Ասում են որոշ կրոնական խմբավորումների անդամներ նախագահական ընտրությունների մասին
Հոդվածը գրելու առիթ դարձան իմ զրույցները Ավետարանի հավատքի եկեղեցու եւ «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչների հետ։
Առաջիններից մի քանիսն ասացին.
¬ Մեր ընտրյալը Տեր Աստվածն է, մենք ինչո՞ւ պետք է գնանք ընտրությունների։
Իսկ Եհովայի վկա, 41-ամյա Կ. Պ.-ն, որը երկու զավակների մայր է, ասաց.
¬ Մեր միակ ընտրյալը, առավել եւսՙ համայն մարդկության ընտրյալը, Եհովա աստվածն է, մենք չենք ընդունում որեւէ այլ ընտրություն, որը դեմ է մեր սկզբունքներին։
Բոլորովին այլ կարծիք հայտնեց Ավետարանի հավատքի Վանաձորի կենտրոնական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանը.
¬ Մեր եկեղեցու շուրջ 2000 անդամներն ակտիվորեն են մասնակցում ընտրություններին։ Իմ ընտանիքը եւս փետրվարի 19-ին մասնակցել է նախագահական ընտրություններին,¬ ասաց նա։ ¬ Մենք մշտապես քարոզում ենքՙ ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն, մասնակցել երկրի բոլոր կարեւոր գործընթացներին, կատարել պետության նկատմամբ բոլոր պարտավորությունները, ժամանակին մուծել հարկերն ու տուրքերը։ Նույնիսկ Ավետարանի հավատքի եկեղեցու մեր եղբայրները հիվանդ ու հաշմանդամ հավատացյալներին ավտոմեքենաներով տարել են ընտրատեղամասեր։ Վերջապես քաղաքացիական ակտիվություն է պահանջում նաեւ Աստվածաշունչը։
«Եհովայի վկաներ» աղանդի Վանաձորի «առաջնորդ» Գեւորգ Անանիկյանը մեր հարցերին պատասխանելուց հրաժարվեց, պատճառաբանելով, որ դա երկար բացատրելու եւ համոզելու թեմա է, ինքը 4 օրից կայցելի եւ հանգամանորեն կհիմնավորի ամեն ինչ։ Նա նույնիսկ իր ազգանունը թաքցրեց եւ «զգուշացրեց», որ առանց իր համաձայնության չի թույլատրվում իր անունը գրել որեւէ թերթում։ Սա արդեն հետաքրքրական նորություն էր։ Նույնքան հետաքրքրական, որքան որ նա այնուամենայնիվ բացեց գաղտնիքն ու ասաց. «Եհովայի վկաները Վանաձորում շուրջ 100 մարդ կլինեն։ Դյուրահավատների կարծիքը ցրելու համար կարող եմ փաստել, որ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի միայն մեկ շենքում մի քանի ընտանիք ամբողջովին Եհովայի վկաներ են, եւ այդ թիվը, ըստ մեր ունեցած տվյալների, կարելի է բազմապատկել 8-ից 9-ով, եթե ոչ ավելին»։
Ինչեւէ, մինչ պարոն Գեւորգը «կթույլատրի» գրել իր անունը, մեզ հաջողվեց նրանից իմանալ ընտրություններին չմասնակցելու հակիրճ պատճառաբանությունը։
¬ Մենք կտրականապես դեմ ենք ընտրություններին մասնակցելուն, քանզի Եհովայի վկաները պետք է քաղաքականապես չեզոք լինեն, ինչպես ինքըՙ Քրիստոսը։
Պարզվում էՙ նույն Քրիստոսն իր հետեւորդ մի խմբավորումից «պահանջում է» քաղաքականապես ակտիվ լինել, մյուս «նվիրյալներին» կոչ է անում «լինել չեզոք»։
Վանաձորի Հայ շաբաթապահ-գալստական եկեղեցու հովիվ Սամվել Մայիլյանը տեղեկացրեց, որ շուրջ 100 հետեւորդ ունեցող իրենց խմբավորումը կտրականապես դեմ է քաղաքացիական պասսիվությանը։
¬ Մենք մշտապես մասնակցում ենք քաղաքական բոլոր գործընթացներին, որոնցից կարեւորագույնն, իհարկե, նախագահական ընտրություններն են։ Բոլորս Հայաստանի քաղաքացի ենք եւ պետք է ենթարկվենք մեր երկրի օրենքներին, ծառայենք ազգային բանակում, մեր խոսքն ասենք երկրի համար վճռորոշ պահերին։
