ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հիշո՞ւմ եք ինչ էր ասում հանգուցյալ Կարեն Դեմիրճյանը 1998 թ.-ի նախագահական ընտրարշավում իր ընտրողների հետ հանդիպելիսՙ «Ինձ հարցնում ենՙ ուր ա քու թիմը, ես ասում եմՙ ես ըստեղ չեմ եկե ֆուտբոլ խաղալու»։ Միայն իրեն հատուկ համ ու հոտով արտասանված այդ խոսքերը հասարակության կողմից այն ժամանակ ընկալվում էին խանդավառությամբ, բարեմիտ հավատով։ Կարեն Սերոբիչը քաղաքական ասպարեզ է վերադարձել գո՛րծ անելու եւ ոչ թե թիմ-թիմ խաղալու։ Նա եկել է երկիրը «էս փոսից» հանելու, բա՜, նա կարիք չունի թիմի...
Ավա՜ղ, դաժանորեն խզվեց Կարեն Դեմիրճյանի կյանքի թելը եւ ամբողջ մերկությամբ երեւաց նրա թիմ չունենալու «առավելությունը», այսինքնՙ դատարկությունը։ Երկրին ու ժողովրդին մնաց մի խորհրդարան, որի մյուս ճարտարապետըՙ նույնպես դաժանորեն զգետնված Վազգեն Սարգսյանը, կադրային իմաստով նույնպես թիմ չէր բերել հետը։ (Ուժեղ անհատականություններին հաճախ թվում է, որ իրենց անձով կարող են լեցնել բոլոր դատարկությունները)։ Եվ երկիրն ստացավ այն, ինչ հիմա ունենք. խորհրդարանՙ առանց քաղաքական վառ անհատականությունների, եւ դրանից բխած մի կառավարությունՙ առանց պետական մտածողությամբ եւ փորձառությամբ օժտված լուրջ գործիչների, չհաշված մի քանի բացառությունները։
Այժմ եկել է Կարեն Դեմիրճյանի որդինՙ Ստեփանը, եւ հավակնում է հանրապետության նախագահի պաշտոնին։ Բնական ցանկություն, եթե նկատի ունենանք նրա ստացած ընտանեկան դաստիարակությունըՙ շարունակ վերնախավերում լինելու, իշխելու վարժությունը։ Մանավանդ, որ ժառանգել է, մանկուց իրեն քծնողների բանակի հետ, հանգուցյալ հայրիկի արտաքին բարեմասնություններըՙ ձիգ հասակ, կանոնավոր դիմագծեր (բացառությամբՙ երբեմն կասկածելիորեն կկոցվող մի աչքի), առատ մազեր, հայրիկի հեգնական-խրատական ձայնային ինտոնացիան։ Նա հորից գրեթե ժառանգել է նաեւ մի այլ բանՙ խորհրդային հզորագույն ներդրումներով կառուցված «Մարս» գործարանը, որն արդեն 5-6 տարուց ի վեր գոյատեւում էր լոնդոնահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանի վարձակալած տարածքների հաշվին։ Որպես տնօրենը այդ գործարանի, Ստ. Դեմիրճյանը ոչնչով աչքի չի ընկել։ Մինչդեռ, լինելով բավական երիտասարդ, ընդամենը 43 տարեկան, նա բոլոր «կարմիր տնօրեններից» շատ ավելի լավ պիտի զգար իրեն տնտեսական նոր հարաբերություններում։ Մինչդեռ նա մոտ մեկ տարի առաջ հայտարարում էր, որ իր ղեկավարած ձեռնարկությանը ոչ թե ներդրումներ, այլ պատվերներ են պետք։ Այսինքնՙ ուրիշներից պահանջում էր մի բան, որը իր եւ որեւէ տնօրենի գլխավոր պարտականությունն էՙ ապահովել պատվերներ։ Մինչեւ որ 300 մլն ֆունտ ստերլինգ ներդրումով կառուցված «Մարսը» վերջերս տրվեց Ռուսաստանին որպես գույք...
