«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ՄՈՍԿՎԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՏԵՍԱԾԻՆ

Բոլորս գիտենք, թե հայերն ինչպիսի հիացմունք են ապրում «մերոնցից» որեւէ մեկին տեսնելով ռուսական էկրաններին կամ հայկական ազգանուններ նկատելով կինոֆիլմերի եզրափակիչ տիտրերում։ Բայց այս անգամ մոսկվաբնակ հայերն ուրախանալու առիթ չստացան, թեեւ հեռուստատեսային լուրերի թողարկումներում կարող էին տեսնել իրենց հազարավոր հայրենակիցների։ Նրանք ավելի շուտ ամոթի եւ հուսահատության զգացումներ ապրեցին, տեսնելով այդ բազմությանը, որին նորից հանրահավաքի են հանել, ինչպես եւ 15 տարի առաջ։ Սակայն այն ժամանակվա իրադարձությունների հետ պատմական համեմատությունը տեղին է լոկ այնքանով, որ այս անգամ եւս հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել դաժանորեն խաբվելու համար։

Մոսկվայի քաղաքական շրջանակներում սկզբում նույնիսկ չհասկացան, թե ինչ է տեղի ունենում։ Ինչպե՞ս թե, զարմանում էին այստեղ, ախր մեզ ասում էին, թե ամեն ինչ կարգին է, ձեր նախագահը եկել էր այստեղ, մեր քաղաքապետըՙ ձեզ մոտ... Երրորդ օրը մեկնաբանությունների գրգռված տոնը փոխվեց։ Հայամետ մեկնաբան Լեոնիդ Իոֆեն Լուժկովին պատկանող հեռուստաալիքով մեկնաբանեց Հայաստանի ընտրություններն այն ոգով, թե, իհարկե, անսպասելի է, որ Դեմիրճյանը նման աջակցություն ունի, բայց «Քոչարյանի թիկունքում բանակն է եւ իբր համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի աջակցության վերաբերյալ»։ Ընդսմին, Իոֆեն ընդգծեց, որ ով էլ ընտրվի Հայաստանի նախագահ, միեւնույն է, լինելու է ռուսամետ։

Ի դեպ, Ռուսաստանի հեռուստատեսությունում եւ մամուլում փաստորեն որեւէ փորձ չարվեց լրջորեն անդրադառնալու Հայաստանի ընտրությունների ընթացքին։ Մինչդեռ Արեւմուտքի մամուլը, այդ թվումՙ «Neue Zuercher Zeitung»-ի նման էկզոտիկ հրատարակությունները, հանգամանորեն վերլուծեց Երեւանի դեպքերը։ Տվյալ պարագայում այդ շվեյցարական թերթը ես անվանեցի էկզոտիկ, քանի որ դրա ընթերցողների մեծ մասը, համոզված եմ, չի կարդալու այդ հոդվածը, քանի որ բոլորովին չի հետաքրքրվում ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած խրթին թվերի կամ ինչ-որ սակավածանոթ երկրում անցկացված մարդահամարի նրբություններով։

Բայց որքան էլ դժգոհենք ռուսական հեռուստալուրերից, դրանցում Հայաստանի ընտրությունների լուսաբանումը հսկայական առաջընթաց քայլ է Հ1-ով մեր տեսածի համեմատությամբ (միացման համար 350 դոլար վճարելով Մոսկվայում կարելի է դիտել այդ ալիքի լուրերը եւ որոշ այլ հաղորդումներ)։ Անկեղծ ասած, ես վաղուց չէի տեսել ավելի խղճուկ տեսարան։ Եթե չիմանայի, որ պետական հեռուստաալիք է, կմտածեի, թե հակաքոչարյանական քարոզչություն է վարում։ Ի դեպ, այս առումով Տիգրան Նաղդալյանի սպանությունն ընկալվում է ուրիշ տեսանկյունից։ Նա, երեւի թե, Հ1-ի միակ պրոֆեսիոնալն էր։

Մոսկվա հասան նաեւ լուրեր, թե առաջին փուլից անմիջապես հետո երեւանցի մի շարք բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են երկակի խաղ խաղալ, «հանձնել» Քոչարյանին։ Դա հատկապես խորհրդանշական էր հենց այդ օրերին ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված «Գարնան 17 ակնթարթ» առասպելական ֆիլմի ֆոնին, մանավանդ Երրորդ ռայխի վերջին օրերին եւ պարոնայք Շելենբերգի եւ Գյորինգի գործողությունների ենթատեքստում։

