Ըստ տեղի մամուլի տվյալների, Ռուսաստանի մայրաքաղաքում գազանաբար սպանվել է 25-ամյա Զորիկ Գայամյանը։ Արտառոցն այն է, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել մետրոյի գնացքի վագոնում, ուղեւորների աչքի առաջ մի խումբ գինովցած դեռահասներ հայհոյանքի տարափ են թափել հայ երիտասարդի վրա։ Վերջինս պարտքի տակ չի մնացել, եւ խոսքակռիվը վերածվել է տուրուդմփոցի։ Ունենալով քանակական առավելություն, ստահակները ծեծելով կիսամեռ վիճակի են հասցրել զոհին։ Եվ չբավարարվելով դրանով, հարձակվողներից մեկը դանակի 15 հարված է հասցրել նրան, որի հետեւանքով Գայամյանը հենց տեղում վախճանվել է։ Միլիցիոներները ձերբակալել են դանակահարողին ու նրան ակտիվորեն աջակցած ընկերոջը։
Հայաստանից ստացվող խռովահույզ լուրերի ֆոնի վրա այս ողբերգությունը խոր հնչեղություն է ստանում։ Ցավալի է այն փաստը, որ զանազան խուլիգանների, սկինհեդների, միլիցիոներների համար ավար դարձող բազում հայեր բնավ էլ իրենց կամքով չեն հայտնվել օտար դարձող այս երկրում։ Սեփական երկիրը պետք է երկիր դարձնել։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա