահությունների պատճառով քաղաքական թերթերը նույնպես անվստահելի են դարձել։
Մամուլի լեզվա¬ոճական անկումային վիճակն, ըստ հարցադրումների, պայմանավորվեց նաեւ լեզվի պետական տեսչության թույլ վերահսկողությամբ։ Թերթերի նկատմամբ անվստահությունն ըստ էության ֆինանսական խնդիրներով է պատճառաբանվում։ Հայաստանում ազատ մամուլը բացակայում է, որովհետեւ ինքնաֆինանսավորում չկա, որի հետեւանքով էլ թերթը դառնում է իրեն ֆինանսավորողի խոսափողըՙ զրկելով ընթերցողին անաչառ տեղեկատվությունից։
Հայության երկու հատվածների մերձեցման համատեքստում քննարկվեց նաեւ սփյուռքահայ մամուլիՙ Հայաստան առաքման ոչ կանոնավոր վիճակը։ Նկատվեց, որ Երեւանի ազգային գրադարանում կարելի է գտնել միայն «Ազդակ» օրաթերթը։ Միակ լուծումը, որ առաջարկեց Արմեն Հարությունյանը, թերթերն անձնական նախաձեռնությամբ հայրենիք ուղարկելն է («Զարթօնքի» պատասխանատավությունը վերցնելով իր վրա)։
Ժիրայր Դանիելյանը հպարտորեն նշեց Դարուհի¬Հովակիմյան երկրորդ վարժարանի կրթություն ստացած օրվա բանախոսիՙ Գեւորգ Յազըճյանի ճիգերի եւ նվիրումի շնորհիվ կազմակերպված ցուցահանդես-դասախոսության ճանաչողական նշանակությունը։
Մ. Բ.