«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2003-02-26 | #38, 2003-02-27 | #39, 2003-02-28


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ

Ռուսաստանի հայերի միության վարչությունից ստացված հայտարարության մեջ նշվում է, որ յուրաքանչյուր պետության եւ ժողովրդի համար նախագահական ընտրությունները քաղաքական եւ քաղաքացիական հասունության լուրջ փորձություն են։ Անհեռատեսությունը երկիրը հասցնում է քաոսի եւ երկպառակությունների։ Ընտրությունները հատկապես դրամատիկ են լինում այն ժողովուրդների համար, որոնք երկար ժամանակ զրկված են եղել պետականությունից։

Մեր ժողովրդի մեծ մասն իրատես է եւ գործնապաշտ, նշվում է հայտարարության մեջ։ Նա ամբոխավարին տարբերում է գործի մարդուց, լավ ըմբռնելով, որ կրքերով ղեկավարվող քաղաքական գործիչը վատ խորհրդատու եւ ուղեցույց է ուրիշների համար։ Ժողովուրդը չի հավատում դատարկ խոստումներին եւ այն մարդկանց, որոնք խոստանում են պետության ղեկավար դառնալուն պես ամեն ինչ բարելավել։

Մարդիկ հասկանում են, որ իշխանության ձգտող ընդդիմության ծրագիրը հստակ չըմբռնելով գործող, թեկուզեւ անկատար իշխանությունների դեմ քվեարկելը կարող է իրենց հանձնել ամբոխավարների, արկածախնդիրների կամ պարզապես դիլետանտների ձեռքը։

Փաստաթղթում հույս է հայտնվում, որ մեր իմաստուն ժողովուրդը երկրորդ փուլում կկատարի ճիշտ, իրատեսական ընտրությունՙ չենթարկվելով այս կամ այն քաղաքական գործչի կործանարար կրքերին եւ ամբոխավարությանը։

Ռուսաստանի միլիոնավոր հայերին ներկայացնող միության վարչությունը ՀՀ իշխանություններին եւ բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում գործել օրենքի եւ ժողովրդավարական կանոնների ու արարողակարգերի շրջանակներում, պահպանել հանդուրժողականության եւ քաղաքակիրթ երկխոսության մթնոլորտը եւ հիշել, որ հանրապետության քաղաքական իրադրության ամեն մի ապակայունացում հղի է անկանխատեսելի հետեւանքներով ինչպես մեր պատմական հայրենիքի, այնպես էլ սփյուռքահայության համար։

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4