Մարսելումՙ Բուշ դյու Ռոնի մարզպետարանի դահլիճում, Արվեստի ու գրականության շքանշանի ասպետի տարբերանշաններ են հանձնվել հայտնի դուդուկահար Լեւոն Մինասյանին։ Միջազգային համբավի արժանացած մեր հայրենակցին շքանշանը հանձնել է Ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոել Գերինին։ Փարիզի «Աշխարհ» թերթը նշում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հայտնի արվեստագետներ, Լեւոն Մինասյանի ընտանիքը եւ բարեկամները։
Ժան-Նոել Գերինին իր ելույթում խոսել է հայտնի դուդուկահարի անցած ստեղծագործական ուղու մասին եւ ապա նրան է հանձնել շքանշանը։ Պատասխան ելույթում Լեւոն Մինասյանը շնորհակալության խոսքեր է ուղղել Ֆրանսիայի մշակույթի նախարարին, Ընդհանուր խորհրդի նախագահին, իր տիկնոջը, զավակներին, ծնողներին եւ ամբողջ գերդաստանին։
Այնուհետեւ կայացած համերգային մասում ելույթ է ունեցել ֆրանսահայ երիտասարդական կազմակերպությանՙ ԺԱՖ-ի «Սասուն» նվագախումբը, երգերով հանդես են եկել Լեւոնի քույր Ռոզլինը եւ եղբայր Անդրանիկը, ներկաներին իր դուդուկի «Դլե յամանով» հուզել է ինքըՙ Լեւոն Մինասյանը։ Ապա հրավիրյալների համար կազմակերպվել է թեթեւ ընթրիք։
Պ. Ք.