Եթե ընդդիմությունը չհրահրեր այս իրավիճակը, ապա հարկ կլիներ դա ստեղծել արհեստականորեն։ Ճակատագիրը ոչ հաճախ է տալիս նման դասեր եւ հետեւություններ անելու հնարավորություն։ Առաջին հերթին, իհարկե, նախագահին։ Բայց ոչ միայն նրան։ Սա լուրջ առիթ է ամբողջ հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայի խորհրդածությունների համար։ Նախագահի շրջապատի հանդեպ համապատասխան վերաբերմունքի հարցում հետեւություններ կարվեն, թերեւս, ընտրություններից հետո, բայց նախագահության թեկնածու Քոչարյանի փոխարեն ես արդեն հիմա կհետաքրքրվեի, թե նրա ճամբարից ոմանք պատահաբար չե՞ն աշխատում արդյոք մրցակիցների շտաբների օգտին։ Համոզված եմ, որ առանց նման մարդկանց եւ Հ1-ի «աջակցության» Քոչարյանն անհամեմատ շատ քվեներ կստանար։

Ստեփան Դեմիրճյանի խորհրդատուների, ինչպես նաեւ հենց իր մասին տեղեկությունները շատ քիչ են։ Եթե նա արտաքին նմանության եւ շարժուձեւի շնորհիվ այդքան շատ չզուգորդվեր կոմունիստական դարաշրջանի հետ, ապա ես կկասկածեի, թե նրան ղեկավարում են Արեւմուտքի ինչ-ինչ ուժեր, քանի որ տեղական «պրոֆեսիոնալներից» որեւէ մեկը հազիվ թե կարողանար այդպես բացահայտել մինչեւ օրս ոչնչով աչքի չընկած Ստեփան Դեմիրճյանին։ Ասում են, նույնիսկ հարազատ մայրը բավական զարմացած է որդու նման սրընթաց վերելքից։ Մանավանդ, որ մինչեւ վերջերս մենք, մեզ դասելով քաղաքակիրթ երկրների շարքը, անընդունելի էինք համարում պետական պաշտոնի ժառանգումը։ Կարծես թե Ադրբեջան չենք, որտեղ Իլհամ Ալիեւն արդեն «փորձում» է հոր գահը, ոչ էլ Հյուսիսային Կորեա։ Թերեւս զարգացած երկրներում եւս նման արտակարգ դեպքեր պատահում են։ Օրինակ, Ամերիկայում, ուր, ըստ երեւույթին, իզուր չէր մեկնում Ստեփան Դեմիրճյանը։ Գուցե հենց այնտեղ Բուշ կրտսերին նայելով, նա որոշեց, որ եթե ժողովրդավարական Ամերիկան քվեարկել է Բուշի որդու օգտին, ապա ինչո՞ւ ինքն էլ չփորձի։ Իսկ գուցե այդ մասին իրենից առաջ մտածեցին նրա ամերիկացի խորհրդատուները։ Ստույգ չգիտեմ։ Բայց թե ինչ ստացան ամերիկացիները Բուշ կրտսերի օգտին քվեարկելով, ամբողջ աշխարհն է տեսնում։ Սակայն այն, ինչ կարող է իրեն թույլ տալ կուշտ Ամերիկան, սովյալ ու խեղճ Հայաստանի համար այս անգամ կդառնա ավելի դաժան խաբեություն, քան 15 տարի առաջ կատարվածը։

Ես չեմ կարող դատապարտել այն դժբախտներին, որոնք հավատում են ներկայիս կարգախոսներին։ Թե ինչու են նրանք հասել նման վիճակի, առանձին հոդվածի թեմա է։ Բայց շատ կուզեի իմանալ, թե ինչ են մտածում վերեւիցՙ Մատենադարանի առջեւի ամբիոնից նրանց նայողները։ Օրինակ, նախագահության մշտական թեկնածու Վազգեն Մանուկյանը (որն այս անգամ 1 տոկոսից էլ պակաս ձայն ստացավ) հիշո՞ւմ է արդյոք 1988 թ., երբ ինքը (ճիշտ է, ուրիշ շրջապատում) դարձյալ կանգնած էր այդ հարթակին։ Եթե այո, ապա ընդսմին նա ի՞նչ է զգում։ Խիղճը ոչ մի բան չի՞ հուշում։

Ի՞նչ են մտածում Դեմիրճյանի կողքին կանգնած մյուս գործիչներն այն րոպեներին, երբ տասնյակ հազարավոր աչքեր հույսով իրենց են հառնում։ Փորձեմ գուշակել։ Ասում ենՙ իշխանությունից, փողից եւ կանանցից ինքնակամ չեն հրաժարվում։ Մանավանդ Հայաստանում իշխելուց, որտեղ իշխանավոր կամ իշխանության մերձակայքում լինելը փող վաստակելու ամենահավաստի միջոցներից մեկն է։ Ուստի, կարծում եմ, հարթակի կանգնածների մեծամասնությունը, իշխանության համը մի անգամ տեսնելով, հաշվարկում է հաջողության դեպքում նախարարական որեւէ աթոռ զբաղեցնելու իր հնարավորությունները։ Ափսոս, որ ժողովուրդը չի կարողանա տեսնել այն դրվագները, թե Դեմիրճյանի թիմակիցներն ինչպես կկիսեն իշխանությունն իրար մեջ։ Իսկ ես կուզենայի տեսնել, թե այդ դեպքում ինչ կշահեր ժողովուրդը։

