Փետրվարի 19-ից ի վեր մայրաքաղաքում տիրող անհանգիստ իրավիճակը չի կարող անտարբեր թողնել որեւէ հայիՙ որտեղ էլ որ նա լինի։ Թվում էՙ վտանգված է մեր երկրի անդորրը, վտանգված է գուցե շատ բան... Ինչ էլ մտածելու եւ ասելու լինենքՙ մի բան թերեւս հստակ է, որ այս ամենը նախընթաց որոշակի զարգացումների արդյունք է ու շարունակություն։ Զարգացումներ, որոնք սկիզբ են առել փետրվարի 19-ից շատ ավելի վաղ։
Անցյալ տարի մի անգամ մայրաքաղաքում ակամա առիթ ունեցա մի քանի րոպե ներկա լինելու տակավին ձեւավորվող «16»-ի (այն ժամանակ դեռ այդքան չէին) հանրահավաքին։ Այնտեղ ես ժողովրդի հետին շարքերում փոքր-ինչ մեկուսի կանգնած հհշական... չասեմ ինչերի տեսա, որովհետեւ զգացողությունս արտահայտող (ժողովրդական լեզվով) միակ դիպուկ բառը կոպիտ է։ Մի խոսքով, խոշորներից էին, երբեմնի մոտավորապես երկրորդ դեմքեր, ու ինձ թվաց, որ շարժող անտես թելերը նրանց ձեռքին են... Գուցե սխալվում էի, բան չունեմ ասելու։ Բայց այն, ինչ ընկած էր կուսակցությունների հիշյալ միավորման, նրանց ծավալած շարժման հիմքում, հաստատապես նման էր ու հիշեցնում էր ՀՀՇ-ին։ Դա սառն ատելությունն էր, որ մի դեպքում, իր ժամանակին, ուղղված էր սեփական ժողովրդի, իսկ ներկա դեպքումՙ ընդամենը մի անձի դեմ։ Ընդդիմությունը ընդդիմություն. առանց դրա ինչպե՞ս կարելի է։ Բայց ատելությունը վտանգավոր, վատ առաջնորդ է։ Կուրացնող... Մի՞թե կարելի էր դույզն-ինչ հավատալ այն թեկնածուին (ցավոքՙ այդպիսի ոչ միակ), որն այդ անհաշտ ատելությամբ ու մաղձով նաեւ ընտրարշավի ելնելով, ասում էրՙ ժողովուրդ, սիրո երկիր ենք կառուցելու։
Եվ ընդհանրապես, անցած ընտրարշավի, ավելի ստույգՙ քարոզարշավի ամբողջ տրամաբանությունը հուշում էր, որ այսպիսի մի իրավիճակ ստեղծվելու է։ Անհաշտության եւ անառողջ անհանդուրժողության մթնոլորտ բորբոքելուց անմասն չմնացին նաեւ երկրի գործող նախագահ-թեկնածուին «օգնող» որոշ «գործիչներ» ինչպես «վերեւում», այնպես էլ, գուցե ավելի շատ, «ներքեւներում»։ Այդպես եւՙ որոշ լրատվամիջոցներՙ նախագահի պաշտոնին հավակնելու մյուս թեկնածուների օրինական իրավունքն ըստ էության վիճարկելով, նրանց ամեն ինչի նկատմամբ հեգնանքով ու երբեմնակի անթաքույց ծաղրով։ Որպես քաղաքացու, ինձ համար անհասկանալի էր նաեւ քվեարկության օրն ընտրատեղամասային կենտրոնում, հեռուստախցիկի առաջ Գյումրու քաղաքապետի հորդորը բարյացակամության ու հանդուրժողականության մթնոլորտում ընտրություններն անցկացնելու մասին, երբ ինքը ուղիղ երկու օր առաջ իր առանձին հեռուստաելույթում «հակառակ» ճամբարի որոշ ներկայացուցիչների շքին շանթ ու որոտ էր տեղում «անաղուհացկեր քրդի շներ» կարգի արտահայտություններով։ Ներողություն հարկադրված մեջբերման համար։ Ինչ մնում է ընտրակեղծիքների սիրահարներին, դա արդեն երեւի մարդու մի տեսակ է, որի ձեռքը միշտ պիտի կարողանալ բռնել։
Երեկ գյումրեցի ընտրողների հետ հանդիպում-հանրահավաքի էր եկել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Չգիտեմ պրն Դեմիրճյանն ինչպես, բայց իմ սիրտը իր համար մարդկայնորեն ցավեց, երբ հարթակ բարձրանալիս նրան պաթետիկ ներկայացրին որպես (արդեն) Հայաստանի «ազգընտիր» նախագահի, հետո էլ Արամ Կարապետյանն իր ելույթում հավելեց թեՙ 21-րդ դարի Հայոց առաջին նախագահը։ Այսպես մարդուն աներեւակայելի մեծ վատություն կարելի է անել... Այսպես Երեւանում գյումրեցիներին հայհոյելով, իսկ հետո Գյումրիում լինելիս նրանց «ղուրբանը էղնելով» ոչ մի երկիր էլ չենք կառուցի։ Համ ասում եք ձայները հօգուտ Քոչարյանի կեղծված են, համ էլ գյումրեցիներին մեղադրում եք, թե Քոչարյանին են ձայն տվել... Ի գիտություն ձեզ, հարգելիներ, որ եթե ամբողջ Գյումրին էլ մի մարդու պես ձայն տալու լինի միեւնույն թեկնածուին, ինչը բնականաբար բացառվում է, ապա դա հանրապետության մասշտաբով կկազմի ամենաշատը 10 տոկոս։
Ես չեմ կարող կասկածել Կարեն Դեմիրճյանի ազնվագույն եւ օրինակելի հայկական ընտանիքում դաստիարակված մարդու, նաեւ այսօր նրա կողքին կանգնածներից ոչ քչերի հայրենասիրությանը։ Ուստի որպես այս երկրի մի պարզ քաղաքացի ուզում եմ եղբայրաբար դիմել եւ ապավինել պրն Դեմիրճյանի ողջախոհությանըՙ արիաբար վեր կանգնելու այն ամենի գայթակղությունից, ինչը թեկուզ անզգուշաբար կարող է վնասել մեր երկրին եւ ժողովրդին... Դուք Գյումրիում ընտրողներին կոչ արեցիք ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։ Կարծում եմՙ համաձայն կլինեք նաեւ, որ ընտրված նախագահին ոչ թե հանրահավաքի, այլ հանրապետության բոլոր ընտրողների մեծամասնությունը որոշի։
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Ընտրող