Ընթերցողները երեւի հիշում են մեր թերթի սեպտեմբերյան հրապարակումներից մեկը, որ Վանաձորում գործում է մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբեր) եկեղեցին։ Եկեղեցու միսիոներներ, երեցներ Մինասյանը եւ Ուայթը (այսպես էին նրանք ներկայացել) հայտնել էին, որ իրենց եկեղեցին Հայաստանում գրանցվել է 1998 թվականից։
¬ Որեւէ արգելք չենք դնում ընտրությունների ժամանակ քվեարկելու կամ սեփական թեկնածությունն առաջադրելու համար,¬ հավաստիացրել էին նրանք։
Վանաձորի կրիշնայականների հետ որեւէ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Նրանք խուսափում են «հասարակ մահկանացուներիս» հետ շփվելուց։
Քաջատեղյակ աղբյուրներից իմացանք, որ նրանց թիվը մարզկենտրոնում անցնում է հազարից։
¬ Եթե ընտրությունները հանգստյան օր նշանակված լինեին, կրիշնայականների մասնակցությունն ավելի ակտիվ կլիներ,¬ ասացին մեզ, խնդրելով չհրապարակել իրենց անունը։ ¬ Այդուհանդերձ, վերջին տարիներին Վանաձորի կրիշնայականներն ավելի ակտիվորեն են մասնակցում ընտրություններին։ Մեր կարծիքովՙ նրանց շուրջ 50 տոկոսը գնացել է եւ մարտի 5-ին եւս կգնա քվեարկության։
Վանաձորի Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովվի օգնական Սամվել Կիրակոսյանը եւս հավաստեց, որ իրենց եկեղեցու շուրջ 500 ընտանիքների հասուն հավատացյալները մասնակցել են ընտրություններին եւ որեւէ սահմանափակում չի դրված նրանց քաղաքացիական պարտքը կատարելու առումով։
¬ Ինչպես ասված էՙ Աստծունըՙ Աստծուն, Կեսարինըՙ Կեսարին,¬ պարզաբանեց նա։ ¬ Մենք ապրում ենք այս երկրում որպես լիարժեք քաղաքացի եւ բոլորիս պարտքն էՙ ակտիվորեն մասնակցել բոլոր կարեւոր գործընթացներին։
Ավետարանական եկեղեցու հավատացյալներից մի քանիսի հետ մեր զրույցների ժամանակ նրանցից մեկն ասաց.
¬ Իմ միակ ընտրյալը Տեր Աստվածն է, ինչո՞ւ պետք է մասնակցեմ ընտրություններին։
Եղան նաեւ մարդիկ, ովքեր մասնակցել էին ընտրություններին եւ համաձայն չէին իրենց հավատակիցների կարծիքին։
Փաստորեն, Եհովայի վկաներից բացի, Վանաձորի կրոնական մյուս խմբավորումների հովիվները դեմ չեն ընտրություններին մասնակցելուն, իսկ «շարքային» հավատացյալների մի մասը քաղաքացիական պասսիվությունը պատճառաբանում է միակ ընտրյալովՙ Հիսուս Քրիստոսով։
«Դուք ձեր մեջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղ եղեք», ասված է Աստվածաշնչում («Ավետարան», ըստ Մատթեոսի)։ Բնական է, որ կրոնական խմբավորումների այն անդամները, ովքեր իրենց մեջ ունեն այդ աղըՙ հանուն ճշմարտության եւ երկրի խաղաղության, դա վավերացնում են քվեաթերթիկում։
Ինչ վերաբերում է «Եհովայի վկաներին», որոնք, լինելով մեր երկրում չգրանցված աղանդ, հազարավոր հետեւորդներ ունեն, չգիտես ինչու իրենց «այլմոլորակայիններ» են կարծումՙ առանց հաշվի առնելու Հայաստանի քաղաքացի լինելու փաստը։ Մտահոգիչ է նաեւ, որ կրոնական մյուս խմբավորումների հետեւորդների մի մասը, անշուշտ բացի Հայ առաքելական եկեղեցուց, նույնպես միանշանակ չի վերաբերվում ընտրություններին եւ պասսիվություն է ցուցաբերում։ Կարող ենք բազմաթիվ մեջբերումներ անել Աստվածաշնչիցՙ համոզելու, որ քաղաքացիական ակտիվությունը բոլորովին դեմ չէ Աստծուն։
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