Արաբկիր համայնքի 0115/06 ընտրատեղամասը տեղակայված էր թիվ 145 դպրոցի շենքում։ Ճանապարհին հանդիպող մարդկանց հարցուփորձ էի անում իրենց տրամադրության, ընտրությունների ընթացքի մասին։ Անշուշտ, տարբեր էին կարծիքները. նայած ով ինչի էր բախվել կամ չէր բախվել։ Մի բնակչուհի բողոքեց, թե իր անունն այս անգամ չի եղել այն ընտրատեղամասի ցուցակներում, որտեղ ինքը փետրվարի 19-ին քվեարկել է, ուղարկել են Շիրվանզադեի դպրոց, այստեղ նույնպես չի եղել, ապա 130 դպրոց, դատարան պիտի դիմեր, բայց եթե անցած անգամ հատուկ ավտոբուսներ էին տրամադրել, այս անգամ դրանք չկային։ Ընտրացուցակներում շարունակվել են անճշտություններըՙ Հայաստանից բացակայող մարդկանց անուններ, մահացածներ, ազգանվան անճշտություններ եւ այլն։ Նրանք, ովքեր հայտնվել էին անճշտությունների «սահմաններում», զայրացած էին, եւ երբ փորձում էի մի բան հարցնել, նույնիսկ կոպտում էին. «Դրանց ոչինչ մի ասա, այ կին, սֆաթներն ամեն օր տեսնում ենք, կշտացել ենք»։ Կամ «Ի՞նչ եք սեւացնում բոլորինՙ թե՛ անցյալի, թե՛ ներկա իշխանություններին, բոլոր ժամանակներում լավն էլ է եղել, վատն էլ»։ Մյուսն էլ, թեՙ «Ինչի՞ ես միայն Քոչարյանի կողմնակիցներին խոսեցնում» եւ այլն։
0115/06 ընտրատեղամասի նախագահը նշեց, որ 1873 ընտրողներից ժամը 15։00-ի դրությամբ շուրջ 1000-ը մասնակցել էին, որ ամեն ինչ նորմալ է, ուժեղ խախտումներ չեն եղել։ Պրն Դեմիրճյանի վստահված անձը ներկայացրեց մարդկանց ազգանունների մի ցանկ, որոնք ընտրացուցակներում թեեւ կան, բայց իրականության հետ կապ չունեն եւ ներկայացրեց բողոք-դիմում, որ չհրկիզվող պահարանը տեղամաս է բերվել միայն ժ. 13։30-ինՙ իրենց պահանջից հետո, իսկ հանձնաժողովի նախագահը նշեց, որ Ընտրական օրենսգրքում որեւէ բան չկա այն մասին, թե որտեղ պիտի տեղադրվի։
Թիվ 0116/06 եւ 0118/06 ընտրատեղամասերում (130 դպրոց), ըստ հանձնաժողովի նախագահի եւ վստահված անձանց, որեւէ միջադեպ չի արձանագրվել։ Եղել են դիտորդներ ԵԱՀԿ-ից, լրագրողներ, նկարահանումներ են արվել եւ որեւէ արձանագրում չի եղել։ Իսկ ընտրացուցակների հետ բողոքներ, որպես կանոն, բազում են։ Պրն Դեմիրճյանի վստահված անձը կասկածում է, թե խախտումները սովորաբար լինում են 1800¬2000-ը։
Շիրվանզադեի դպրոցում տեղակայված էին 2 ընտրատեղամասՙ 0122/06 եւ 0119/06։ Վերջինիս հանձնաժողովի նախագահն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են արտակարգ, միջադեպեր չեն եղել, եւ դիտորդներն ու լրագրողներն այս նույն կարծիքին են։ Անճշտությունները դատարանի միջոցով կարգավորվել ենՙ վճիռները ներկայացնելով։
0122/06 ընտրատեղամասում առավոտյան արձանագրվել է մի միջադեպ։ Հանձնաժողովի անդամներից մեկն ունեցել է նաեւ տվյալ տեղամասում ընտրելու իրավունք։ Երբ նա մոտեցել է քվեարկելու, վստահված անձը, չիմանալով այդ մասին, նրան թույլ չէր տալիս։ Ընտրացուցակների հետ կապված անճշտություններ, իրոք, եղել են։ Նախագահն այն կարծիքին էր, որ խայտառակ սխալներ կան, մարդիկ, որ 19-ին քվեարկել էին, նրանցից ոմանց անունները չկան, բայց եւ պիտի նկատել, որ ցուցակները մաքրվել են, շտկումներ թաղապետարաններում, այնուամենայնիվ, եղել են։ Զրուցեցի Ստեփան Դեմիրճյանի վստահված անձիՙ Էլեոնորա Մանանդյանի հետ։ «Այս անգամ ավելի խնամքով է արվում ամեն ինչ, ես չեմ ասում, թե ամեն ինչ լավ է ընթանում, հիմա հանձնաժողովի անդամներն են լցնում, ոչ թե կասկածելի դեմքով մարդիկ։ Ինձնից առաջ մեր մյուս վստահված անձն էր դա տեսել։ Ես ժամը 1-ից եմ եկել, տեսա, որ նորից գցեցին, բայց չեմ հասցրել կանգնեցնել։ Մանր խախտումների վրա ուշադրություն չենք դարձնում, բայց երբ ավելի լուրջ խախտումներ են լինում, չենք կարող լռել։ Անցած անգամ ինձ այստեղ քաշքշել են, այսօր բոլորը մոտեցան, թե ուրիշ ձեւով ենք վարվելուՙ ընկերական, իսկ սա տանում է նրան, որ փորձում են խոսեցնել, որ չկարողանաս ուշադրությունդ կենտրոնացնել, սա էլ մեթոդ է, բռնի ձեւերը փոխվել են ավելի քաղաքակիրթ ձեւերիՙ հատուկ ուշադրություն եւ այլն։ Կեղծիքը կեղծիք կմնա. արվում է դա քաղաքավարի, թե բռնի ձեւով»։
Շիրվանզադեի դպրոցի մերձ տարածքում բավական լարված էին հավաքված մարդիկ, իրարամերժ տրամադրություններով, ոստիկանները առաջարկեցին «միտինգն» անցկացնել ընտրատեղամասից 50 մ հեռավորությամբ։
Թիվ 0114/06 եւ 0113/06 ընտրատարածքներում ամեն ինչ ավելի սահուն էր, առանց լուրջ միջադեպերի, նույնը հաստատեց 0114/06-ում Ստեփան Դեմիրճյանի վստահված անձը, իհարկե, արձանագրելով ընտրացուցակների անճշտությունները. դարձյալ դատարանի միջամտության կարիք են ունեցել շուրջ 30 քաղաքացի, իսկ 0113/06-ում պրն Դեմիրճյանի վստահված անձը նկատեց, որ ինքը մեկնաբանություններ անել չի ուզում։ Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ 14 օրը շատ ժամանակ չէր ընտրացուցակների անճշտությունները լրիվ շտկելու համար, իսկ իրենց մոտ 21 ընտրող դիմել է դատարան, իսկ 14-ը վերականգնել են իրենց ընտրական իրավունքները։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