Մեր երկրում ստեղծված կացության այս օրերի մտահոգությամբ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում հնչեցին տարբեր կարծիքներՙ գրեթե նույն ուղղվածությամբ։ Հետընտրական շրջանի մեր հասարակության մեջ տեղի ունեցած բեւեռացումը բնականոն համարելով, ժողովրդավարական ճանապարհը բռնած Հայաստանում սահմանված կարգով գործում են մարդու ազատ կամքը, ինքնարտահայտվելու հնարավորությունները, տարակարծությունները եւ անընդունելի են ամեն տեսակ կոչերն այլախոհության դեմ առհասարակ։ Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը պաշտպանելու իրավունք եւ հանձնաժողովն անհամաձայնություն հայտնեց քաղաքական երկու կողմերի կոշտ դիրքորոշմանը եւ կոչ արեց զերծ մնալ լարվածություն առաջացնող մթնոլորտից։
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասրյանն այս առիթով հրապարակեց ուղերձ, որը հարկ եղավ ենթարկելու խմբագրական միջամտությունների։ Նոր առաջարկներով հանդես եկան հանձնաժողովի անդամներ Սուրեն Զոլյանը, Գրետա Միրզոյանը, Աշոտ Եսայանը, գտնելով, որ այսօր վտանգված է մեր երկրի ժողովրդավարությունը, եւ ամեն ինչ պետք է կատարվի սահմանադրական ճանապարհով։
Հայտարարության մեջ հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ նախագահական ընտրություններին զուգընթաց անհանդուրժողականության եւ բռնության հրապարակային կոչերը կարող են հանգեցնել իրավիճակների ապակայունացման։ «Մենք վստահ ենք, որ քաղաքական ուժերը եւ ժողովուրդն ի զորու են նպաստելու մեր հասարակության ժողովրդավարական նվաճումների պաշտպանմանը եւ մարդու իրավունքների պատշաճ պահպանմանը։
Համոզված ենք, որ բոլոր քաղաքական ուժերը եւ նրանց աջակիցները կցուցաբերեն հանդուրժողականություն եւ զերծ կմնան լարվածությանը նպաստող քայլերից, որպեսզի հաղթանակի սթափ բանականությունն ու առողջ տրամաբանությունը։ Չպետք է մոռանալ, որ ընտրվող նախագահը դառնում է ամբողջ ժողովրդի նախագահը»։
Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում հընթացս քննարկվեցին նաեւ այլաբնույթ հարցեր, ինչպեսՙ հանձնաժողովի ներկայացուցիչներ ունենալ հանրապետության մարզերում, որը չի իրականանում ֆինանսական պատճառներով։ Ուստի նախընտրելի է հասարակական կարգով աշխատելըՙ հենվելով Հայաստանի տարբեր մարզերում ակտիվ աշխատող հասարակական կազմակերպությունների վրա։ Կարեւոր հարցերից է նաեւ (նկատի ունենալով ռուսաստանյան փորձը) միջնակարգ դպրոցներում ունենալ անձինք, որոնք կզբաղվեն մարդու իրավունքների հարցերով կրթօջախներում։
Հանձնաժողովի փոխնախագահ, փաստաբանների միության նախագահ Հայկ Ալումյանը հանդես եկավ փաստաբանական ծառայությունների շուրջ ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ մտցնելու առաջարկներով (պետբյուջեի հաշվին փաստաբանական անվճար ծառայություններՙ բնակչության սոցիալապես անապահով զանգվածների համար), անդրադարձավ մի շարք այլ մասնագիտական խնդիրներիՙ անկախ եւ անկողմնակալ երդվյալ ատենակալների ինստիտուտի ստեղծմանը, դատարանի կողմից օրենքների ոչ միատեսակ կատարմանը, կամայական ըմբռնումներին, որ խախտում է դատական ընդհանուր օրինաչափությունը։
Մ. Բ.