«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2003-03-01 | #41, 2003-03-03 | #42, 2003-03-04


ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՋԱՆՔԵՐՈՎ

Աշխարհասփյուռ հայ համայնքը զորեղ ուժ ունի եւ աջակցում է հայրենիքին տարբեր ուղղություններով։ ՄԱԿ-ն իր զարգացման ծրագրերով կարող էր դառնալ սփյուռքի այն կազմակերպությունների եւ անհատների գործընկերը, որոնք մտահոգված են երկրի ապագայով եւ կամենում են ներդրումներ կատարել։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի եւ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը 2002 թվականից սկսեցին իրականացնել «Մասնակցություն համայնքների հիմնարար զարգացումն իրագործելու համար» նախագիծը, որը նպատակ է հետապնդում նվազեցնելու աղքատության ցուցանիշները երկրումՙ վերանորոգելով սոցիալական ենթակառուցվածքները, բարձրացնելով հասարակական ծառայությունների մատչելիությունն ու չքավոր եւ հետամնաց համայնքների եկամուտները։

ՄԱԿ-ի եւ սփյուռքի համատեղ գործունեության ընթացքում ցայտուն երեւում է նրանց տարբերությունը։ Այսպես, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 4 դպրոցի ներքին ջեռուցման ցանցի վերանորոգման նախագիծն առաջ քաշվեց ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի եւ «Հայ օգնության ընկերության» (Armenian Relief Society) միասնական նախաձեռնությամբ։ 1992¬93 թթ. էներգետիկ ճգնաժամից առաջ դպրոցը միացվեց կենտրոնական ջեռուցման համակարգին։ Սակայն տնտեսական ճգնաժամն ու ֆինանսական միջոցների սղությունը խափանեցին համակարգի աշխատանքը, որի հետեւանքով դպրոցը մեկ տասնամյակից ավելի զրկվեց ջեռուցումից։ Եվ միայն 2002 թվականին, Լոս Անջելեսի «Հայրենիք» միությունը 10.000 դոլար տրամադրեց դպրոցին, որը տնօրենությանը հնարավորություն ընձեռեց կառուցելու կաթսայատուն, տեղադրելու ջրատաքացուցիչներ, եւ կաթսայատունը գազով ապահովելու։ Նրանց աջակցությամբ ներքին ջեռուցման համակարգը տարվա ընթացքում ամբողջությամբ կառուցվեց այնպես, որ բնավ չխանգարեց դպրոցի ուսումնական ընթացքին։ Աշխատանքները կատարվեցին երեկոյան ժամերին եւ կիրակի օրերին։ Դպրոցի շենքի մի թեւն արդեն վերանորոգված է, իսկ մնացածը կավարտվի 2003 թ. մարտին։

«Հայ օգնության ընկերությունը» միջազգային անշահույթ կազմակերպություն է, որ բազմաթիվ նախագծեր է իրականացնում Հայաստանումՙ հիմնականում կենտրոնանալով սոցիալական, տնտեսական, առողջապահական եւ կրթական խնդիրների վրա։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4