«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2003-02-25 | #37, 2003-02-26 | #38, 2003-02-27


ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԲԵՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԽԻՍՏ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԵՆ

Այս միտքն էր ընդգծվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի ժամանակ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ընդդիմությունը պահանջել է բացել եւ հաշվարկել 70 քվեատուփ 1865-ից։ Այդ 70-ից ստուգվել է 15-ը, ինչի արդյունքում բոլոր թեկնածուների օգտին տրված ձայներն ավելացել են 100-ով», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ընտրակեղծիքների վերաբերյալ ընդդիմության ներկայացրած տվյալներին, ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շարունակելով այս թեման, նա առաջարկեց կատարել հետեւյալ հաշվարկը. «Մնացած 55 տեղամասերից յուրաքանչյուրում անգամ եթե կեղծվեր ընտրության եկած 1200 ընտրողների ձայների 50 տոկոսը, ինչը հնարավոր չէ, ապա դա ընդամենը կլիներ 30 հազար քվե։ Եթե դա բաշխենք 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թեկնածուների ձայների միջեւ, ապա նրանց ցուցանիշները կավելանան 1-ական տոկոսով»։ Սա թերեւս այն հիմնական ասելիքն էր, որով նախագահը կամեցավ ցույց տալ ընդդիմության կողմից անընդհատ տարփողվող ցուցանիշների ոչ հավաստի լինելը։

Ամփոփելով ընտրական գործընթացն ամբողջությամբ, Ռոբերտ Քոչարյանն այն բաժանեց երեք հատվածի։ Առաջին հատվածը քարոզարշավն էր, որ նրա բնութագրմամբ բավականին ակտիվ էր։ Յուրահատկությունն այն էր, որ գործող նախագահը փորձել է հնարավորինս քաղաքակիրթ քարոզարշավ տանել, իսկ ընդդիմադիր թեկնածուների հակաքարոզչությունը երբեմն «անցնում էր էթիկայի թույլատրելի եւ անթույլատրելի նորմերը»։ Նախագահն ընդգծեց, որ մինչ ընտրություններն ունեինք մեծ կայունության ներուժ ունեցող հասարակություն, իսկ այժմՙ ավելի փոքր կայունության ներուժ ունեցող հասարակություն։ «Դրա համար մենք մի քանի ամիս վճարելու ենք», նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ընտրական գործընթացի երկրորդ հատվածիՙ ընտրությունների օրվա առնչությամբ նշվեց, որ անցել է կազմակերպված, որին համաձայնել են նաեւ դիտորդները։ Եղել են խախտումներ ե՛ւ գործող նախագահի, ե՛ւ ընդդիմության օգտին։ Դրանք, նախագահի հավաստմամբ, չեն անցնում այն հասկանալի եւ թույլատրելի սահմանները, որոնք լինում են անցումային փուլում գտնվող երկրներում։ Սա երեւում է նաեւ դիտորդների եզրակացության մեջ։ Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը վճռականություն հայտնեց, որ նման խախտումներ երկրորդ փուլում թույլ չեն տրվի։ Ներկա խախտումների մասին խոսելով, նա հայտնեց, որ դատախազություն են դիմել 7 այդպիսի դեպքերի համար։ Հետեւաբար դրանք այն ծավալները չեն ունեցել, որպիսին փորձ է արվում ներկայացնել։

Ընտրությանը հաջորդող փուլը, նախագահի բնորոշմամբ, աչքի ընկավ ընդդիմության հիստերիկ դրսեւորումներով, երբ ընտրվել էր «Հավաքվենք ժողովրդով եւ պաշտպանենք մեր ձայները» կարգախոսը, թեկնածուներից մեկը հռչակվել էր ընտրված նախագահ, իշխանափոխության կոչեր էին հնչում, որոնք շատ ագրեսիվ էին։ Այս պայմաններում գործող նախագահը ձեռնարկել եւ ձեռնարկելու է երկրի կայունության պահպանման անհրաժեշտ քայլեր։ Նա, անդրադառնալով ժողովրդի մի ստվար հատվածին անօրինականությունների դրդողներին, նշեց, որ վերջիններս կորցրել են իշխանություն, գործարաններ, բայց դա ժողովրդի հաշվին չպետք է հատուցվի։ «Իսկ եթե արյուն թափվեր, ո՞վ էր պատասխան տալու։ Լավ կլիներՙ այդ մարդիկ, որոնք վարժել են իրենց լեզուն, մի քիչ էլ իրենց ուղեղը վարժեն», ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա նախագահը վստահություն հայտնեց, որ ինքը կհաղթի։ Նա համեմատություն անցկացրեց 1998 թ. եւ ներկա ընտրությունների արդյունքների միջեւ։ 1998 թ. առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանը հավաքել էր 545 հազար ձայն (38,8 տոկոս), այժմՙ 700 հազար (49 տոկոս)։ Այն ժամանակ էլ երկրորդ փուլից առաջ երրորդ տեղը գրաված թեկնածուն ոչ ոքի չէր միացել, հիմա էլ կարծես թե ոչ ոքի չի միանում։

Անկարգությունների համար վարչական կալանքի ենթարկվածները, նախագահի կարծիքով, խաբված մարդիկ են։ Սակայն նրանցից 19-ը նախկինում մեկ կամ մի քանի անգամ դատված են եղել, մի քանիսը բժշկական հաշվառման ենթարկված թմրամոլներ են։ Պատասխանելով այն հարցին, թե բանակն օգտագործվելո՞ւ է այս ընթացքում, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ զորքերի որեւէ տեղաշարժ չի կատարվել, իսկ կարգուկանոն հաստատելու համար ոստիկանության ուժերը բավարար են։ Մեկ այլ հարցի. եթե իշխանությունը չի կարողանում կանխել ընդդիմության օգտին կատարված կեղծիքները, ապա դա չի՞ նշանակում, որ այդ իշխանությունը «ոչ մի բանի համար պիտանի չէ», նախագահը պատասխանեց հետեւյալ կերպ. «Դա ցույց է տալիս, որ իշխանությունը հանդուրժող է, որ չի կիրառել վարչական ռեսուրսը, ինչպես արվում էր նախկինում, որ առաջարկում է քաղաքակիրթ ընտրություններ»։

Հեռուստաբանավեճերին մասնակցելու համար նախապայմանների առաջքաշումը Ռոբերտ Քոչարյանը զարմանալի է համարում, քանի որ սահմանադրության մեջ հստակ նշված է, թե երկրի նախագահն ինչի համար է պատասխանատվություն կրում։ «Չեն կարող նախագահի 2 թեկնածուներ նստել եւ քննարկել ինչ-որ մանկապարտեզի կառավարման հարցեր», ասաց Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրեց, որ ինքը չի գնա որեւէ մեկին համոզելու, եթե նա չի ցանկանում մասնակցել բանավեճին։

Նաիրի Հունանյանի ինքնասպանության վարկածը հերքելու եւ բամբասանքները ցրելու համար մամուլի ասուլիսի վերջում նախագահն առաջարկեց լրագրողներին ընտրել փոքրիկ խումբ, որը կայցելի մեկուսարան եւ կտեսնի նրան։ (Ավելի ուշ 3 լրագրողներ այցելեցին մեկուսարան եւ համոզվեցին, որ Ն. Հունանյանը ողջ եւ առողջ է)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4