«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2003-02-28 | #40, 2003-03-01 | #41, 2003-03-03


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ՛ ԼԻՆԻ

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ավարտից էլ առաջ սկսված եւ հետագա օրերին արհեստականորեն բորբոքվող նոր հեղափոխությունը, որ ակնհայտորեն կրում է ՀՀՇ-ական նախորդ հեղափոխության կնիքը եւ, անշուշտ, այլեւայլ ուժերից բացի հրահրվում է նաեւ ՀՀՇ-ի կողմիցՙ դատապարտված է։

Ինչո՞ւ։

1. Ինչքան էլ փորձեն ժողովրդին խաբել, թե իբր ընտրությունների իրական արդյունքները մեծապես կեղծված են, այս մարտավարությունը չի անցնելու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իրականում ամուր հենարան ունի ժողովրդի մեջ, նրան ձայն տված հարյուր-հազարավոր մարդիկ էլ իրենց ձայնին տեր կանգնելու վճռականություն ունեն եւ ոչ ոքի թույլ չեն տա այդ ձայները առ ոչինչ համարել։

2. Ժողովրդի հիմնական զանգվածը հիանալի հասկանում է, որ մեզ ամենից ավելի ներքաղաքական կայունություն է պետք եւ չի ձգտում նոր անորոշության։ Այդ զանգվածը հիանալի հասկանում է, որ երկրի նախագահի պաշտոնը չափազանց կարեւոր պաշտոն է, որպեսզի նրանով փորձարարություններ անենք։ Ընդդիմության հետընտրական հանրահավաքների մի ամբողջ շարք անպատասխանատու հայտարարությունները սթափեցնում են մոլորվածներին, մարդիկ սկսում են հասկանալ, որ առանձին արկածախնդիր գործիչներ հանուն իշխանության ընդունակ են իրենց տանելու հակասահմանադրական քայլերի։ Ոխի, վրեժի, ռեւանշի մոլուցքը վախեցնում է հասարակության գիտակից մասին, բոլոր նրանց, ովքեր ատելությունից դեռ չեն կուրացել եւ հասկանում են, որ «իշխանությունը ժողովրդին վերադարձնելու» կամ իբր թե «իրենց ձայներին» տեր կանգնելու փարիսեցիական կարգախոսները ընդամենը ծխածածկույթ ենՙ սեփական իշխանատենչ ձգտումները քողարկելու համար։

3. Նույնիսկ միջազգային ատյանները, այդ թվում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը եւ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Ռուսաստանի հայերի միությունը, էլ չխոսելով մեր քաղաքական ու հասարակական բազմաթիվ կազմակերպությունների եւ մտավորականության մի ստվար խմբի մասին, ընդդիմությանը կոչ են անում վերադառնալ իրավական հարթություն, հարգել երկրի սահմանադրությունը։ ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար Պիտեր Այկերը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում, փետրվարի 26-ի համարում, մերժելով մինչ այդ օրը ընդդիմության անցկացրած հանրահավաքները եւ ընդգծելով, որ դրանք երկրորդ փուլի նախընտրական հանդիպումներ չեն, որովհետեւ քարոզարշավը պաշտոնապես պետք է սկսվեր հենց փետրվարի 26-ին, ոչ թե դրանից առաջ, բառացիորեն ասում է. «Շատ մեծ մտահոգություն ունեմ, նախՙ մենք լսել ենք որոշ հրահրիչ հայտարարություններ»։ Այս ամենը նշանակում է ազդու նախազգուշացում, որ հակաօրինական ճանապարհով ձեւավորված որեւէ իշխանություն ո՛չ դրսում, ո՛չ ներսում ոչ ոք չի ճանաչի։

4. Այս արհեստականորեն լարվող մթնոլորտում պետական իշխանությունը, ի տարբերություն նախորդ հեղափոխության, բարոյալքված ու կաթվածահար չէ, լիովին վերահսկում է իրադրությունը եւ պատրաստ է համարժեքորեն արձագանքել հակասահմանադրական յուրաքանչյուր քայլի։ Թող ոչ ոք հույս չունենաՙ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքային աղմկարարների պահանջով չի դավաճանի իրեն ձայն տված հարյուր-հազարավոր մարդկանց, չի դավաճանի հայ ժողովրդին, հերոսական Արցախին, որի ազգային-ազատագրական պատերազմի արժանավոր առաջնորդն է եղել եւ որի անվտանգության իրական երաշխավորն է այսօր։ Ո՞վ կարող է այդ հսկայական բեռն իր ուսերին առնելՙ Քոչարյանից բացի, այն էլ այս գերլարված աշխարհաքաղաքական իրավիճակում։

5. Ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներից Ստեփան Դեմիրճյանը մեկուկես ամիս է, ինչ ուրիշ բան չի ասում, ընդամենը խոստանում է, թե իշխանության գալու դեպքում կարգ ու կանոն է հաստատելու, իսկ կարգ ու կանոնը անկարգություններով չեն հաստատում։ Ամսից ավելի է, ինչ Ստեփան Դեմիրճյանի շրջապատը փորձում է հանրությանը համոզել, թե նա ժողովրդի սերն է վայելում։ Հետո՞ ինչ։ Կարեն Դեմիրճյանը չէ՞ր վայելում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր վայելում։ Այսօրվա մոլեգին, կույր սերը վաղը շատ արագ փոխվելու է նույնքան կույր եւ մոլեգին ատելության, ինչպես եղավ նախկին նախագահի պարագայում։ Որովհետեւ սերը քաղաքական կատեգորիա չէ, հուզական կատեգորիա է։ Ժողովուրդը հարսնացու չէ, որ սիրելովՙ փեսացու ընտրի։ «Պտուղը ծառից հեռու չի ընկնի» կենցաղային տխմարությամբ երկրի նախագահ չեն ընտրում։ Նախՙ պտուղը դեռ պիտի հասունանա, որ ընկնի, եւ միայն դրանից հետո կարելի կլինի դատելՙ ծառի մո՞տ, թե՞ հեռու է ընկել։ Իսկ Ստեփան Դեմիրճյանը, ակնհայտորեն, դեռ հասունանալու շատ եւ շատ տեղ ունի։ Այլապես չէր գնա այս հանրահավաքային արկածախնդրություններին։

Դեմ չեմ, թող ընտրվի խորհրդարանի պատգամավոր, թող իրեն ցույց տա, որ տեսնենք, թե հոր հիշատակից բացիՙ ուրիշ ի՞նչ արժանիք ունի, սիրուց բացիՙ վստահության արժանի՞ է, թե՞ ոչ, եւ միգուցե 5 տարի հետո ես էլ իմ ձայնը նրան տամ։ Իսկ այսօր այդ երիտասարդ ու անփորձ մարդը ակնհայտորեն դեռ պատրաստ չէ երկիր ղեկավարելու։ Սա շատ ու շատ մարդիկ են հասկանում, ժողովրդի հավասարակշիռ, գիտակից, պատասխանատու ընտրություն կատարելու մտադրություն ունեցող մեծամասնությունն է հասկանում։ Եվ դրանում շատ մեծ դեր խաղացին փետրվարի 19-ից հետո Ստեփան Դեմիրճյանի ու նրա շրջապատի հրավիրած աղմկալից, անհավասարակշիռ, իրադրության ապակայունացմանը միտված հանրահավաքները։

Ահա այս հանգամանքները վստահություն են ներշնչում, որ Հայաստանում նոր հեղափոխություն չի լինի։

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4