Այդ «թիմը» անձամբ ինձ հիշեցնում է Հաշեկի հերոսներին։ Ինչպես հայտնի է, «Քաջարի զինվոր Շվեյկ»-ում կալանավորների նախընտրած զբաղմունքն այցելությունն էր բանտամերձ ժամատուն։ Բայց դա արվում էր ոչ թե շաբաթը մեկ Աստծո հետ հաղորդակցվելու համար, այլ պարզապես ճանապարհին հույս կար վերցնելու ինչ-որ մեկի գցած ծխուկը։ Վատ է, որ հանուն սեփական «ծխուկի» հայ քաղաքական գործիչները պատրաստ են գնալ ամեն մի ժամատուն եւ ամեն մի տերտերի մոտ։ Տասնապատիկ վատ է, որ ընդսմին նրանք պատրաստ են իրենց իշխանամետ նկրտումների մեջ ներքաշել դյուրահավատ եւ հուսահատված մարդկանցՙ նախօրոք իմանալով, որ խաբելու են, քողարկվելով ժողովրդավարությանը, ժողովրդի ընտրությանը, արդարությանը վերաբերող ճառերով։ Այս ամենին հետեւելով մարդ ուզում է ասել. «Թող կորչեն ձեր ժողովրդավարությունը եւ ժողովրդի ընտրության հարգմանը վերաբերող կեղծ կարգախոսները։ Ես չեմ ուզում հարգել նման ժողովրդի նման ընտրությունը ճիշտ այնպես, ինչպես չեմ հարգում այդ ժողովրդին օգտագործողներին»։

Բայց ամենից շատ կուզենայի իմանալ, թե ինչ է մտածում ինքըՙ Ստեփան Դեմիրճյանն ամբիոնից նայելով ներքեւում կանգնած մարդկանց։ «Ահա իմ աստեղային ժամը» կամ «Երանի հայրս տեսներ, հպարտանար ինձնով»։ Թե՞ ինչ-որ ուրիշ բան...

Ի դեպ, 1998 թ. նման իրավիճակում հայտնվել էր ինքըՙ Կարեն Դեմիրճյանը։ Եթե հիշում եք, նա եւս այն ժամանակ միացավ ընդդիմադիր թեկնածուների հետընտրական հայտարարությանը։ Սակայն իմաստնություն ունեցավ ժողովրդին փողոց դուրս չբերել եւ չներքաշել իշխանամետ նկրտումների մեջ։ Գուցե նաեւ այդ պատճառով էր, որ նրան աստվածացնում էին հասարակ մարդիկ։ Ափսոս, որ Դեմիրճյան կրտսերը հորից ժառանգել է միայն ձայնն ու արտաքին հատկանիշները։

Հետաքրքրական է, թե տեսածի առթիվ ի՞նչ կասեին մեր նախապապերը, որոնց քարե արձանները տխուր հետեւում են իրադարձություններին Մատենադարանի մուտքի մոտից։ Երեւի կհամաձայնեին, որ այսօր հուսահատ մարդկանց հանրահավաքների հանելը նույնքան անբարոյական է, որքան նրանց նման վիճակի հասցնելը։ Դուք կհարցնեք, թե ի՞նչ բարոյականության մասին կարող է խոսք լինել քաղաքականության, առավել եւս հայկական քաղաքականության մեջ։ Իսկ ես համոզված եմ, որ հենց Հայաստանում իշխանությունը դատապարտված է բարոյական լինել։ Եվ ոչ միայն ինքնապահպանության բնազդից դրդված, այլեւ այն պատճառով, որ, այնուամենայնիվ, ապրում ենք բիբլիական հողում, թեեւ միշտ չէ, որ քրիստոնեական ընդօրինակման տիպար ենք լինում։ Մեր պատմության վերջին 15 տարիները մի կողմից դարձան մեր ժողովրդի անսահման համբերության վկայությունը, բայց մյուս կողմից ցույց տվեցին, որ բիբլիական հողն այդ ժողովրդի հանդեպ բռնությունը եւ հարգանքի բացակայությունը չի ներում։ Նման վարքը շատերը այդ հողում չմարսեցին եւ չվայելեցին։

ԼՈՒՍԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4