«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2003-02-22 | #36, 2003-02-25 | #37, 2003-02-26


ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտության տարեգրության մեջ ուշագրավ էջ է Խոջալուի կրակակետի ոչնչացումը 1992-ի փետրվարի 26-ին։ Արցախի ինքնապաշտպանական ուժերի իրականացրած այդ փայլուն ռազմագործողությանը Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձել են ազգային ողբերգության տեսք տալՙ Խոջալուի անկումը կապելով, իբր, խաղաղ բնակչության կոտորածի հետ։ Իրականում ողբերգության ենթատեքստն ուրիշ էրՙ սպանդն ուղղակիորեն կազմակերպված էր Ադրբեջանի քաղաքական ընդդիմության կողմիցՙ գործող իշխանություններին վարկաբեկելու նպատակով։ Հարկ է նշել, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժիՙ «Ժողովրդական ճակատի» այս կեղտոտ ձեռնարկումը նպատակին հասավ, որովհետեւ շուրջ երկու ամիս հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը պաշտոնանկ եղավ։ Հատկանշական է նաեւ, որ հետագայում Ա. Մութալիբովը, անդրադառնալով Խոջալուի դեպքերին, ադրբեջանցիների սպանդը Աղդամի մատույցներում, Շելլի գյուղի տարածքում, անվանել է «Ժողովրդական ճակատի» ձեռքի գործ։

Գործնականում հայ ինքնապաշտպանները չէին կարող հարյուրավոր խաղաղ բնակիչների գնդակահարել ադրբեջանաբնակ Շելլի գյուղի մոտակայքում, քանի որ Շելլին յուրօրինակ ռազմական հենակետ էր։ Իսկ որ սպանդը տեղի է ունեցել հենց այդ տարածքում, անվիճելի է։ Ողբերգության վայրի մասին հաջորդ օրը տեղեկացրել է նաեւ Ադրբեջանի հեռուստատեսությունը, ցուցադրելով նկարահանված սահմռկեցուցիչ տեսարաններ։

Խոջալուցիների կոտորածը մյուս կողմից փորձ էր հակարժեք փաստ ստեղծելու Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ հայկական մի շարք բնակավայրերի հայ բնակչության դեմ կատարված բռնություններին։ Այսօր էլ, ինչ-ինչ քաղաքական քողարկումների համար, Ադրբեջանի քարոզչական մեքենան շարունակում է նույն ինքնանպատակ շահարկումը։

1992-ի ձմռանը Խոջալուի ազատագրումն անհրաժեշտ էր շրջակա հայկական գյուղերի եւ, ինչ խոսք, նաեւ Ստեփանակերտի անվտանգության նկատառումով։ Մի կողմից Ստեփանակերտին պատկանող օդանավակայանի գրավումը, որն անհնարին էր դարձրել առանց այն էլ պաշարված Արցախի կապը աշխարհի հետ, մյուս կողմիցՙ պարբերաբար հրետակոծումները Խոջալուի կրակակետից, շնչահեղձ էին անում շրջակա հայ բնակչությանը։

Դեռեւս 1988 թ. նախկին ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մարտի 24-ի, այսպես կոչված, «անհետաձգելի միջոցառումների մասին» որոշմամբ ԼՂ-ին հատկացված 450 միլիոն ռուբլի գումարի մի զգալի մասը ծախսվել էր Խոջալուի «սոցիալ-տնտեսական զարգացմանը»։ Շուրջ երեք տարում 1200 բնակիչ ունեցող գյուղը վերածվել էր 5000-անոց քաղաքի, որի նոր բնակիչներ դարձան, թուրք-մեսխեթցիների անվան տակ, պատժակրումից վաղակետ կամ պայմանական ազատված քրեականները եւ սումգայիթյան գեհենում թրծված «գահրամանները»։ Հենց նրանք (նաեւ Շուշիում ու մյուս ադրբեջանաբնակ գյուղերում տեղակայված գրոհայինները) պիտի «խաղաղություն բերեին» ըմբոստացած Արցախին։ Հաշվարկը, սակայն, չարդարացրեց ադրբեջանական իշխանությունների հույսերը, որովհետեւ հայ ինքնապաշտպանները կտրուկ ձեռնարկմամբ կանխարգելեցին հետագա ադրբեջանանպաստ իրադարձությունները։

Տեղեկացնենք, որ նորաստեղծ ԼՂՀ-ի ղեկավարությունը Խոջալուի ռազմագործողությունից առաջ զգուշացրել էր խաղաղ բնակչությանը զինված ընդհարման վայրից դուրս հանելու անհրաժեշտության մասին, նախապես միջանցք տրամադրելով Կարկառ գետի ցամաքային երկայնքով։ Սակայն մութալիբովյան կառավարությունը չանսաց այդ նախազգուշացմանը, ըստ երեւույթինՙ խոջալուցիներին կենդանի վահան պահելու նպատակադրությամբ։ 1992-ի փետրվարի 26-ին տեղի ունեցավ պատերազմների պատմության մեջ, թերեւս, հազվագյուտ դեպքՙ կրակե օղակի մեջ տեւականորեն հայտնված Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պաշտպանող հայ մարտիկները, ցուցաբերելով մարդասիրություն, հնարավորություն ստեղծեցին ճակատագրի քմահաճույքին թողնված խոջալուցիներին անվնաս դուրս գալու ռազմական բախման վայրից, ընդ որումՙ նրանց բոլորին ուղեկցելով մինչեւ Ասկերանի սահմանահատվածը։ Ինչ իմանային, որ «թշնամու» այդ մարդասիրական քայլին Աղդամում կհետեւի «յուրայինների» նողկալի հաշվեհարդարը...

Պատմական իրողությունը սովորաբար կեղծվում է քաղաքական նեղ նկատառումներով։ Դժվար է ասելՙ Ադրբեջանի քաղաքական մենթալիտետը երբեւէ կձերբազատվի՞ մանիկալ մոտեցումից, որպեսզի հարեւան երկրում կարողանան ճիշտ ըմբռնել պատմական ճշմարտության իրական արժեքը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4