Ստ. Դեմիրճյանը հայրիկից ժառանգել է նաեւ վերջինիս քաղաքական կենսագրության ամենալուրջ սխալներից մեկըՙ 1998 թ. կադրային բանկի խեղճությունը, այլ խոսքովՙ թիմ չունենալը։ Այն տարբերությամբ միայն, որ որդի Դեմիրճյանը չի կարող եւ չի կրկնում հայր Դեմիրճյանի խոսքերըՙ «ես ըստեղ չեմ եկե ֆուտբոլ խաղալու»։ Ընդհակառակն, նա ասում է, որ ունի թիմ, հետեւաբար «ֆուտբոլ խաղալու» ցանկություն եւ ցույց է տալիս իրեն շրջապատողներին, որոնք, ավաղ, իր թիմը չեն եւ որոնց հետ ինքը կապված է ընդամենը վրեժխնդրությանՙ վենդետտային դաշինքով, 1999 հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարությունում հավաքվածների հեղաշրջական մոլուցքով։
Գուցե ինձ առարկեն, որ ընտրվելու դեպքում Ստ. Դեմիրճյանին կհաջողվի, որպես «քաղաքի տղա», կարճ ժամանակում իր հարազատ թիմը հավաքել։ Բայց գործնական կյանքում նման բան չի պատահում։ Վակուումը լեցնելու է արդեն պատրաստ «արարատյան կլանը», որը ծարավի է ոչնչացնելու «ղարաբաղյան կլանին», մինչդեռ այս վերջինն արդեն սկսել է ինտեգրվել համահայաստանյան կառույցներին եւ մտնել քաղաքակիրթ գործընթացի մեջ։
Անկասկած, «արարատյան կլանի» կնքահայրը Արամ Սարգսյանն է։ Ոմանք ցույց են տալիս այս երիտասարդի կենսագրության ողբերգապատահական գլխավոր էջըՙ նա 6 ամիս եղել է Հայաստանի վարչապետ։ Սակայն, ընդունենք կամ ոչ, Հայաստանի պարագայում վարչապետ լինելն ու պետական գործիչ դառնալը տարբեր բաներ են, եւ Ա. Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց պետական գործիչ դառնալ։ (Հիշում եմ նրա ելույթը ՀՅԴ 2000 թ. ընդհանուր ժողովի բացման հանդիսությանը, որը շարժեց նույնիսկ դաշնակցական պատասխանատուների զարմանքը. «Նկատի ունենալով 110-ամյա այս կազմակերպության փորձն ու վաստակը, որոշեցինք սփյուռքի պատասխանատվությունն էլ հանձնել դաշնակցությանը», ասաց նա, ի ցույց հանելով իր խորը անգիտակությունը)։
Մատնացույց են անում նաեւ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին որպես անբասիր (12 տարի արդեն նա իր «ընտանեկան խնայողություններն» է օգտագործում) վարքի տեր անձնավորության, որը տիրապետում է ամերիկյան հերթապահ ժպիտին, լեզվին, ունի փառավոր բեղեր եւ լավագույն հարաբերություններ տարբեր դեսպանատների հետ։ Մեր հասարակության երկփեղկվածության պատճառով բնավ ճիշտ գնահատական չտրվեց նրա 1992 թ. ստամբուլյան ելույթին, որի բովանդակության համաձայնեցված չլինելը երկրի արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուիՙ հանրապետության նախագահի հետ, միջազգային պրակտիկայում պետական ծառայողական անհնազանդության բացառիկ օրինակ կարող է հանդիսանալ։ Մինչդեռ Ստ. Դեմիրճյանը Լեւոն Տեր-Պետրոսյան չէ, ամենեւին, հետեւաբար նրա ընտրվելու դեպքում եւ Ր. Հովհաննիսյանի արտգործնախարար նշանակվելու պարագայում վերջինս անելու է այն, ինչ խելքին փչի։
Մատնացույց են անում եւս մեկ գործչիՙ Վազգեն Մանուկյանին։ Արդարեւ, լուրջ փորձառություն անցած գործիչ է ԱԺՄ առաջնորդը, որին, սակայն, խանգարում են հիվանդագին եսակենտրոնությունը եւ էքսպերիմենտալ մտածողությունը, էքսպերիմենտներ, որ նա ավելի հաճախ կիրառում է ժողովրդի վրա, ինչպես 1991 թ.-ին վարչապետության պաշտոնում, ինչպես 1996 թ.-ինՙ ընդդիմության լիդերի հանգամանքներում, եւ այս օրերին, երբ միացել է վերջին ընտրություններում իրեն խորապես արհամարհած լյումպենին, փորձելով այնտեղից ի մի հավաքել իր կուսակցության բեկորներինՙ ծնունդով ու կենսագրությամբ հեղափոխական Շավարշ Քոչարյանին եւ Արշակ Սադոյանին։ Այլ խոսքովՙ նա թիմի մարդ չէ, թեեւ միշտ սիրել է ի՛ր թիմն ունենալ։
Իսկ Արամ Կարապետյա՞նը, հարց պիտի տաք, չէ՞ որ նա Ռուսաստանի Պետդումայում... եւ այլն։ Կարծում եմ, մի քանի ամիս հետո մենք բոլորս ամբողջովին մոռանալու ենք քաղաքական այս արկածախնդրի ասուպային երեւումը հայոց երկնակամարում։ Չարժե նրա մասին խոսել, ինչպես չարժե անդրադառնալ Մատենադարանի հարթակին կանգնող մանր եւ միջին տրամաչափի մյուս գործիչներին։ Նրանց քաշը զգալի է լինելու միայն ու միայն Ստ. Դեմիրճյանի աջ ու ձախ թեւերի, աջ եւ ձախ ոտքերի համար։
Այսպիսով, եզրափակենքՙ Ստ. Դեմիրճյանը թիմ չունի։ Իսկ եթե ինչ-որ բան ունի, ապա այդ թիմը ոչ թե մեծ ֆուտբոլի, այլ քուչի խաղի համար է։ Թիմ, որտեղ, համենայն դեպս, Ստ. Կարենիչին վերապահված է ոչ թե ավագի, այլ դարպասապահի պարտականություն։