Թաներ Աքչամի գրքի եբրայերեն տարբերակի առիթով...
Իսրայելում մեծ հեղինակություն ունեցող «Հաարեց» թերթի ուրբաթ օրվա համարում տպագրվել է Թել Ավիվի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դոկտորանտ Ռոնի Պարսիաքի «Մեկ այլ ցեղասպանություն» հոդվածըՙ թուրք պատմաբան եւ հասարակագետ Թաներ Աքչամի «Երկխոսություն միջազգային բաժանումների միջեւ. էսսեներ միտված թուրք-հայկական երկխոսությանը» գրքի եբրայերեն թարգամանության առիթով։ Գիրքը լույս է տեսել Զորյան ինստիտուտում, 2002 թ. նոյեմբերին, իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի առաջաբանով եւ խմբագրությամբ։ Նախ նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին հազվադեպ են հոդվածներ տպագրվում իսրայելական մամուլում։ Մինչ օրս եբրայերեն թարգմանված միակ արժեքավոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպն է։
Ահա թե ինչու թուրք պատմաբանի գրքի եբրայերեն թարգմանությունը հոդվածագիրն իրադարձային երեւույթ է համարում Իսրայելի մշակութային ու քաղաքական կյանքում։ Պատմական ճշգրիտ փաստարկներով հագեցած այս գիրքը իսրայելցիներին հաղորդակից կդարձնի մարդկության հիշողության մեջ ճնշված եւ անտեսված մեկ այլ ցեղասպանության իրողությանը։ Մատնանշելով այն զորեղ փաստը, որ իրենց պատմական հայրենիքում ապրող 2¬2,4 մլն հայեր տեղահանվեցին ու սպանվեցին Օսմանյան կայսրության օրոքՙ Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի հովանավորությամբ, Ռոնի Պարսիաքը հայերի պատմությունն անվանում է լռության մատնված, հալածված եւ ժխտված։ «Մեզանից ո՞վ գիտի, որ Անատոլիան նախկինում եղել է բնիկ հայկական տարածք», գրում է նա։ Գրքում ներկայացված կարեւոր կռվաններից մեկը, նրա կարծիքով, հայ-թուրքական երկխոսության բացակայությունն է։
Հոդվածի վերջում շեշտվում է Իսրայելի կառավարության ժխտողական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իբրեւ օրինակ բերվում են ամեն տարի ապրիլի 24-ին Երուսաղեմի հայ համայնքի կազմակերպած Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին Իսրայելի պետական այրերի չներկայանալը, հեռուստատեսությամբ փաստագրական ֆիլմեր ցուցադրելուց խուսափելը եւ Հայոց ցեղասպանության մասին խիստ սահմանափակ թվով գրքեր հրատարակելը։
«Այս պահին, երբ մտավորականների ձայնը թույլ է հնչում, երբ երկրում ուժգնանում է ազգային ճգնաժամը, այս գրքի հրատարակումը քաղաքական խիզախ արարք է, կամ, ավելի մեղմ ասած, ճշմարիտ մտքի արտահայտություն», գնահատանքի այս խոսքերով է ավարտվում հոդվածը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