Հայաստանում իր գործունեությունը սկսեց նոր բանկՙ «Արդշինինվեստբանկը»։ Այս բանկն, ամենայն հավանականությամբ, կհամալրի երկրի առաջատար բանկերի շարքը։ Ինչպես բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ժամանակ ասաց նորաստեղծ բանկի վարչության նախագահ Ա. Անդրեասյանը, կանոնադիր կապիտալը 5 մլն դոլար է։ Այսինքնՙ դա կանոնադիր կապիտալի այն նվազագույն չափն է, որ հայկական բանկերը, ըստ ԿԲ պահանջի, պետք է հասցնեն մինչեւ 2005 թ.։ Մինչդեռ, ինչպես նշվեց, վերոնշյալ բանկն արդեն իսկ հիմնադրման պահին ունի այդ կանոնադիր կապիտալը։ Իհարկե, կարեւոր գործոն է, թե ով է բանկի սեփականատերը։ Այդ միտքը նշեց Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը բացման հանդիսության ժամանակ։
«Արդշինինվեստբանկի» հիմնադիրը «Միջազգային բիզնես կենտրոն» ընկերությունն է, որն արդեն հայտնի է Հայաստանում իր ծավալած գործունեությամբ։ Ռուսաստանյան ծագում ունեցող այս ընկերության հայ սեփականատերերն արդեն ձեռք են բերել եւ վերագործարկել 4 ձեռնարկությունՙ «Ալմաստը», «Արաքսը», Ապարանի «Արագածը», Գյումրու քարհատ մեքենաների գործարանը։ Բացի այդ, «Միջազգային բիզնես կենտրոնը» իրականացնում է մի շարք անավարտ վարչական շենքերի շինարարությունը։
Բանկի նորամուտի արարողության ժամանակ ընդգծվեց այն ոգեւորիչ հանգամանքը, որ դա տեղի է ունենում նախագահական ընտրությունների ժամանակ, ինչը վկայում է երկրի տնտեսական կայունության, բարենպաստ գործարար մթնոլորտի մասին։ Այդ մասին մասնավորապես ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Տնտեսության մեջ արձանագրված դրական արդյունքների առկայության փաստը նշեց նաեւ հանդիսությանը մասնակցած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա առանձնացրեց բանկային համակարգում տոկոսադրույքների իջեցումը, երբ հինգ տարի առաջ դրանք 50 տոկոս էին, այժմՙ 10¬12 տոկոս։ Իսկ տվյալ դեպքում, ինչպես նշեց երկրի նախագահը, «Մենք գործ ունենք մի գործարարի հետ, որը մոտ երկու տարի առաջ եկել է Հայաստան, քննարկել բազմաթիվ ծրագրեր, եւ նա իր ստանձնած պարտավորություններն է կատարել, պետություննՙ իր»։
Վերջում ավելացնենք, որ «Արդշինինվեստբանկը» ներդրումային ծրագրեր է իրականացնելու մեր տնտեսության տարբեր ճյուղերումՙ արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա։ Բանկը Հայաստանում նոր, լուրջ վարկային ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ ունի նաեւ ռուսական մի խումբ ներդնողների հետ։
Ա. Մ.